Т-Model-ից մինչև Brazuca. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների գնդակների էվոլյուցիան

Т-Model-ից մինչև Brazuca. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների գնդակների էվոլյուցիան

PanARMENIAN.Net - Համաշխարհային արդյունաբերության զարգացման որոշակի փուլերում Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակների ձևը, մասնիկները, գույնն ու նկարը մշտապես փոփոխվել են։ Տեխնոլոգիաների զարգացման ու հասարակական կարծիքի և նորաձևության ազդեցության ներքո գնդակների վրա ավելանում կամ պակասում էր կողքի կապիչը, փոփոխվում էին բաղկացուցիչ մասերը, տեխնիկական բնութագիրը, գույնն ու նախշերը։ FURFUR-ը հետևել է արդեն մոտ մեկ դարի պատմություն ունեցող Աշխարհի առաջնությունների գնդակների էվոլյուցիային։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միջազգային մրցույթ է, որն անցկացնում է ՖԻՖԱ-ն՝ համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմինը։ Դրան կարող են մասնակցել ՖԻՖԱ-ի անդամ-երկրների տղամարդկանց ազգային հավաքականները։ Եզրափակիչ մրցաշարն անցնում է 4 տարին մեկ, ինչպես և Օլիմպիական խաղերը։

Առաջին մունդիալին, որն անցնում էր Ուրուգվայում, ֆուտբոլի գնդակը «ցույց տվեց» խաղում իր նշանակությունը։ Առաջնության ֆինալիստները՝ Արգենտինայի ու Ուրուգվայի հավաքականները, բավականին լուրջ վիճեցին, թե որ գնդակով պետք է ընտրեն ամենաուժեղին։ Կազմակերպիչները ստիպված էին փոխզիջման գնալ, որին երկու թիմն էլ կողմ էր։ Այսպիսով, առաջին խաղակեսում նրանք խաղացին Tiento գնդակով, որն իրենց հետ բերել էին հյուրերը, իսկ ընդմիջումից հետո խաղը շարունակվեց ուրուգվայցիների Т-Model-ով։ Այն Tiento-ից ավելի մեծ ու ծանր էր, կարված էր 12 կտորից ու ծանրաքաշ կապիչ ուներ։ Հավանաբար, վեճն անհիմն չէր՝ ի սկզբանե իր դաշտում պարտվելով 1:2 հաշվով, Ուրուգվայի հավաքականը, այնուամենայնիվ, հաղթեց՝ գնդակը փոխելուց հետո ևս երկու գոլ ուղարկելով հակառակորդի դարպասը։ Արդյունքում, առաջին ԱԱ-ի եզրափակիչ հանդիպումն ավարտվեց 2:4 հաշվով տանտերերի օգտին։

Կապիչը, որն այն ժամանակ ֆուտբոլային գնդակների անբաժանելի ու նույնիսկ հարկադիր մասն էր, ֆուտբոլիստների համար բավականին մեծ խնդիր էր։ Նախ այդ կողմից գնդակին խփելիս այն ուժեղ ցավեցնում էր ոտքի բաց հատվածը, հետո էլ, այդ մասնիկը չէր նպաստում աերոդինամիկային․ արդյունքում գնդակը կարող էր թռնել անսպասելի ուղղությամբ։ Federale-ն իտալական ECAS ընկերությունը պատրաստել էր հատուկ ԱԱ-ի համար 13 բազմանկյուններից, որոնք պինդ կարված էին միմյանց։

1938-ի ամռանը ֆրանսիական սիզամարգերի վրա թռնող գնդակն իր անունը ստացել էր հեղինակ-ընկերությունից, որն այդ տարի ԱԱ-ի ատրիբուտիկայի գլխավոր ներկայացուցիչն էր։ Allen-ը նման էր նախորդ մունդիալի գնդակին, բայց դրա կաշվե կտորների եզրերն ավելի կլոր էին, կապիչը՝ մի փոքր ձևափոխված։ Իմիջիայլոց, այդ գնդակը կապիչով վերջին ատրիբուտն էր։ Չորս տարի անց արդեն ձևափոխված գնդակն ազդարարեց մարզական ատրիբուտիկայի նոր դարաշրջանի մեկնարկը։

1942-ի ու 1946-ի Աշխարհի առաջնությունները հասկանալի պատճառներով չկայացան։ Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս Երկրորդ համաշխարհայինն էր, ու հավաքականներն առաջնությունում հավաքելն ուղղակի անհնարին էր։ Բայց արդեն 1950-ին, մոտ տասնամնյա դադարից հետո, մունդիալը փայլուն անցկացվեց Բրազիլիայում։ Գնդակը, ինչպես և մրցաշարի որոշ կանոններ, փոփոխվել էր։ Այն արդեն հնարավոր էր փչել պոմպի ու ասեղի միջոցով։ Կապիչի հետ վերացավ նաև դրա պատճառով գնդակի հետ կոնտակտի ժամանակ ոտքի վնասվածք ստանալու հավանականությունը։

