Ատոմակայանը 45 օր չի աշխատի. Նախարարի խոսքով` էլէներգիան էլ ավելի չի թանկանա

Ատոմակայանը 45 օր չի աշխատի. Նախարարի խոսքով` էլէներգիան էլ ավելի չի թանկանա

PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պլանային նորոգմամբ պայմանավորված սեպտեմբերի սկզբից սկսած 45 օրով կդադարեցնի աշխատանքը: Հուլիսի 4-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է ՀԱԷԿ, որտեղ տեղի է ունեցել բաժնետերերի տարեկան հաշվետու ժողովը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքը հաղորդում է, որ ժողովի ընթացքում ներկայացվել է 2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև, 2014 թվականի սեպտեմբերին նախատեսված վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար իրականացվող աշխատանքների ընթացքը:

ՀԱԷԿ-ում կատարած շրջայցից հետո, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանը հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների համար կտրամադրի 300 մլն դոլար վարկ: Նրա խոսքով` Ռուսաստանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «Խոսքը ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկավորման մասին է»,- ասել է նախարարը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` այդ թվում ատոմակայանին վերաբերող: « Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար վերցնել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ», - նշել էր վարչապետը:

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի սեպտեմբերին սպասվող հերթական պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված կայանի աշխատանքի դադարեցմանը՝ նախարարն ասել է, որ պետք է փորձեն հնարավորինս կրճատել այդ ժամկետները, քանի որ կայանի ժամանակավոր կանգնեցումը լուրջ հետևանքներ է ունենում:

«Իհարկե, դա չպետք է լինի անվտանգության հաշվին»,- ասել է նախարարը և վստահեցրել, որ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգումն ազդեցություն չի ունենա արդեն իսկ բարձրացված սակագների վրա, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագները բարձրացնելիս արդեն իսկ հաշվարկել էր նաև այդ աշխատանքները:

Նախորդ տարի չնախատեսված կանգառների հետևանքով մոտավորապես 320 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա քիչ էր արտադրվել ՀԱԷԿ-ում, ինչի հետևանքով ՀԷՑ-ն ավելի թանկ էլեկտրաէներգիա էր գնել «Հրազդան ՋԷԿ»-ից և Հրազդանի 5-րդ էներգաբլոկից:

ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասել է նախարարը:

Նախարարն անդրադարձել է նաև նոր ատոմակայանի կառուցմանը՝ տեղեկացնելով, որ նոր բլոկի արժեքը կկազմի մոտ 4,5 մլրդ դոլար: «Դրա մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը մենք կլրացնենք այլ երկրների հետ բանակցություների արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով»,- ասել է նա։

Երվանդ Զախարյանը նաև նշել է, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին:

Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովում հուլիսի 1-ին կայացել է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով նիստը, որի արդյունքում էլէներգիան օգոստոսի 1-ից 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով թանկացնելու որոշում է ընդունվել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հունիսի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ սակագների խնդիրը սառած խնդիր չէ և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա: Ըստ նրա, այս պահին էներգետիկ համակարգում ստեղծված են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներով` սակավաջուր տարիներ են եղել, որոնց հետևանքով նվազել է հիդրոարտադրանքը, և ալն. «Քննարկումներ ընթանում են և երբ դրանք բերեն նրան, որ սակագին պետք է վերանայվի` կարվի:

2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել:

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրին, նշել է` հազիվ թե Հայաստանում լինի մի մարդ, որ կողմի լինի էլեկտրաէներգիայի թանկացմանը:

«Առաջին հերթին դա վերաբերում է ՀԾԿՀ-ին. ամենադեմը եղել է հանձնաժողովը: Պատահական չէր, որ հանձնաժողովի նիստից առաջ շատ երկար քննարկում է եղել, և ելքերն էին փնտրում: Հանձնաժողովը մինչև վերջ ընդդիմացել է: Վերջնական արդյունքում համոզվել են, որ այլընտրանք չկա, և եկել եզրակացությանը, որ այդ թանկացումը պետք է լինի այս փուլում»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Իսկ հնարավո՞ր է, որ մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի հարցը կրկին վերանայվի. այս խոսակցություններին անդրադառնալով «Հանրապետական» խմբակցության ղեկավարը նշել է, թե նման խնդիր չկա:

« Ամեն ինչի պատասխանը չէ, որ մենք ունենք: Կա կազմակերպություն, և այդ կազմակերպությանը մենք հասկացրել ենք, որ սա խոպան չէ, որ գաք, ձեր ցանկացած կամքը թելադրեք, և մենք այդ ամեն ինչը բարդենք սպառողների վրա»,-հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը, գրում է Tert.am-ը:

Հուլիսի 3-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրիլրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի և Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---