5  23.06.14 - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին
9  23.06.14 - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ
6  23.06.14 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Լավրովն ու Նալբանդյանը` ԼՂՀ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների ու հայ-ռուսական բարեկամության մասին (թարմացված)

Լավրովն ու Նալբանդյանը` ԼՂՀ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների ու հայ-ռուսական բարեկամության մասին (թարմացված)

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 22-ին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են վարել, ինչին հունիսի 23-ին հաջորդել է նախարարների մամուլի ասուլիսը:

ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրին` շեշտելով հակամարտության կարգավորման հարցում հետևողականության անհրաժեշտությունն ու նշելով, որ Ռուսաստանը, լինելով համանախագահող երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի և ՀՀ նախագահների միջև անցյալ տարի ծագած ուղղակի երկխոսությունը լինի շարունակական:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ֆրանսիայի նախագահի գաղափարը՝ Փարիզում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, շատ հստակ էր, այդ թվում նաև իր բովանդակությամբ: Ըստ էության, Բաքվին դուր չի եկել այլ հստակությունը և այլ հստակության են սպասում»,- ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևան կատարած այցի ժամանակ հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Փարիզում կազմակերպել ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, սակայն Ադրբեջանի Ձեր գործընկերը կարծիք է հայտնել, որ իրենց այդ հանդիպման հետ կապված հստակություն է պետք, կասեք ի՞նչ հստակության մասին է խոսքը:

Մայիսին տարածաշրջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց Ֆրանսիայում ընդունել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, վերջին շրջանում Բաքվի սրտով չէ համանախագահների առաջարկությունները, որոնք վերաբերում են նաև հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, դիպուկահարների հեռացմանը, միջադեպերի ուսումնասիրությունների մեխանիզմների ստեղծմանը, նաև այն հայտարարությունները, որոնք ձևավորված են մեկ միասնական փաթեթով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարությունների հիման վրա, գրում է Panorama.am-ը:

Նա հավելել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողից արված առաջարկություններին, որոնք ուղղված են բացառապես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլընտրանք ուղղակիորեն չկա:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ ՌԴ աջակցում է ցանկացած ճիգ, որը կբերի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորումը: Ըստ նրա, ինչքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, այնքան գործընթացը մեծ թափ կստանա:

«Ռուսաստանը կարող է և փորձում է անել ամեն ինչ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում»,- ասել է նախարար Նալբանդյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե հաշվի առնելով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում ձևավորված լավ հարաբերությունները, արդյոք կարող է ՌԴ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Նալբանդյանն նշել է, որ Սերգեյ Լավրովը ներկա է եղել 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչը նույնպես խորհրդանշում է ՌԴ-ի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

«Ռուսաստանը, նաև այդ գործընթացին աջակցող այլ երկրները, հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտել են տարբեր հայտարարություններով, այն է՝ առանց նախապայմանների պետք է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, իրականացնել այն պայմանները, որոնք կան արձանագրություններում»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավրովն իր հերթին հաստատել է, որ ՌԴ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը. «Արձանագրությունները ստորագրելուց առաջ էլ, հետո էլ մենք պատրաստակամություն ենք հայտնել մեր ներդրումն ունենալ այն բոլոր ձևաչափերում, որոնք կբավարարեն Հայաստանին և Թուրքիային»:

Անդրադառնալով տնտեսությանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերն է, 2013-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 10-ից ավելի տոկոսով` կազմելով 1 մլրդ 445 մլն դոլար: ԱԳ նախարարի հավաստմամբ` ՌԴ-ն ՀՀ-ի տնտեսության մեջ կարևորագույն ներդրողն է, գրում է «Առավոտը»:

Նախարարը նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ քննարկել են ՌԴ միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխություններին վերաբերող հարցեր, ԼՂ հակամարտության կարգավորման, Ուկրաինայում, Իրաքում, Սիրիայում գոյություն ունեցող իրավիճակն ու այլ հարցեր: «Մեր հարաբերությունները Հայաստանի հետ գործընկերային, ռազմավարական դաշնակցի հարաբերություններ են, դրանք հինվում են բարեկամության և փոխօգնության վրա»,- նկատել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական հարաբերությունները, ասել, որ հուլիսի սկզբին ՌԴ-ում սպասում են ՀՀ ԱԺ նախագահին:

Այնուհետև Սերգեյ Լավրովին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով հյուրին՝ նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը և ըստ նախագահի, անկասկած է, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը շատ լուրջ խթան կհաղորդի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչև հումանիտար ոլորտում համագործակցությունը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է ակտիվ և լուրջ աշխատանքի, քանի որ միայն նման մոտեցումն է համապատասխանում երկու ժողովուրդների միջև պատմական ավանդույթներին և, իհարկե, ժամանակի ընթացքում ձևավորված դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին:

ՌԴ արտգործնախարարն էլ հավաստիացրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ նա ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաև Մոսկվայում մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ: Սերգեյ Լավրովը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը և՛ երկկողմ ձևաչափով՝ օրակարգի առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, և՛ հայ-ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են և հուսալի բարեկամներ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում:

ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ:

ՌԴ արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաև ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանգամանորեն քննարկել են բոլոր ուղղություններով հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշել երկկողմ և բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա անելիքները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---