Շվեյցարիայում անցնող Աշխարհի առաջնության գնդակն արտադրել էր Kost Sport ընկերությունը․ այն առաջին անգամ պատրաստված էր 18 կտորից։ Նախորդից այլ տարբերություն դիզայնն ու արտաքին տեսքը չունեին։ Պետք է նշել, որ այդ առաջնությունից հետո ՖԻՖԱ-ն առաջին անգամ սկսեց լուրջ մտածել գնդակի ընտրության ուղղությամբ։ Դրանից հետո բոլոր գնդակները կշռվում էին, կազմակերպիչը խիստ վերահսկում էր նաև չափսն ու տրամագիծը։

Top Star գնդակն արտադրել էր Sydsvenska Läder-och Remfabriken ընկերությունն ու կազմված էր իրար մեջ կարված 24 կտորից։ Կաշվի քանակի ավելացումից բացի շվեդական գնդակը ներկայացված էր երեք գույնով՝ շագանակագույն, նարնջագույն ու սպիտակ։ Դրանից հետո մասնակից երկրները մինչև ԱԱ-ի ավարտը որոշակի քանակությամբ գնդակներ էին ստանում՝ մարզումների ժամանակ այն փորձարկելու համար։

Crack-ը հեղափոխեց մարզական ոլորտը։ Գնդակի հեղինակը՝ Կուստոդիո Զամորան, հրաժարվեց երկայնական շերտեր օգտագործել, որոնցից հավաքվում էր գունդը, ու նախապատվությունը տվեց վեցանկյունիներին։ Նորամուծությանը ոչ միանշանակ մոտեցան՝ եվրոպական հավաքականներն անտարբեր էին գնդակի հանդեպ, իսկ բացող հանդիպման մրցավարը երկրորդ խաղակեսում կարգադրեց փոխարինել «սխալ» մարզական ատրիբուտը։

Challenge 4-Star-ի գունազարդումն ասես «նախազգուշացնում» էր ռոքնռոլային ու անկանխատեսելի մրցաշարի մասին, որտեղ գավաթին առաջին անգամ արժանացան անգլիացիները՝ առաջնությունն ընդունողները։ Չնայած հանդիպումների ընթացքում նախապատվությունը տալիս էին նարնջագույնին, գնդակը մի քանի գույնի էր։ «Սլեզինգեր» ընկերությունը, որը բրիտանական մունդիալի գնդակի հեղինակն էր, հետագայում էստաֆետը փոխանցեց մարզական իրերի հաջորդ արտադրողին՝ գերմանական Adidas-ին, որն էլ մինչև օրս զբաղվում է այդ գործով։

Telstar-ն առաջին անգամ կարեցին 32 կտոր հնգանկյունից, ինչն ազդարարեց Ադի Դասլերի ու նրա ժառանգների ընկերության հեգեմոնիայի դարաշրջանը։ Հենց այնպես չէր, որ Adidas-ը երկգույն գնդակ կարեց մեքսիկական առաջնության համար։ Մեքսիկայում անցնող մունդիալը պատմության մեջ առաջինն էր, որն ամերիկյան Telstar արբանյակը ցուցադրում էր ամբողջ աշխարհում, իսկ երկգույն նույնանուն գնդակը վատ կերևար սևուսպիտակ էկրանին, եթե հակապատկեր գույների չլիներ։

Adidas-ում շատ չէին մտածել Գերմանիայում անցնող առաջնության համար պաշտոնական գնդակ պատրաստելիս։ Ներկայացնելով մեքսիկական Telstar Durlast-ին նման գնդակը, գերմանացիներն ավելի ընդգծեցին նախորդի հաջողությունը, ինչպես նաև ֆուտբոլային նորաձևությունում սահմանեցին «հնգանկյուն» դիզայնի տենդենցը։

Tango գնդակի գունազարդման վրա դիզայներները երկար էին աշխատել։ Սևուսպիտակ ուղղանկյունիները փոխարինվեցին ամբողջովին սպիտակ գույնով, բայց դրա մակերեսին սև գույնի 20 տրիադա կար։ Այդ դիզայնը դարձավ դասական ու XX դարում մունդիալի բոլոր գնդակները նման ձևավորում ունեին։

Մինչև 2002-ի ԱԱ-ն բոլոր գնդակները միանման էին։ Փոխվում էր միայն դրանց բնութագիրն ու աննշան տրիադաների վրայի նկարը։ Իսպանիայում անցնող ԱԱ-ի համար պատրաստված Tango-ն վերջին գնդակն էր, որը գերմանական հսկան պատրաստեց կաշվից․ առավել բարձր խոնավության պայմաններում կարերը պինդ սոսնձվում էին։ Գնդակը չէր թրջվում ու պահպանում էր նախկին քաշը։

