12 ավիաընկերություն շահագրգռված է մուտք գործել հայկական շուկա

12 ավիաընկերություն շահագրգռված է մուտք գործել հայկական շուկա

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամն էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մտադիր է Routes Silk Road 2014 համաժողովի շրջանակում բանակցել 12 ավիաընկերության հետ, որոնք շահահգրգռված են մուտք գործելու հայկական շուկա, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հուլիսի 6-8-ը մասնակցում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Routes Silk Road 2014 համաժողովին:

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության խթանման և ՀՀ Կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության ուղղությամբ իրականացվող քայլերն ու արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաների հետ ՀՀ կապակցվածության մակարդակի բարձրացման հեռանկարները:

Routes Silk Road-ը համակենտրոնացնում է Ասիայի, ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ:

Միջոցառմանը մասնակցում է ավիացիայի ոլորտի մոտ 250 մասնագետ, 35 ավիաընկերության, 45 օդանավակայանի ներկայացուցիչ, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

2013-ի հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի աստիճանաբար ազատականացման ռազմավարությունը: Արդեն հոկտեմբերի 23–ին հաստատվել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---