Նիդերլանդների Օվերեյսել մարզի խորհրդարանը դատապարտել է հակահայկական ցույցն ու Ցեղասպանության ժխտումը

Նիդերլանդների Օվերեյսել մարզի խորհրդարանը դատապարտել է հակահայկական ցույցն ու Ցեղասպանության ժխտումը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների Օվերեյսել մարզի խորհրդարանը հուլիսի 2-ի նիստում ընդունել է բանաձև, որտեղ արտահայտված է խորհրդարանի դիրքորոշումը հունիսի 1-ին թուրքական կազմակերպությունների բողոքի ցույցի հանդեպ, որն ուղղված էր Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ: Այդ ցույցի ընթացքում հայ ժողովրդի հասցեին անարգալից, զրպարտական և վիրավորական արտահայտություններ են հնչել, կոպտորեն հերքվել է Հայոց ցեղասպանությունը: Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP), Ազատության համար կուսակցություն (PVV) և Քրիստոնյա դեմոկրատական կոչ (CDA) խմբակցությունների պատգամավորների ներկայացրած բանաձևը վկայակոչում է 1915-1918 թթ. Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների և պոնտացի հույների) գազանաբարո ջարդերը:

Այս տարի Նիդերլանդների Ալմելո քաղաքում հայկական եկեղեցուն կից` եկեղեցու սեփական հողամասում, կառուցվել է Մեծ Եղեռնին նվիրվածհուշահամալիր (16 թեք խաչքար շրջանաձև տեղադրված, մեջտեղում կլոր կրակաման շուրջ մեկ մետր շառավիղով): Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել ապրիլի 24-ին:

Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամներից մեկը, ծագումով թուրք, տեղեկանալով այս նոր կառույցի մասին, հրահրել էր թուրքերին, որ ցույց կազմակերպեն հուշարձանի բացման օրը, բողոքելով «ցեղասպանություն-գենոցիդ» բառի առկայության դեմ: Այդ ցույցը, որին մասնակցել են շուրջ 200 մարդ, տեղի է ունեցել ապրիլի 24-ին Ալմելոյի քաղաքապետարանի մոտ: Դրանով չբավարարվելով` Թուրքիայի հյուպատոսը ժողովել է բոլոր թուրքական կազմակերպությունները և հրահանգել, որ մեծ ցույց կազմակերպեն Ալմելոյում հունիսի 1-ին` քաղաքապետարանից պահանջելով ջնջել տալ «գենոցիդ» բառը:

Ցույցի ընթացքում ցուցարարները բղավել են լոզունգներ հայերի դեմ, ինչպես օրինակ «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը», հնչել է օսմանյան հաղթանակի քայլերգը, օսմանյան կարմիր տարազներով շեփորահարների կատարմամբ և այլն: Սակայն ընդհարումներ ցույցի ժամանակ չեն եղել:

Բանաձևը դատապարտում է ցեղասպանությունը ժխտողների բողոքի ցույցը և հայտնում, որ ընդունում է Հայոց ցեղասպանությունը` անդրադառնալով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևին: Սրանով մարզային խորհրդարանը հայերին ազդանշան է տալիս, որ զոհերի ոգեկոչման արժանի վայր ունենալու իրավունք ունեն:

2014 թ. հունիսի 1-ի թուրքական հանրահավաքի արտահայտությունների դեմ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբը) անցած շաբաթ գանգատ են ներկայացրել Նիդերլանդների իրավապահ մարմիններին:

Ալմելոյի եկեղեցական խորհուրդը հրատարակել է հայտարարություն` դատապարտելով ցույցը և պահանջելով ցեղասպանության հերքումը պատժել օրենքով:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կապվել է թե խորհրդարանի պատգամավորների և թե Ինտեգրացիայի և սոցապ նախարար Աշերի հետ` պահանջելով հետազոտություն կատարել թուրքերի նմանատիպ աշխատանքների մասին և կանխել ապագա ազգամիջյան անախորժությունները Թուրքիայից ներմուծված գաղափարախոսությամբ:

Հայկական կազմակերպությունները քննարում են դատարանին դիմելու նպատակահարմարությունը` թուրքերի կողմից ցեղասպանությունը ժխտելով հոլանդահայերին վիրավորանք հասցնելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---