Օտարերկրացի գործարարների համար ՌԴ քաղաքացիություն ստանալն այսուհետ ավելի հեշտ կլինի

Օտարերկրացի գործարարների համար ՌԴ քաղաքացիություն ստանալն այսուհետ ավելի հեշտ կլինի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով երկրի տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց որոշ կատեգորիաների համար հեշտացվում է ՌԴ քաղաքացիություն ստանալը: «ՌԴ նախագահը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը», որն ընդունվել էր 2014-ի հունիսի 11-ին և Դաշնության խորհրդի հավանությանն արժանացել հունիսի 18-ին»,- ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:

Օրենքը միտված է ՌԴ քաղաքացիության շնորհման պարզեցմանն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող այն անձանց համար, որոնք բնակվում են երկրի տարածքում, գործարարներ են, ներդրողներ, որակյալ մասնագետներ, ՌԴ կրթական հաստատությունների շրջանավարտներ: Օրենքը նաև տարածվում է այն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, որոնք մշտապես բնակվում են ՌԴ տարածքում և ճանաչվել են ռուսալեզու:

Վլադիմիր Պուտինը ևս մեկ օրենք է ստորագրել, համաձայն որի օտարերկրացի լրագրողները, որոնք եկել են աշխատելու ԶԼՄ-ներում, այլևս պարտավոր չեն տիրապետել ռուսերենին, իմանալ Ռուսաստանի պատմությունն ու ռուսական օրենսդրության հիմքերը:

Ինչպես պարզաբանում է Nia-rf.ru-ն, ՏՏ ոլորտի օտարերկրյա մասնագետներն ու այն ԶԼՄ-ների լրագրողները, որոնք ստեղծվել են հատուկ օտար լեզուներով տեղեկատվություն տարածելու համար, ավելի հեշտությամբ աշխատանք կգտնեն Ռուսաստանում:

Ըստ փոփոխությունների, նվազագույն աշխատավարձը նվազեցվել է 2 մլն ռուբլուց մինչև 1 մլն: Այժմ բաձրորակ մասնագետ է համարվում օտարերկրացին, որն ունի աշխատանքային փորձ, հմտություններ կամ նվաճումներ կոնկրետ ոլորտում, եթե նրա աշխատանքային գործունեութունը ՌԴ-ում ենթադրում է 1 և ավելի միլիոն ռուսական ռուբլի աշխատավարձ կամ պարգևատրում:

Գործատուն կամ ծառայությունների պատվիրատուն ինքն է գնահատում օտարերկրյա քաղաքացիների իրավասությունն ու որակավորման մակարդակը և պատասխանատու է հնարավոր ռիսկերի համար:

Ապրիլի 21-ին նախագահ Պուտինը ստորագրել էր ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը: Օրենքով՝ Ռուսաստանում ժամանակավոր կեցության կամ աշխատանքի համար դիմող օտարերկրացիները պարտավոր են հաստատել ռուսերենի իրենց իմացությունը, գրում է ITAR-TASS-ը:

Ապրիլի 16-ին ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել օրենքում նախատեսվող փոփոխություններին, որոնք կպարզեցնեն քաղաքացիության տրամադրումը ռուսալեզու հայրենակիցներին: Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատում հավանության արժանացած փաստաթուղթը պարզեցնում է ՌԴ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննության կարգն ու կրճատում է ժամկետը ռուսալեզու այն հայրենակիցների համար, որոնց «հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»:

Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակության հաստատումը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը:

Օրենքի առանցքային դրույթ է համարվում արտերկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ռուսաց լեզվի կրողներ համարելը: Ըստ փաստաթղթի, անձը ռուսալեզու կարող է ճանաչվել համապատասխան հանձնաժողովում հարցազրույցից հետո, որը ձևավորում է ՌԴ ԴՄԾ-ն:

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԴՄԾ ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան, «հատուկ հանձնաժողովում կընդգրկվեն կրթության ոլորտում աշխատող մասնագետներ ու ռուսաց լեզվի մասնագետներ»: «Հանձնաժողովը նպատակ չի ունենալու գնահատել հայցորդի գրագիտությունը, օրինակ, թելադրության միջոցով, հիմնական չափանիշը կլինի ազատ տիրապետումն ու լեզվի կիրառումն առօրյա կյանքում»,- պարզաբանել է նա:

Հրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից՝ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով առանց պահպանելու ՌԴ տարածքում 5 տարի մշտական բնակության պահանջը բնակվելու իրավունքի հիման վրա և անհրաժեշտ մակարդակով ռուսաց լեզվին տիրապետելու հիման վրա: Բացի այդ նման քաղաքացիների համար նոր հիմք է առաջանում վիզաների տրամադրման համար՝ ռուսալեզու ճանաչված անձանց մուտքը ՌԴ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու նպատակով արագացնելու համար: Նշված անձանց վիզայի այդ տեսակը կտրամադրվի 1 տարով: Ռուսալեզու ճանաչված օտարերկրացիների համար երկարացվում է ՌԴ տարածքում ժամանակավոր կացության ժամկետը, եթե նրանք դիմում են ներկայացրել ՌԴ քաղաքացիություն կամ, բնակվելու իրավունք ստանալու համար: Բնակվելու իրավունք անձանց այս կատեգորիային տրվում է 3 տարի ժամկետով առանց ժամանակավոր կացության թույլտվություն նախապես ստանալու, սակայն չեղյալ է համարվում, եթե նշված անձը երկու տարում դիմում չի տվել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

Ապրիլի 5-ին Ռուսաստանի Պետդուման միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որով ռուսալեզու հայրենակիցների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվում: Ըստ նոր կարգի ՌԴ քաղաքացիության տրամադրման այսպես կոչված «պարզեցված» կարգը վերաբերում է այն անձանց, որոնք հանդիսանում են ռուսաց լեզվի կրողներ, եթե վերջիններս հրաժարվեն նախկին քաղաքացիությունից: Ընդ որում առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու ավելի բարդ կարգ, քան գործողն է: ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին որոշումը կախվածության մեջ է հայտնվում այն երկրից, որի քաղաքացիությունն ունի դիմողը: քաղաքագետ և հրապարակախոս Եգոր Խոլմոգորովը պարզաբանել է, թե հատկապես ով է կարող հավակնել ՌԴ քաղաքացիության: Առաջինը, ըստ նրա, ընդունված օրինագիծը «հույս է տալիս, որ օրենքի հետ կապված ամենահոռետեսական սպասումները կյանքի չեն կոչվի: Չէ՞ որ սկզբում ենթադրվում էր, որ քաղաքացիություն ստանալու իրավունք կստանան բոլոր նրանք, ում նախնիներն ապրել են նախկին Ռուսական կայսրության, նախկին ԽՍՀՄ տարածքում և այլն: Փաստորեն, դա սպառնում էր միլիոնավոր աշխատանքային ներգաղթյալների օրինականացմամբ»: «Սակայն արդյունքում այդ դրույթը շտկվեց և այժմ խոսքը գնում է միայն նրանց մասին, ում նախնիներն ապրել են ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եթե, օրինակ, նախնիներն եղել են Վլադիմիրի շրջանից, բայց հետո տեղափոխվել Միջին Ասիա, ապա մարդը ստանում է համապատասխան իրավունքներ, իսկ եթե տասը սերունդ ապրել է Բուխարայում կամ Սամարկանդում, ապա փաստը, որ այդ տարածքները ժամանակավորապես հայտնվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքում, ոչ մի կերպ չի ազդում քաղաքացիություն ստանալու իրավունքի վրա»,- ասել է Խոլմոգորովը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---