Երկու օրում Հալեպում 2 հայ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել

Երկու օրում Հալեպում 2 հայ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը կրկին հրթիռակոծվել է: Ինչպես հայտնում է «Գանձասար» թերթը, զոհվել է Վրեժ Ջաբախչուրյանը: Հունիսի 16-ին նույն թաղամասում զոհվեց 1942 թ. ծնված Սեդա Պասմաչյանը: Վեց մարդ միջին և ծանր աստիճանի վիրավորում է ստացել:

Նախօրեին Հալեպում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի հանդիպումը նահանգապետ Վահիդ Աքքադի հետ: Կարևորելով հայ համայնքի դերը Սիրիայի հասարակական կյանքում՝ զրուցակիցներն անդրադարձել Հալեպի հայ բնակչության խնդիրներին:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) սկսել է #SaveAleppo արշավը: Հայ բնակչությունը, որը կազմում է սիրիական այդ քաղաքի մեկ քառորդը, վերջին օրերին գնդակոծության է ենթարկվում զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածում են աղետի գոտու:

ANCA-ն հորդորում է հեռաձայնել կամ նամակ գրել նախագահ Օբամային և կոչ անել նրան անհապաղ միջամտել՝ առաջին հերթին քրիստոնյաների թաղամասերի գնդակոծությունը դադարեցնելու համար, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա և երրորդը՝ պատասխանել վերջապես ANCA-ի հարցմանը Թուրքիայի դերկատարության մասին Քեսաբի վրա հարձակման գործում:

Եվրոպայի Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչի անունով, կոչ անելով գործել դադարեցնելու համար Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հայ բնակչության զանգվածային ոչնչացումը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---