ԼՂՀ-ի և Արարատի մարտական հենակետերում 2 զինվոր է զոհվել (թարմացված)

ԼՂՀ-ի և Արարատի մարտական հենակետերում 2 զինվոր է զոհվել (թարմացված)

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ի երեկոյան՝ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հայ-ադրբեջանական սահմանագոտում, հունիսի 20-ին՝ հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանությանմարտական հենակետում, երկու զինծառայող է զոհվել։ Նախնական վարկածով՝ ադրբեջանական կողմից արձակված գնդակից Արցախում մահացել է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ ԼՂՀ քաղաքացի Նարեկ Կարոյի Պողոսյանը, PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հայ-ադրբեջանական սահմանագոտում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Միևնույն ժամանակ ադրբեջական լրատվականները հայտնում են, որ հունիսի 19-ի երեկոյան հայկական ԶՈւ ակտիվ կրակահերթ է բացել Ադրբեջանի Թովուզի շրջանի գյուղերի ուղղությամբ, արդյունքում վիրավորվել է 3 մարդ:

ՊՆ մամուլի խոսնակի մեկնաբանմամբ, կրակոցները մեր դիրքապահների կողմից միայն պատասխան են եղել, բայց ադրբեջանական կողմի վիրավորների մասին ոչինչ ասել չի կարող:

Ըստ APA-ի, ադրբեջանական բանակի արևմտյան զորամասերից մեկում լուսադեմին «զինված միջադեպ» է տեղի ունեցել. զինծառայողը հրազենից արձակված կրակոցով իր մի ծառայակցին սպանել է, մեկ ուրիշին` վիրավորել, ապա ինքնասպանություն գործել:

Հակառակորդը երեկոյան մոտ մեկ ու կես ժամ ինտենսիվ գնդակոծել է նաև Տավուշի մարզը։ Ժամը 18:00-ից 19:30-ն Այգեպար գյուղի ուղղությամբ կրակելու արդյունքում բնակիչները նյութական վնաս են կրել, գրում է Life.panorama.am-ը: «Ժամ ու կես անդադար կրակեցին, լռել են միայն այն ժամանակ, երբ մերոնք պատասխանեցին: Գյուղի բնակիչները սովոր են, արդեն գիտեն նման կրակոցների ժամանակ ինչ անել: Անվտանգությունից ելնելով քայլեր են ձեռնարկում»,- ասել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը` նշելով, որ գյուղում իրավիճակը հանգիստ է: Կրակոցներից նյութական վնասները հաշվում են: Մասամբ վնասվել են տների պատերը, տանիքները, որոշ հատվածներում եղած գույքը:

Մովսես գյուղի ուղղությամբ կրակոցները հնչել են ժամը 19:00-ից՝ 21:30-ն ընկած ժամանակահատվածում: Գյուղապետ Արարատ Ավալյանը նշել է, որ իրենց մոտ վնասներ չեն գրանցվել:

Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ), հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից:

«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ: Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջադեպի մասին նախարարությունը կողմից տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, վերջինս հրավիրվել է ՊՆ:

Մայիսի 26-ին շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել փոխգնդապետ Գարիկ Բալայանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---