Պարտադիր կուտակայինը կգործի միայն պետծառայողների համար․ Գործադիրը հավանեց օրինագիծը

Պարտադիր կուտակայինը կգործի միայն պետծառայողների համար․ Գործադիրը հավանեց օրինագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի արտահերթ նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Այն վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը:

Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով:

Հունիսի 15-ին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, համաձայն որոնց` 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):

Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում նշել է, որ հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձն է բարձրացվելու: Այս իրողությունը նաև նպատակային սոցիալական վճար սահմանելու հիմք է: «Կառավարության կողմից շատ համարձակ քայլ է հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացմանը 38 մլրդ դրամ հատկացնելը», - շեշտել է վարչապետը:

Հունիսի 18-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ սահմանված կարգով կներկայացվեն օրենքների նախագծերը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցումաշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որսահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը:

«Փաստորեն՝ կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին: Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, և դրա շրջանակներում, կարծում եմ, նաև հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը»,- ասել է նախարարը:

Դիտարկմանը, թե սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, այդ գումարները ստիպողաբար մարդկանց գրպանից գնալու են, սոցապ նախարարը պատասխանել է. «Ոչ, դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»:

Ասատրյանը նշել է, որ պետական աշխատողները չեն կարող հրաժարվել «նպատակային սոցիալական վճար»-ի վերափոխված պարտադիր վճարումներից, գրում է Panorama.am-ը:

«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները հայտարարել են, որ դեմ են այն սկզբունքներին, որով կառավարությունը ցանկանում է ներկայանալ պարտադիր կուտակային օրենքի նոր փաթեթով, որովհետև դրանք ներառում են ոչ թե գործնական քայլեր նախկին օրենքը փոփոխելու ուղղությամբ, այլ նպատակ ունեն տարբեր բառերով նույն համակարգը կիրառել: Շարժման անդամները համաձայն են միմիայն օրենքի կամավոր սկզբունքին:

Կառավարությունում հունիսի 14-ին վարչապետի գլխավորությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են ԱԺ Հանրապետական, ԲՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը քննարկվել են օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը մանրամասնել է, որ աշխատանքային հանդիպմանը նախագծի որևէ գրավոր կամ էլեկտրոնային տարբերակ չի ներկայացվել, քննարկումը եղել է բանավոր։ Ըստ նրա, Կառավարության ներկայացրած հիմնական մոտեցումներից է ոչ պետական հատվածի համար չկիրառել պարտադիր բաղադրիչը, բայց ժամանակավոր՝ մինչև 2017-ի հուլիսի 1-ը։ Ինչ վերաբերում է պետական հատվածին, ապա գործադիրն ուզում է պարտադիր գանձումներ անել այն քաղաքացիներից, ում աշխատավարձը հուլիսի 1-ից պետք է բարձրանա։

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ «պարտադիրը պիտի լինի՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն»։ «Բայց նաև վերապահումով եմ մոտենում, որովհետև մինչև պարտադիրի լինելը պիտի հասարակության հետ աշխատվեր: Հիմա կառավարությունը փորձում է այդ աշխատանքի դաշտը ստեղծել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է նա։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---