40 մլն դոլար՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի ֆինանսավորում

40 մլն դոլար՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի ֆինանսավորում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի և Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը:

Հայաստանում Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ էներգամատակարարման ենթակառուցվածքների շահագործման միջին ժամկետը շուրջ 45 տարի է և վերջին տասնամյակների ընթացքում հիմնանորոգումներ ու վերազինումներ տեղ չեն գտել: Ներկայումս ընթացքի մեջ գտնվող Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը նպատակ ունի մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը՝ էներգափոխանցման ցանցի հիմնական ենթակառուցվածքների թողունակության բարելավման միջոցով: Փոխարինման ընթացքում է գտնվում էներգափոխանցման լարերի շուրջ 230կմ հատված՝ Հրազդանի ՋԷԿ-ից մինչև Շինուհայր ենթակայան: Այս ներդրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանա թողունակությունն ու հուսալիությունը՝ նվազեցնելով գծի խափանումները և դրա հետ կապված էներգամատակարարման ընդհատումները:

«Ընտրված ենթակայանների վերակառուցմամբ համակարգը կդառնա առավել հուսալի ու խնայող, որի անմիջական օգուտները կզգան Հայաստանի բոլոր էներգասպառողները, արդյունքում հնարավոր կլինի խուսափել հոսանքի ընդհատումների հաճախակիացումից, որը զգալի սոցիալական ու տնտեսական ծախսեր է առաջացնում»,-ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին:

Տրամադրվող ֆինանսավորումն ուղղվում է ներդրումային կարիքների շարքում առաջնայնություն ստացած ենթակառուցվածքներին: Պահանջվում է «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցում ու ընդարձակում, ինչն հույժ կարևոր է Երևանի արևմտյան մասի բաշխիչ ենթակայանների ու սպառողների համար հուսալի էներգամատակարարում ապահովելու համար: «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանները սպասարկում են Հայաստանի հյուսիսային ու հյուսիս-արևելյան հատվածի բնակիչ-սպառողներին ու խոշոր արդյունաբերական սպառողներին: «Չարենցավան-3» ենթակայանը նաև գործում է որպես փոխանցող կայան՝ 6 այլ ենթակայանների համար:

Այս երեք ենթակայանների վերակառուցման և ընդարձակման աշխատանքներին անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հնարավորինս շուտ: Կառույցների մի շարք առանցքային հատվածների և հիմնական սարքավորումների շահագործման ընդունված ժամկետները վաղուց անցել են և դրանց հաճախակի խափանումները կարող են հանգեցնել զգալի բացասական հետևանքների: Մասնավորապես՝ որոշ ենթակայաններում կան սարքավորումներ, որ մոնտաժվել են դեռևս 1930-ականներին ու երբևէ չեն թարմացվել:

«Ընթացքի մեջ գտնվող ծրագրի շրջանակում կատարելագործվել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կարողությունները, և այս ընկերությունը կշարունակի մնալ որպես իրականացնող կառույց նաև այս փուլում, սա կարևոր է իրականացման արդյունավետության և նոր ներդրումների կենսունակության ապահովման համար»,-ասել է ՀԲ ծրագրային թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը:

Ծրագիրը հիմնվում է Համաշխարհային բանկի կուտակած փորձի և նախկինում Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքներից քաղած դասերի, ինչպես նաև այլ երկրներում իրականացրած էներգափոխանցման համակարգին առնչվող ծրագրերի վրա:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 50 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության ներդրումն է: Համաշխարհային բանկը տրամադրում է 40 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար:

Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովում հուլիսի 1-ին կայացել է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով նիստը, որի արդյունքում էլէներգիան օգոստոսի 1-ից 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով թանկացնելու որոշում է ընդունվել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հունիսի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ սակագների խնդիրը սառած խնդիր չէ և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա: Ըստ նրա, այս պահին էներգետիկ համակարգում ստեղծված են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներով` սակավաջուր տարիներ են եղել, որոնց հետևանքով նվազել է հիդրոարտադրանքը, և ալն. «Քննարկումներ ընթանում են և երբ դրանք բերեն նրան, որ սակագին պետք է վերանայվի` կարվի:

Էլէներգիայի վերջին թանկացումից անցել է մեկ տարի՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---