Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լիբանանում կվերակառուցվեն ու կնորոգվեն հայկական հուշարձանները

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լիբանանում կվերակառուցվեն ու կնորոգվեն հայկական հուշարձանները

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարել է երեք նախագծերի իրականացման մասին: Առաջին նախագիծը 1965 թ. Հայոց ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ Լիբանանի Բիկֆայա քաղաքում կանգնեցված բրոնզե հուշակոթողի վերակառուցումն է: Մերձակա տարածքը կընդլայնվի, կկանգնեցվի նոր պատ ցեղասպանության իրագործման հսկայական քարտեզով, կլինի նաև փոքր մատուռ: Նորին սրբություն Արամ Առաջինը հրավիրում է հայ բարերարներին իրենց ավանդը ներդնել նախագծի իրագործման համար:

Կվերակառուցվի նաև Բիբլոսի «Թռչնի բույնը», որը պատմական հուշարձանների շարքին է դասվում: Նախկին որբանոցում թանգարան կգործի, որտեղ կներկայացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ընտանիքների անդամների ու ժառանգների փաստաթղթերը, լուսանկարները, անձնական իրերը:

Թանգարանում արդեն կան այն որբերի իրերը, որոնց ցեղասպանությունից հետո Լիբանան էին բերել դանիացի միսիոներները:

Եվ երրորդ նախագիծը նահատակների մատուռն է Անթիլիասում: Մատուռը կառուցվել է 1936 թվականին և ավելի ուշ վերանորոգվել է 1993 և 2007-ին: Այն ամբողջապես կվերակառուցվի 2015-ի աղոթքին նախապատրաստելու շրջանակում:

«Թռչնի բույնը» հայտնվեց շնորհիվ ազգությամբ դանիացի Մարիա Յակոբսենի բարեսիրական առաքելության: Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարեց բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները, Մարիա Յակոբսենը զրկվեց այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվեց որբահավաքությամբ։ 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար)։ 1928 թ. որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբ-որբուհիների, արժանացել է «Մամա» անվանը։

Մարիա Յակոբսենը մահացել է 1960 թ. ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում: Աշխատանքը շարունակեցին նար օգնականներն, իսկ 1970-ին «Թռչնի բույնն» իր հովանու տակ վերցրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---