Երկրորդ անգամ Մեքսիկայում անցնող մունդիալի գնդակի դիզայնը ստեղծվել էր ացտեկների ճարտարապետության ու մանրանկարների ազդեցության տակ։ Տրիադաների վրա տեղի մշակույթին բնորոշ զարդ կար, որն ընդգծում էր գնդակի ինքնությունն ու հարգանքի տուրք էր հնագույն ժողովրդին։ Բարձր լեռնաշղթայում անցնող խաղերի համար այն էլ ավելի ամրացրին, ինչի համար ֆուտբոլիստները բազմիցս շնորհակալություն հայտնեցին արտադրողին։ Aztec-ն առաջին գնդակն էր, որը պատրաստված էր բացառապես սինթետիկ նյութերից։

Հաջորդ Առաջնությանն ացտեկների տարրերի փոխարեն յուրաքանչյուր տրիադան 3 էտրուսական առյուծի գլուխ «ստացավ»։ Ինչպես ասացին ընկերությունում, գնդակի բնութագիրը կատարելագործվել էր, իսկ արտադրության որակը նոր մակարդակի դուրս եկել։ Etrusco-ն Adidas-ի առաջին գնդակն էր, որի ներքին շերտն արված էր պոլիուրեթանային փրփուրից։

Questra-ն ստեղծողները ֆուտբոլիստների ու երկրպագուների համար արդեն սովորական դարձած տրիադաներում արտացոլել էին աստղերի հանդեպ ամերիկացիների սերը։ Գնդակը զարդարված էր երկնային մարմիններով, աստղերով ու գիսաստղերով։ Հենց դրա անունը՝ Questra-ն, նշանակում էր «ձգտում դեպի աստղերը» (the quest for the stars)։ Այս գնդակն ավելի «լսող» էր՝ թռնում էր ավելի արագ ու հեռու, ինչպես ասում էին 1994-ի ԱԱ-ի մասնակիցները։

Tricolore-ն առաջին գունավոր գնդակն էր․ կապույտն ու կարմիրը փոխարինեցին արդեն դասական դարձած սև գույնը։ Տրիադաների դիզայնում արտացոլված էին Ֆրանսիայի ու այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշները՝ դրոշն ու աքլորի պոչը։ Ներքուստ գնդակը նույնպես պոլիուրեթանային փրփուրից էր, իսկ դրսի կողմից կանոնավոր մատրիցա էր գազալցված ամուր միկրոմասնիկներից։ Այդ նորամուծության նպատակն էր «երկարացնել» գնդակի կյանքը։

Արևելյան երկրներում Առաջնությունն առաջինն էր, որտեղ պաշտոնական գնդակի վրայի տրիադաները փոխարինվեցին ասիական մշակույթով ոգեշնչած երկրաչափական պատկերով։ Արտաքինի փոփոխությունը սկսեցին քննադատել՝ ֆուտբոլային հասարակությունն արդեն սովորել էր տրիադաներին, որոնք գնդակի վրա հայտնվել էին դեռ 1978-ից։

Teamgeist («թիմային ոգի») անվամբ գնդակը մարզական ատրիբուտների պատմության մեջ հերթական էվոլյուցիան առաջացրեց։ Adidas-ն առաջին անգամ շեղվեց 32-կտորանոց դիզայնից՝ ստեղծելով 14 կառուցվածքային կտորից բաղկացած գնդակ։ Ընկերությունը վստահեցնում էր, որ նախկինների համեմատ 60 տոկոսով կրճատվել էին կտորների միացումները, ինչը բարձրացնում էր հարվածի ճշգրտությունը։ Սևուսպիտակ գունազարդումը գերմանացիների խիստ ու կարգապահ խառնվածքի պատվին էր, ոսկեգույնն էլ խորհրդանշում էր աշխարհի գավաթը։

Jabulani բառը, որից էլ առաջացել էր գնդակի անունը, զուլու լեզվով նշանակում էր «բոլորին ուրախություն բերել»։ Ջերմապլաստիկ պոլիուրեթանի առավելությունները, որից պատրաստված էր գնդակը, մասնակից հավաքականների դարպասապահներն իրենց վրա զգացին։ Jabulani-ն, երևի, աշխարհի առաջնությունների միակ գնդակն էր, որը բոլոր երկրների դարպասապահները փնովում էին։

Brazuca բառը բրազիլերենում երկու իմաստ ունի՝ Բրազիլիայում ծնված, բայց արտերկում ապրող քաղաքացիներն են, տեղացիները նաև այդ բառով են արտահայտում ազգային հպարտությունը։ Դիզայնը, ավանդույթի համաձայն, փոփոխվել է՝ մարզական ատրիբուտն արդեն 6 մասնիկ ունի, 12 կար ու միացման 8 կետ։ Այս գնդակը երևի ամենագովազդվածն է։ Բրազիլական մունդիալի մեկնարկից առաջ Brazuca-ն տեսահոլովակների հերոս դարձավ, ինչից հետո նույնիսկ անձնական Twitter-ը «գրանցեց», որտեղ «պատմում է» իր առավելությունների մասին ու «շփվում» ֆուտբոլիստների ու երկրպագուների հետ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---