Մահացել է PanARMENIAN.Net-ի թղթակից Կարինե Տեր-Սահակյանը

Մահացել է PanARMENIAN.Net-ի թղթակից Կարինե Տեր-Սահակյանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին մահացել է Կարինե Տեր-Սահակյանը՝ թղթակից ու մեկնաբան, որը PanARMENIAN.Net ում աշխատել է մի ամբողջ 8 տարի։

Մասնագիտական կյանքում՝ լրագրող, ում Հայաստանում ճանաչում էին գրեթե բոլորը, դրսում՝ շատերը։ Իր գործի վարպետ, ով տանել չէր կարողանում ոչ պրոֆեսիոնալիզմը, դատարկ պոռոտախոսությունն ու առավել ևս՝ պլագիատը։ Միգուցե, նա ավելի քննադատական էր վերաբերվում ուրիշների սխալներին, քան պետք էր, ու տանել չէր կարողանում մասնագիտական կոպտությունը։ Նրան գիտեին ու հարգում էին ոչ միայն գործընկերներն ու ընթերցողները, մասնագիտական կարծիքն էլ լսում թե քաղաքագետները, թե փորձագետները։

Կյանքում՝ բարի մարդ, ով ոչ մեկին վատություն չէր ցանկանում։ Մարդ, ով, չնայած տարիքին, միշտ էլ 20 տարեկան էր։ Երկու օրից՝ հուլիսի 10-ին, նա կդառնար 57 տարեկան։ Իրենից վախենում էին սրության համար, բայց նույն բանի համար էլ հարգում՝ միշտ մարդկանց դեմքին ասում էր այն ամենը, ինչ մտածում էր։ Ու դա նրա բնավորության ամենաարժեքավոր գծերից էր։ Նա ուղղակի չէր կարողանում նեղացած մնալ, ու երբ ինչ-որ մեկին չէր սիրում՝ չէր ձևացնում, սիրելիս՝ նույնպես։

Նա բազմաթիվ պլաններ ուներ՝ թե մասնագիտական, թե անձնական։ Դեռ ինչքա՜ն հոդվածներ պետք է գրեր, ինչքա՜ն վայրեր այցելեր, ինչքա՜ն նոր բաներ տեսներ․․․ Առջևում երկար տարիներ էին։

Ընթերցողները կկարոտեն նրա սուր հոդվածները, լիրիկական էսսեներն ու քննադատական կարծիքները։ Մենք բոլորս՝ ընկերները, գործընկերներն ու ծանոթները, կկարոտենք իր խռպոտ ձայնը, պատանեկան ոգևորությունը, անչար սարկազմը, մտերիմ խոսակցությունները, ընդհանուր պլաններն ու սաստիկ բանավեճերը։

Մարդը ողջ է, քանի դեռ նրա մասին հիշում են։

Կառա, մենք մի՜շտ կհիշենք քեզ։

Կիսում ենք վիշտը որդու ու ընտանիքի բոլոր անդամների հետ․․․
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---