13  17.06.14 - Էլէներգիայի սակագնի փոփոխման հիմնավորման վերաբերյալ խորհրդարանական լսումներ

Վատ մենեջմե՞նթ, թե` սխալ կանխատեսում. Խորհրդարանական լսումներ էլէներգիայի թանկացման հարցով

Վատ մենեջմե՞նթ, թե` սխալ կանխատեսում. Խորհրդարանական լսումներ էլէներգիայի թանկացման հարցով

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլէներգիայի սակագնի փոփոխման որոշման ու հիմնավորման վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 17-ին խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ներկայացնելով հարցը,հայտարարել է, որ ՀԷՑ-ի ֆինանսական ճեղքվածքը պայմանավորված է անցած տարի վերանորոգումից հետո ԱԷԿ-ի բլոկերից մեկի 88 օր ուշ գործարկվելով. «Ստիպված էինք այդ էժան էլեկտրաէներգիան լրացնել Հրազդան ՋԷԿ-ի ավելի թանկ էլէներգիայով: Այս և մի շարք այլ գործոնների հետևանքով մենք ունեցանք 16,3 մլրդ դրամի վնաս»:

Նա ներկայացրել է նաև այլ թվեր, որոնք վկայում են մի շարք ընկերություններում ֆինանսական ճեղքվածքների մասին, որոնց համար, փաստորեն, պետք է վճարի սպառողը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի սահմաններում:

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվել է Նազարյանից` ինչու չեն վերցրել էժան էլեկտրաէներգիա Երևանի ՋԷԿ-ից և դիմել են ավելի թանկ էլեկտրաէներգիա սպասարկող ընկերությանը:

«Այո, մենք 88 օր 300 մլն կլիվոտա ժամ էլեկտրաէներգիայի բաց ունեցանք: Բայց Երևանի ՋԷԿ-ից չօգտվեցինք, որովհետև նա ռեզերվ չուներ: Իսկ ամենաթանկ էլեկտրաէներգիա ունեցող Հրազդանի ՋԷԿ-ն ունի այնքան ռեզերվներ, որ կարող է սպասարկել Հայաստանի ամբողջ տարածքը»,- բացատրել է Նազարյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հարցը հնչեցնելուց առաջ նախ հայտարարել է, թե արդար կլիներ, եթե լսումներին ներկա լինեին նաև այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնց վատ մենեջմենթի հետևանքով օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման քննարկումների առաջ ենք կանգնել: Այնուհետ հետաքրքրվել է. «Հիշեցրեք` ինչ գնով է վաճառվել ՀԷՑ-ը, ինչ ներդրումներ էին խոստացել անել այս տարիների ընթացքում և ինչքանն է արվել և վերջի վերջո այդ ընկերությունները մազոխիստնե՞ր են, որ 0 տոկոս շահութաբերությամբ շարունակում են աշխատել»:

Զոհրաբյանը նաև հարցրել է, թե որտեղ է գրված, որ նրանց վատ մենեջմենթի արդյունքում ՀՀ քաղաքացի սպառողը հետևանքները պետք է մարի իր գրպանից:

Ի պատասխան Նազարյանը հիշեցրել է, որ 2002-ին ՀԷՑ-ը վաճառվել է 40 մլն դոլարով: Վաճառվելուց հետո մինչև 2006-07թթ-ը որևէ ներդրում ՀԷՑ-ում տեղի չի ունեցել, հետո տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն: Իսկ 2007-ից հետո ներդրումների ամբողջ քանակը կազմում է 80 մլրդ դրամ, դրանց հիմնական մասը նպատակաուղղված է եղել հուսալի և անվտանգ էլեկտրականություն ապահովելուն, անջատումների տևողությունը հասցնելու այն քանակությանը, որն ամրագրված է լիցենզիայով, այն է` ընդհատումները երկու ժամից ավելի լինել չեն կարող Երևան քաղաքում և եթե այդ տևողությունից ավելի է թույլ տալիս ընկերությունը, ապա գործում են տույժեր:

Ինչ վերաբերում է վատ մենեջմենթին, ապա. «Վատ մենեջմենթով չի պայմանավորված սակագնի բարձրացման անհրաժեշտությունը, ընդամենը մեր կանխատեսումներում ենք սխալվել, գրեթե բոլոր ընկերությունները իսկապես աշխատում են 0 շահութաբերությամբ կամ էլ շատ չնչին շահութաբերությամբ»:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնում են ստիպված և, հավանաբար, օգոստոսի 1-ից արդեն կգործի նոր սակագինը: «Դատապարտված ենք բարձրացնել։ Մի փոքրիկ` թեկուզ 0.5%-ի հնարավորություն լիներ, մենք այս քայլին չէինք գնա, մեզ համար էլ շատ դժվար է լսել և՛ լրատվամիջոցների միջոցով տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին, և՛ ժողովրդի վրդովմունքը: Բայց մենք ունենք գործառույթների շրջանակ, և պետք է ապահովենք հուսալի էլեկտրաէներգիա։ Եթե նման թանկացումները ստիպված չանենք՝ երկու-երեք տարում մեզ կարող էիք լիարժեք մեղադրել, թե ինչու այս կայունությունը չեք ապահովել և բերել հասցրել եք այս վիճակին»,- ասել է Նազարյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հետաքրքվել է, թե ինչու է հանձնաժողովը ինքը` սեփական նախաձեռնությամբ առաջարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

«Եթե Դուք հետադարձ հայացք գցեք, ապա կտեսնեք, որ երբևէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում հայտով չի եղել, եղել է հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ: Մենք ունենք պաշտոնական գրություններ բոլոր կայաններից ու ընկերություններից, որոնցում նույնիսկ պահանջվում էր սակագնի բարձրացումը հունվարի մեկից: Բայց մենք ասացինք` տարի փակվի կգնա. Չստացվեց»,- բացատրել է Ռոբերտ Նազարյանը` պաշտոնապես հայտարարելով, որ « բոլոր ընկերություններից ունենք գրություններ պահանջների տեսքով` վերանայել սակագինը», գրում է Panorama.am-ը:

Նաև ահավելել է, որ մասնավորապես 11 ընկերություն է իրենց դիմել նման պահանջով և միայն Որոտանի կասկադը չի դիմել` հասկանալի պատճառով: Նազարյանը նաև հետաքրքրվել է` ինչու գազի սակագնի բարձրացում կարող է լինել, էլեկտրաէներգիայինը` ոչ:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հունիսի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ սակագների խնդիրը սառած խնդիր չէ և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա: Ըստ նրա, այս պահին էներգետիկ համակարգում ստեղծված են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներով` սակավաջուր տարիներ են եղել, որոնց հետևանքով նվազել է հիդրոարտադրանքը, և ալն. «Քննարկումներ ընթանում են և երբ դրանք բերեն նրան, որ սակագին պետք է վերանայվի` կարվի:

Էլէներգիայի վերջին թանկացումից անցել է մեկ տարի՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---