Կառավարությունը համաձայն է. ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում կաշխատեն առանց լրացուցիչ թույլտվության

Կառավարությունը համաձայն է. ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում կաշխատեն առանց լրացուցիչ թույլտվության

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը կդյուրացնեն քաղաքացիների և աշխատանքային միգրանտների փոխայցելությունները: ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում համաձայնություն է տվել երկու համաձայնագրերի կնքմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի տարածքում հայ միգրանտների գտնվելու և աշխատելու կարգի դյուրացմանը: Դրանք են՝ ՌԴ-ի տարածքում ՀՀ քաղաքացիների և Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում նախատեսված փոփոխությունները:

«Առաջին համաձայնագրով նախատեսվում է, որ երկրի տարածք մուտք գործելուց հետո քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Այսօր ՌԴ մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները պարտավոր են 7 օրվա ընթացքում հաշվառման կանգնել, և եթե ժամկետները խախտվում են, ապա բացասական հետևանքներ են լինում՝ ընդհուպ մինչև երեք տարով մուտքի արգելք», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ համաձայնագիրն ավելի կարևոր հարցեր է լուծում, մասնավորապես՝ երկրի քաղաքացիները կարող են աշխատել Հայաստանի և Ռուսաստանի տարածքում առանց լրացուցիչ թույլտվության:

Եգանյանը նշել է, որ այսօր Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի քաղաքացիները դիմում են համապատասխան մարմիններ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, վճարելով որոշակի տուրքեր և որոշ ժամանակ անց ստանում պատասխան՝ դրական կամ բացասական, գրում է Arka գործակալությունը:

«Համաձայնագրով նախատեսվում է բացառել այդ կարգը Հայաստանի քաղաքացիների համար: Աշխատաշուկան և պայմանները նույնն են դառնում ինչպես Հայաստանում ՌԴ քաղաքացիների համար, այնպես էլ հակառակը», - մանրամասնել է Եգանյանը:

Աշխատանքային պայմանագրի գործողության ժամանակահատվածում համարվում է, որ անձը Ռուսաստանի տարածքում գտնվում է օրինական, և ոչ միայն նա, այլև` նրա ընտանիքի անդամները.

«Հաշվի առնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միգրացիոն հոսքերը հեռանկարային նշանակություն ունեն մեր երկրի համար, այս բարենպաստ պայմանները կդյուրացնեն մեր շատ քաղաքացիների այցելությունները»:

Հայկական կողմն ավարտել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման առաջին փուլը, սակայն Ռուսաստանում այն դեռ համաձայնեցման փուլում է: Եգանյանի խոսքով՝ տեքստերը համաձայնեցված են, և պետական մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ՝ փաստաթղթերի շուտափույթ ստորագրման համար:

Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների կողմից համաձայնագրերի վավերացումից հետո աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները: Միաժամանակ նախատեսվում է բոլոր փաստաթղթերը հաստատել ՄՄ Հայաստանի պաշտոնական մուտքի ավարտից առաջ:

Ապրիլի 8-ին երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև փաստաթուղթ է ստորագրվել, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցությանն ու աշխատանքային գործունեությանը վերաբերող խնդիրները: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ապրիլի 10-ին, կառավարության նիստից հետո հայտարարել է, որ հարցերից մեկը վերաբերում է աշխատող միգրանտների իրավական կարգավիճակին. «Կողմերի տարածքներում քաղաքացիներն առանց աշխատանքի թույլատվության կարող են աշխատանքային գործունեություն ծավալել, այսինքն՝ աշխատաշուկան բացվում է»: Եգանյանը մանրամասնել է, որ այլևս կարիք չի լինելու ստանալ աշխատանքի թույլտվություն, պետական տուրք վճարել, տեղեկանքներ ներկայացնել, միայն աշխատանքային պայմանագրի կարիք է լինելու: Համաձայնագիրը նախատեսված է նաև Մաքսային միության իրավապայմանագրային բազայով: Բայց նկատի ունենալով, որ Մաքսային միությանը միանալու պարագայում այդ նորմն ամենայն հավանականությամբ կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից, խնդիր է դրվել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ դրանք հնարավորինս արագ երկկողմ հիմքի վրա կիրառվեն:

Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգով միգրանտների մասին օրենքում ուղղումներ էին արվել, որոնցով մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, այդ ժամկետի լրանալուց հետո նորից երկիր կարելի է վերադառնալ 180 օրից: Մինչև այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք և մի քանի օրից նորից վերադառնալ ՌԴ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---