19 հունիսի 2014 - 15:05 AMT
Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը կգլխավորի այդ երկրի ԱԳ նախարարությունը

Գերագույն ռադան հավանություն է տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցային իր պարտականություններից ազատելու մասին: Նրա տեղը զբաղեցրել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Պավել Կլիմկինը, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան:

Պետության ղեկավարի նախաձեռնությունը լուրջ առարկությունների չի արժանացել: Դեշչիցայի պաշտոնանկության օգտին է քվեարկել 319 մարդ նվազագույն 226-ի դեպքում: Դեմ է քվեարկել միայն «Ազատություն» կուսակցության խմբակցությունն ամբողջ կազմով:

Դեշչիցան գլխավորեց ԱԳՆ-ն նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկումից հետո: Նա «հանրահայտ» դարձավ անցած շաբաթ, երբ մասնակցեց պիկետին Կիևում ՌԴ դեսպանատան մոտ: Պատասխանելով Hromadske ինտերնետ հեռուստաալիքի թղթակցի հարցին, նա վիրավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անվայել արտահայտություններ թույլ տալով նրա հասցեին: Ամբոխն ոգևորությամբ է ընդունել նախարարի պաշտոնակատարի նախաձեռնությունը:

Ինքը Դեշչիցան արդարանում էր, թե փորձել է այդ անսովոր ձևով հանգստացնել ամբոխին, որը մտադիր էր ներխուժել ՌԴ դեսպանատուն:

Մոսկվայում դիվանագետի գործողությունները գնահատեցին ըստ արժանվույն: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ այլևս խոսելիք չունի Դեշչիցայի հետ, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զարմանք է հայտնել քաղաքական գործչի ոչ ադեկվատ պահվածքի կապակցությամբ:

Պավել Կլիմկինը ծնունդով Կուրսկից է, նախագահ Պորոշենկոյի հին ծանոթը՝ նրա հետ նախագահը հասցրել է աշխատել, երբ 2009-2010 թթ. գլխավորում էր ԱԳՆ-ն: Ինչպես նախօրեին ՌԲԿ-ին է պատմել ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն, հատկանշական է, որ Կլիմկինն ընդգրկվել է Ուկրաինայի հարավ-արևելքում կարգավորման շփման խմբի կազմում:

Ուկրաինացի լրագրող Պավել Շերեմետը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրուցյում իր հերթին հիշեցրել է, որ հենց Կլիմկինն է պատրաստել նախորդ իշխանությունների համար Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագիրը: «Մենք հիմա ունենք ազգությամբ ռուս Ուկրաինայի ԱԳ նախարար, որն ավարտել է Մոսկովյան բուհ և եվրաինտեգրման կողմնակից է ու Ուկրաինայի հայրենասեր: Սա դժվար թե տեղավորվի վերջին ամիսների ռուսական քարոզչության կոշտ շրջանակի մեջ»,-հայտարարել է Շերեմետը:

ՌԴ ԱԳՆ-ում Կլիմկինի նշանակմանը դրական են արձագանքել: ԱԳ փոխնախարարը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում նոր ուկրաինացի նախարարին անվանել է «Ուկրաինայի ամենափորձառու և ամենահայտնի դիվանագետներից մեկը»: Կարասինը հաջողություն է մաղթել Կլիմկինին և հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է նրա հետ շփումների:

Photo: grin.com