Ալիևի կյանքում նշանակություն ունեն միայն ու միայն նավթադոլարները

Ալիևի կյանքում նշանակություն ունեն միայն ու միայն նավթադոլարները

PanARMENIAN.Net - Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում մոռանալ Իլհամ Ալիևի ելույթը ԵԽԽՎ-ում: Փառաբանությունների տարափը շարունակվում է՝ կարծես թե բոլոր հնարավոր ու անհնար համեմատություններն ու բնորոշումներն արդեն օգտագործվել են ու ժամանակն է արդեն ուղղակի լռելու: Բայց ոչ, այդպիսինը չեն ադրբեջանական պատգամավորներն ու քաղաքագետները: Նրանք արդեն մեկ շաբաթ շարունակ կրկնում են Ալիևի մանտրաները՝ Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է, քաղբանտարկյալներ չկան, տնտեսությունը վերելք է ապրում և այլն, և այլն: Հայ մեկնաբանները չգիտես ինչու անընդհատ կրկնում են, թե Ալիևի հայտարարությունները հասցեագրված են ներքին լսարանին, բայց արդյո՞ք իրոք այդպես է: Հազիվ թե շարքային ադրբեջանցիները, որոնք մտահոգված են հացի խնդրով ու մի կերպ ապրուստի կարիքները հոգալով, լսում են իրենց նախագահին: Բաքվի բնակիչներից բացի, այն էլ ոչ բոլորի, Ադրբեջանում լճացում է տիրում, պայմանավորված նավթադոլարներով ու մշուշոտ գազային նախագծերով, որոնք էլ ավելի կհարստացնեն «կայսրին մոտ կանգնած անձանց»: Անհամար գազի պաշարներով պարծեցող հանրապետությունում հաճախ են գազի ու էլեկտրականության անջատումները: Գյուղերից շատերում նույնիսկ գազամուղ չկա: Փոխարենը կա համազգային առաջնորդի «մեծն ու իմաստուն» որդին, որի ստախոսությունը բացահայտեցին ԵԽԽՎ-ում: Եվ Ալիևի համար դա այնքան անսպասելի էր, որ նա մատ թափ տվեց եվրոպացի պատգամավորի վրա: Իսկ դա արդեն բոլոր ընդունելի սահմաններից դուրս է:

Մինչդեռ Index on Censorship-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը ԵԽԽՎ-ում ճշմարտության ոչ մի բառ չէր պարունակում: Ըստ խմբագիր Պատրիկ Ռեյդի, Ալիևը հայտարարեց թե իր երկրում իբր պահպանվում են մարդու իրավունքները, խոսքի, ԶԼՄ-ների ազատությունը, պատմեց Ադրբեջանում «լավատեսական մթնոլորտի» մասին և կյանքի բոլոր ոլորտներում սպասվելիք առաջընթացի մասին: «Նույն հաջողությամբ նա կարող էր պարծենալ քվիդիչի ազգային հավաքականի հաղթանակով կամ հեքիաթային հերոսների հետ իր արկածներով: Դա, գուցե, ավելի ճշմարտանման կլիներ»,-ասել է Ռեյդին:

Ադրբեջանի մասին Ճշմարտությունը բավականին տարբերվում է այն պատկերից, որը ներկայացրել է երկրի նախագահը: Ինչպես հայտարարել է Human Rights Watch կազմակերպությունը, վերջին երկու տարում Ադրբեջանի իշխանությունները կիրառել են կամ սպառնացել են կիրառել քրեական մեղադրանքներ առնվազն 40 քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների ու իրավապաշտպանների նկատմամբ, որոնց մեծ մասն այժմ ճաղերի ետևում է:

«Ոչ միայն Ադրբեջանի նախագահին է հատուկ բացահայտ ստելը: Դա խորհրդային տարիներին բնորոշ բան է, կոմունիստական կուսակցության ու ՊԱԿ-ի ոճը: Երբ առաջնորդն ինչ-որ բան է ասում, կնշանակի, դա ճշմարիտ է, և բոլորովին կարևոր չէ, որ իրականությունը միանգամայն այլ է: Քաղաքական գործիչների համար սուտը սովորական բան է: Սակայն, եթե ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչները ստում են թաքցնելու համար ինչ-որ առանձին անձնական կամ ինստիտուցիոնալ թերությունները, ապա բռնատիրական երկրներում, որտեղ իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում և նրա շրջապատի, գոյություն չունեն «առանձին սխալներ»: Համարվում է, որ բոլոր հաղթանակները պատկանում են առաջնորդին, ցանկացած քննադատություն քարոզչություն է, բոլոր ձախողումները՝ սաբոտաժ»,-գրում է Index on Censorship-ը և դրա հետ հնարավոր չէ չհամաձայնվել:

Ալիևի վարքագիծն ինչ-որ տեղ հասկանալի է՝ հոր դաստիարակությունը գումարած սեփական բացառիկության գերչափազանցված զգացողությունը: Նա, հավանաբար, չի նկատում իր քաղաքացիների ամենօրյա մարդասպանությունները, սպանությունները բանակում, բնակչության համատարած փախուստը Թուրքիա ու Ռուսաստան:

Իլհամ Ալիևի համար կյանքում նշանակություն ունեն միայն ու միայն նավթադոլարները: Իսկ հայ ժողովրդի հասցեին ամենօրյա դարձած լուտանքներն իրոք նախատեսված են ներքին լսարանի համար: Ինչում իրոք հաջողության է հասել Ալիևը՝ «թշնամու կերպարի» ստեղծման մեջ: Ի դեպ, Հեյդար Ալիևն ավելի զուսպ էր իր արտահայտությունների մեջ, թեև որդուց պակաս հայատյաց չէր: Բայց նա հին դպրոց էր անցել ի դեմս ՊԱԿ-ի, իսկ Իլհամն անհաջող ուսուցիչներ ուներ ի դեմս Թուրքիայի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---