Սուխումը դեմ չէ երկաթուղու վերաբացմանը, բայց Աբխազիայի անկախության ճանաչման դեպքում

Սուխումը դեմ չէ երկաթուղու վերաբացմանը, բայց Աբխազիայի անկախության ճանաչման դեպքում

PanARMENIAN.Net - Աբխազիան դեմ չէ միջանցիկ երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը Հայաստանի համար, սակայն այդ գաղափարը կարող է քննարկվել միայն Աբխազիայի անկախության ճանաչման դեպքում, հայտարարել են հանրապետության խորհրդարանականները:

Աբխազիայի հայ հանրության ներկայացուցիչները հուլիսի 8-ին հանդես են եկել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ լայն հանրային քննարկում նախաձեռնելու առաջարկով, ինչը տնտեսապես շահավետ է Աբխազիայի համար: Փաստաթուղթը ստորագրել են խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի Հերոս Վաղարշակ Քոսյանը, ինչպես նաև երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայի Հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Լեոնի շքանշանակիր Կարապետ Ղարագյոզյանը և չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Վալերի Մայրումյանը:

Աբխազիայի խորհրդարանականները դժկամությամբ են ընդունել այդ կոչը և սադրիչ են համարում այդ առաջարկը նախընտրական շրջանում: Օգոստոսի 24-ին Աբխազիայում կայանալու են նախագահի արտահերթ ընտրություններ: Պատգամավորներին վրդովեցրել է հետևյալ ձևակերպումը՝ «երկաթուղու աբխազա-վրացական հատվածը»:

Պատգամավորները գտնում են, որ փաստաթուղթը ստորագրած մարդիկ բոլորը Հայրենական պատերազմի մասնակիցներ են, Աբխազիայի հերոսներ, և չէին կարող գիտակցաբար նման ձևակերպում օգտագործել, որը նվաստացնում է Աբխազիայի պետականությունը: Փոխխոսնակ Վաղարշակ Քոսյանը հայտրարարել է, որ դա ընդամենը կոչ է, և ոչ մի քաղաքական իմաստ չի ենթադրվել, այն կազմված է ելնելով երկրի զուտ տնտեսական շահերից: Քոսյանը գտնում է, որ նամակի հեղինակները ընդամենը ցանկանում են լսել պատգամավորների ու հանրության կարծիքը, այդ թվում նաև նախագահության ապագա թեկնածուների: Պատգամվոր Արթուր Միկվաբիան հայտարարել է, որ Աբխազիայով դեպի Հայաստան երկաթուղային միջանցիկ հաղորդակցության վերականգնման հարցը նախագահական ընտրությունների շեմին սեպ է խրում հայերի ու աբխազների միջև, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Ըստ NDI-ի անցյալ տարի անցկացված հարցման, Վրաստանի բնակիչների 63 տոկոսը կողմ է աբխազական երկաթուղու վերաբացմանը, որը միացնում է Ռուսաստանը Հայաստանի հետ: Հարցումն անց է կացվել Վրաստանի ամբողջ տարածքում 3103 անձանց շրջանում: Դեմ է եղել հարցվածների 13 տոկոսը:

2013-ի սեպտեմբերի 2-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց, որ սեղմ ժամկետում կլուծվի աբխազական երկաթուղու վերաբացման հարցը: «Մենք ունենք նման ցանկություն և պատրաստ ենք լուծելու այդ հարցը»,-ասել էր նա:

ԽՍՀՄ շրջանում աբխազական երկաթուղով տեղափոխվում էր 24 զույգ բեռնատար գնացք և 14 զույգ ուղևորատար: Երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվեց 1990-ականներին: Պատճառը Ինգուրի գետը կապող երկաթուղային կամուրջի պայթեցումն էր 1992:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---