Կաննի ու Բեռլինի փառատոների գլխավոր մրցանակակիր ֆիլմերը` «Ոսկե ծիրանում»

Կաննի ու Բեռլինի փառատոների գլխավոր մրցանակակիր ֆիլմերը` «Ոսկե ծիրանում»

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում կներկայացվի մոտ հարյուր ֆիլմ: «Փորձում ենք համեստ լինել, բայց հենց հերթը հասնում է արտամրցութային ծրագրերին, համեստությունը նվազում է, մտածում ենք՝ ոնց ենք ցույց տալու այդքան ֆիլմը փոքր թվով դահլիճներում»,-ասուլիսին ասել է «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Նա նշել է, որ բոլոր ծրագրերն ինչ-որ կերպ կապ ունեն Փարաջանովի հետ, և նրա պատվին ներկայացնում են «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագիրը, քանի որ նա էր, որ 60-ականներին կրկին կյանքի կոչեց կինոյի այս ժանրը. «Հիմա ուզում ենք անդրադառնալ ուկրաինական կինոյի այդ ոսկե դարին»:

11-րդ միջազգային փառատոնն անցնելու է հուլիսի 13-20-ը: Այս տարի այն նվիրվում է Սերգեյ Փարաջանովի հիշատակին՝ ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանին: Փառատոնը բացվելու է հենց Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով՝ վերականգնված տարբերակով, որը ցուցադրվել է Կաննի վերջին փառատոնում:

Երևանյան պրեմիերաների ծրագրում կներկայացվեն միջազգային մեծ հնչեղություն ստացած մի շարք ֆիլմեր: Ծրագիրը կներառի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ձմեռային քուն» (ռեժ.՝ Նուրի Բելգի Ջեյլան, Թուրքիա, 2014) ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սևածուխ, բարակ սառույց» ֆիլմը: Կներկայացվի նաև երկու վավերագրական ֆիլմ, որոնցից Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմն է՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն:Քշիշտոֆ Զանուսիի 75-ամյակի կապակցությամբ կցուցադրվի Կաննի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր «Անփոփոխ գործոն» (The Constant Factor, Լեհաստան, 1980) ֆիլմը և ռեժիսորին կհանձնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը:

Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվեն համաշխարհային մեծության հինգ ռեժիսորների ֆիլմերի ընտրանի՝ Սերգեյ Փարաջանով, Կիմ Կի Դուկ, Ցզյա Չժան Կերի, Օթար Իոսելիանի, Ամոս Գիտա: Ի դեպ, «Ոսկե ծիրան»-ը «Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգևատրի Կիմ Կի Դուկին, Ցզյա Չժան Կերիին, Օթար Իոսելիանիին և Ամոս Գիտային, որոնք փառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ: Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունները կիրականացվեն որպես «Հարգանքի տուրք ծրագիր»` ի պատիվ հռչակավոր կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի:

Փառատոնի փակման ֆիլմն է ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» (Goodbye to Language) Կաննի մրցանակակիր ֆիլմը:

Ամենամյա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 2005թ-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Առաջին «Ոսկե ծիրան»-ն անցկացվել է 2004թ-ի հունիսի 30-ից հուլիսի 4-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---