Բրիտանացի պատգամավորն Ալիևի մասին. Նա պոռոտախոս է ու ռազմական գործողություններ ծրագրող խառնակիչ

Բրիտանացի պատգամավորն Ալիևի մասին. Նա պոռոտախոս է ու ռազմական գործողություններ ծրագրող խառնակիչ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ստրասբուրգում իրեն դրսևորեց որպես պոռոտախոս ու կռվարար: Այդ մասին ասվում է բրիտանացի պատգամավոր Փոլ Ֆլինի հոդվածում, որը հրապարակվել է Covcas bulletin հանդեսի կայքում:

Ֆլինը նշում է, որ նա 30 վայրկյան ուներ Ալիևին հարց տալու համար Ստրասբուրգի նիստում և նա հարցրեց. «Ես հանդիպել եմ բլոգերների ու լրագրողների, որոնց Ադրբեջանում ձերբակալել են կեղծ մեղադրանքների հիման վրա: Ընտրությունները կեղծված էին: Կնշանակի արդյո՞ք ձեր նախագահությունը Եվրոպայի խորհրդում, որ Ադրբեջանը կբարձրացնի մարդու իրավունքների մակարդակը մինչև ԵԽ չափանիշները, թե չափանիշները կնվազեն՝ հասնելով ձեր տխուր մակարդակին»:

«Նա դուրս եկավ ափերից, ինչպես և մյուս բոլոր անհարմար հարցերի դեպքում»,-գրում է Ֆլինը:

Ըստ բրիտանացի խորհրդարանականի, Ալիևիը պետք է ծանոթանար ԵԱՀԿ զեկույցին 2013 թ. նախագահական ընտրությունների մասին, որտեղ ասվում է, որ հոկտեմբերի 9-ի ընտրություններն անցել են լուրջ խախտումներով: Խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերի 58 տոկոսում, իսկ լցոնումների դեպքեր արձանագրվել են 37 ընտրատեղամասերում: «Եվ այս ընտրություններն Ալիևը գնահատում է որպես արդար»,-ասել է պատգամավորը: Հեղինակը գրում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում էին, որ Ադրբեջանը հարմար չէ Եվրոպայի խորհրդի նախագահի դերի համար:

Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը հեգնանքի արժանի է համարել այն փաստը, որ Ադրբեջանն այս պահին նախագահում է ԵԽ-ում՝ կազմակերպության, որի չափանիշները մշտապես խախտում է: «Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը չպետք է բաց թողնի Իլհամ Ալիևին կոչ անելու հնարավորությունը, որպեսզի վերջինս ազատ արձակի մարդկանց, որոնք ճաղերի ետևում են հայտնվել միայն սեփական կարծիքը հայտնելու համար»,-ասել է նա:

Փոլ Ֆլինը գրում է, որ Ադրբեջանում շարունակվում են լրագրողների ու բոլգերների ձերբակալությունները, իսկ Ալիևի կողմից ափսոսանքի նշյուլ անգամ չի երևում: «Նա պարծեցավ, որ անցյալ տարի միայն 800 մարդ է դուրս եկել իր նախագահ ընտրվելու դեմ բողոքի ցույցին: Դա զարմանալի չէ, հաշվի առնելով, որ նախորդ ցուցարարները ծեծի ենթարկվեցին Ալիևի ոստիկանության կողմից»,-ասել է պատգամավորը:

Ըստ նրա, նավթային հարստությունն Ալիևն օգտագործում է աշխարհն իր կողմը գրավելու համար: Իր խոսքում Ադրբեջանի նախագահը նաև բողոքեց, թե Արևմուտքը բավարար չափով չի միջամտում ղարաբաղյան կարգավորմանը: Ընդ որում նա ինչ-որ գործողություններ ակնարկեց:

«Դիտորդները մտավախություն ունեն, որ, հավանաբար, նա ինչ-որ ռազմական գործողություններ է ծրագրում: Մեզ մնում է հուսալ, որ հակամարտությունը սառեցված կմնա, և արյունահեղությունից հնարավոր կլինի խուսափել»,-հայտարարել է բրիտանացի խորհրդարանականը, հայտնում է Panorama.am-ը:

ԵԽԽՎ լիագումար նիստում Ադրբեջանի նախագահի ելույթը ոչ մի բանով չի տարբերվել սովորաբար նրա շուրթերից հնչող և տարածվող ապատեղեկատվությունից, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը` նշելով, որ ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ, երբ եվրոպացիներն Ալիևին բազմաթիվ հարցեր են ուղղել, վերջինը բավական նյարդայնացած է եղել:

«Այդ հոգեվիճակը հատկապես սրվում էր այն հարցերի ժամանակ, որոնք վերաբերում էին իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին: Մասնավորապես, իրլանդացի պատվիրակը հարցում մատնանշեց, թե Amnesty International-ի տվյալներով երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, ինչին Ալիևն արձագանքել է մերժման մեխանիզմով` սուտ եք ասում, ձեզ սովորեցրել են հարցը տալ և այլն»,- պատմել է Արփինե Հովհաննիսյանը: Նույն հարցը` Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների մասով, բարձրաձայնել է նաև բրիտանացի պատվիրակը, ինչն Ալիևին այնքան է հունից հանել, որ նա, մեղադրելով եվրոպացի պատվիրակին սուտ խոսելու համար, անգամ մատ է թափ տվել նրա վրա.

«Այս փաստը մեծ դժգոհություն առաջացրեց դահլիճում, սպասենք, թե ինչպիսի արձագանք կլինի այդ ելույթին: Վստահ եմ, որ եվրոպացի գործընկերներիս մոտ նվազագույնը տարակուսանք առաջացրեց, թե ինչպես կարող է ժողովրդավար երկրի նախագահը, մի երկրի, որը նաև ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող է նման վարքագիծ դրսևորել»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով հայկական պատվիրակության կողմից կայացրած որոշմանը, ըստ որի որևէ հարց Ալիևին չեն ուղղելու, Հովհաննիսյանն ասել է. «Անկասկած դա ճիշտ որոշում էր, հատկապես այսպիսի տրամադրվածության դեպքում, երբ պարզ, միջազգային կազմակերպությունների կողմից փաստված տվյալների հիման վրա Ալիևին հարց է ուղղում եվրոպացի պատվիրակը, և նա այնպիսի խիստ, ագրեսիվ տոնով է արձագանքում և մեղադրում եվրոպացի պատգամավորին ստելու մեջ, այս պարագայում Հայաստանի պատվիրակության կողմից հնչեցված ցանկացած հարց նշանակում էր Ալիևին տալ շանս վիրավորելու և պատվիրակության անդամներին, և մեր երկիրը և մեր սկզբունքային դիրքորոշումների վերաբերյալ խայտառակ տեսակետներ հնչեցնելու»,- հավելել է Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահի ելույթից հետո Արփինե Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել էր` Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանը իր ողջ հմայքով:

«Նրա ելույթը սկսելուց առաջ ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորը իր բացման խոսքում մի քանի կարևոր շեշտադրում արեց, մասնավորապես , որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում, որ չնայած տնտեսական աճին, եթե երկիրը խնդիր ունի մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ, չի հաջողի, և այլն: Ինչպես ասում են, բայց ում ես ինչ ասում, Ալիևը չափազանց շատ էր նեղսրտում, երբ իրեն հարցնում էին երկրում քաղբանտարկյալների առկայությունից խոսքի ազատության բացակայությունից և այլն ցավոտ հարցերից, այնքան որ սկսեց մատ թափ տալ եվրոպացիների վրա»,- գրել է նա:

Photo: Covcasbulletin.info
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---