Բրյուսելում աշխատանքն է սկսում ԵՄ գագաթնաժողովը

Բրյուսելում աշխատանքն է սկսում ԵՄ գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Բրյուսելում մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը, որտեղ խոսք է գնալու Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Եվրամիության նոր ղեկավարության նշանակման մասին:

Հունիսի 27-ին տեղի կունենա Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերի և Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման արարողությունը: Հետո արդեն առանց գործընկեր երկրների ղեկավարների ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը, ՌԴ դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարությունը, ԵՄ էներգետիկ անվտանգության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև ԵՄ-ում զբաղվածության ու տնտեսական աճի խթանման հնարավորությունները: Բացի այդ, Եվրամիության առաջնորդները կհաստատեն 2015 թ. հունվարի 1-ից Լիտվային եվրոյի գոտում ընդգրկելու հարցը:

ԵՄ 28 երկրների առաջնորդները կհավաքվեն բելգիական Իպր քաղաքում, որտեղ տեղի կունենա հիշատակի արարողություն՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու 100-ամյակին:

ԵՄ առաջնորդները պետք է որոշեն ղեկավար պաշտոնների հավակնորդների թեկնածությունները: Այդ հարցը գլխավորը կլինի այս հավաքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բարոզուի պաշտոնի համար գլխավոր հավակնորդը, որը կղեկավարի Եվրահանձնաժողովը 2014-2019 թթ., Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերն է: Ըստ 2009 թ. Լիսաբոնի պայմանագրի, պետությունների ղեկավարները Եվրահանձնաժողովի նախագահին նշանակելիս պետք է հաշվի առնեն Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները: Սակայն հստակ կանոնակարգ փաստաթղթում սահմանված չէ: Յունկերը նոր գումարման Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) թեկնածուն է: Նրա թեկնածությունն այս կամ այն չափով ընդունելի է պետությունների բոլոր ղեկավարների համար բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի: Չափավոր եվրահոռետես Քեմերոնի համար Եվրախմբի նախկին ղեկավարն ու եվրոպական արժույթի ստեղծողներից մեկը՝ Յունկերը, մարմնավորում է Մեծ Բրիտանիայի հանդեպ անբարյացակամ ու «հին» Եվրոպան:

Եվրախորհրդի նախագահի պաշտոնի ֆավորիտն այժմ համարվում է Դանիայի վարչապետ, սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Հելլե Թորնինգ-Շմիդտը: Նրա օգտին է ոչ միայն ժողովրդականությունը եվրոպական միջավայրում: ԵՄ առաջնորդները ձգտում են բարձրագույն պաշտոններում պահպանել հավասարակշռությունը Եվրամիության քաղաքական ուժերի, կանանց ու տղամարդկանց, տարբեր աշխարհագրական տարածաշրջանների ներկայացուցիչների միջև: Բոլոր այդ չափանիշներին համապատասխանում է Դանիայի վարչապետը, որը կարող է լավ «զույգ» լինել Յունկերին:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնին հավանաբար կփոխարինի Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին կամ նրա հոլանդացի պաշտոնակից Ֆրանս Տիմմերմանսը:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի ղեկավարին, ապա այստեղ կարող է երկարացվել գործող նախագահ, գերմանացի Մարտին Շուլցի մանդատը, որի օգտին հանդես է գալիս Գերմանիան: Սակայն, ամեն դեպքում Շուլցին պետք է «փոխարինող» գտնել քանի որ Եվրախորհրդարանի նախագահի մանդատը ոչ թե 5 տարի է ուժ մեջ, այլ 2,5: Որպես հավանական փոխարինող Շուլցին 2017 թ. մի շարք թեկնածուների են նշում, այդ թվում ազատականների խմբակցության նախագահ ու Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆսթադի անունը:

Մինչդեռ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հասկանա, որ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի ասոցացման մասին համաձայնագրերն ԵՄ հետ բացասական ազդեցություն կունենան ԱՊՀ ազատ առևտրի գոտու համար, ըստ ԱՀԿ կանոնների կընդունվեն պաշտպանական միջոցներ: «Կարևորն այն է, որ երբ որ պայմանագրերն ուժի մեջ մտնեն և մենք հասկանանք, որ դա բացասաբար է անդրադառնում ԱՊՀ ազատ առևտրի գոտու վրա, մենք, անշուշտ, պաշտպանական միջոցներ կձեռնարկենք ըստ ԱՀԿ կանոնների»,-ասել է Լավրովը: Ըստ նրա, նախնական շփումները եղել են խոսակցությունների մակարդակով, կոնկրետ, աշխատանքային գործընթաց չի եղել:

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցությունների ցանկացած ձևաչափով, ավելին, կոչ է անում կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Մենք ոչ թե ուղղակի պատրաստ ենք, մենք կոչ ենք անում նրանց, և Բարոզուն խոստացավ մեր նախագահին հեռախոսազրույցում, որ մինչ այս գագաթնաժողովն անպայման խորհրդակցությունների շարք կլինի, բայց դեռ ոչինչ չի արվում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Եվրոպական Միությունը կամ Եվրամիությունը եզակի միջկառավարական և վերազգային կազմավորում է, որն ընդգրկում է 28 անդամ երկրներ։ Եվրոպական Միությունը հիմնվել է 1992թ. Եվրոպական Միության մասին Պայմանագրով (Մաաստրիխտի պայմանագիր)։

Իր լիազորությունների բնույթով Եվրոպական Միությունը հանդես է գալիս որպես քաղաքական իշխանության կազմակերպություն, որի լիազորությունների ծավալը ժամանակի հետ ավելի է մեծանում։

Միության ինստիտուտները հրատարակում են նորմատիվային ակտեր, որոնք չեն պահանջում վավերացում և համապարտադիր են, հնարավոր է ամեն անգամ ի հեճուկս առանձին անդամ պետությունների կամքի։

Միության միասնական արժույթի՝ եվրոյի, մուտքով անդամ պետություններից այս կազմակերպության իրավասության ներքո անցան դրամավարկային քաղաքականության վճռորոշ հարցերը՝ ներառյալ դրամական արժեթղթերի թողարկումը։ Շենգենյան համաձայնագրի և դրա վրա հիմնված շենգենյան իրավունքի կանոնները սկզբնական շրջանում տարածվում էին միայն 5 անդամ պետության վրա, սակայն 2001թ մարտի 25-ից հետո դրանց թիվը դարձավ 13: Այդ ժամանակից ի վեր «Շենգենյան գոտին» ընդգրկում է Միության բոլոր երկրները, բացի երկուսից՝ Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---