Պաշտպանության նախարարը` դիվերսիաների, գնդակոծվող գյուղերի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին

Պաշտպանության նախարարը` դիվերսիաների, գնդակոծվող գյուղերի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտելու, խաղաղ բնակչության վրա կրակ բացելու և դիվերսիաներ անելու հարցում կարծես փոխել է մարտավարությունը, և հակառակորդի կողմից սահմանային խախտումների ավելացման առումով տարին առանձնահատուկ էր: Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է թե' դիվերսիոն խմբերի, թե՛ դիպուկահարների կրակոցների միջոցով:

Նախօրեին հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված հենակետ այցելության ժամանակ տված մամուլի ասուլիսում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նման տեսակետ հայտնելով, հավելել է, որ արդեն ավանդական ուղղություններից բացի հակառակորդը գործողություններ է իրականացնում սահմանի այլ հատվածներում, կրակ բացում այն գյուղերի վրա, որոնք մշտական գնդակոծության տակ չեն եղել:

Նա այս քայլն անվանել է հայկական կողմի վրա ազդելու նոր փնտրտուք: Բայց, ըստ նախարարի, դրանք անկասկած բարձրացնում են մեր հրամանատարների հսկողությունը, և այդ փորձությունները մեզ մշտապես զգոն վիճակում են պահում:

«Ցանկացած պետության պաշտպանության համար պատասխանատու պաշտոնյայի համար, մինչև որևէ հանձնարարություն տալը, իրադրության գնահատումը, սթափ որոշումներ ընդունելն ամենակարևոր խնդիրներից մեկն է: Նրանք պետք է հաշվի առնեն, որ այդ հանձնարարությունները կարող են ձնագնդի էֆեկտ ունենալ, հակառակ կողմից քառապատկվել ու բումերանգի նման հարվածել իրենց»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:

Նա նշել է, որ Հայաստանի զինված ուժերը, մարտական հերթապահություն իրականացնող ամբողջ անձնակազմը պատասխանում է միայն ու միայն նպատակային կրակոցներին, և այդ պատասխանները շատ դեպքերում լինում են հուժկու, անհամաչափ:

«Ոչ նպատակային կրակոցներին երբևէ չենք պատասխանում: Եթե Ադրբեջանի կողմից նպատակային կրակոցներն ավելանան, ապա ցավալի, հուժկու հարվածը նրանք իրենց մաշկի վրա կզգան: Մենք հակառակորդի խաղաղ բնակավայրերը չենք գնդակոծել: Խիստ պատժելու ենք այն զինծառայողներին, ովքեր մեր բնակավայրերի վրա կրակներ են արձակում: Պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք զինծառայողների կյանքերի հետ: Չգիտեմ` Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բարոյական ինչ նորմերով է ուղղորդվում, միգուցե նրանք իրենց աշխատասենյակներում նստած համակարգչային խաղ են խաղում, բայց մեզ համար յուրաքանչյուր զինծառայողի կյանքը, յուրաքանչյուր անհատի անձնական ապահովությունը բացարձակ արժեքներ են»,- վստահեցրել է նախարարը:

Նախարարի գնահատմամբ` խախտումները բանակցային գործընթացը խաթարելու փորձ են. «Չհասկանալով, որ միակողմանի պարտադրանքն անհնար է, նրանք լարում են իրավիճակը: Պարտադրած պատերազմում ունեցել ենք հաջողություն: Այժմ նրանք պարտադրում են ուժերի, սպառազինության մրցավազք: Միայն երկկխոսության միջոցով, վստահության եզրերի ձևավորման արդյունքում հնարավոր կլինի ստեղծել մթնոլորտ բանակցային գործընթացն առաջ տանելու համար, իսկ դա դիպուկահարների հետ քաշելն է, դիվերսիոն հետախուզություններից հրաժարվելը և սահմանին զոհերի վերաբերյալ միջազգային հետաքննության անցկացնումը»,- հայտնում է «Երկիր մեդիան»:

Հարցին` ինչու պարբերաբար դիտարկումներ անցկացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը չի տեսնում ու նկատում հայկական բնակավայրերի վրա արձակված կրակոցներն ու դրանց հետքերը, նախարարը պատասխանել է.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է ԼՂՀ խնդրով, և նրանց աշխատանքի շնորհիվ արդեն երկար տարիներ թեկուզ հարաբերական, բայց խաղաղ անդորրը կարողանում ենք պահպանել: Կառուցողական մոտեցման շնորհիվ մենք կարող ենք հարցի լուծման վերջնական եզրագծին հասնել, ընդ որում` հաշվի առնելով, որ հակամարտության գործում հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, հարցի լուծման վերջնագծում կարող է այնպես լինել, որ մենք ԼՂՀ կողմի հետ նորից սկսենք զրոյից»,- գրում է Panorama.am-ը:

Նախարարի ասուլիսից ժամեր անց հակառակորդը կրկին ակտիվացել է. Ադրբեջանական կողմը գիշերը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ և 4 ժամ շարունակ կրակի տակ պահել բնակավայրը:

«Կրակոցներ են եղել մինչև գիշերը ժամը 1:30-ը: Թեթևակի վնասներ են` տանիք, պատուհան: Ժողովուրդն արդեն սովորել է, պաշտպանվում են: Գիշերային ժամերին լույսերն անջատում ենք, մի տեղ պատսպարվում»,- նշել է Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---