13  11.07.14 - «Ոսկե ծիրան». Ներկայացվել է նոր «Ծիրանի ծառ» նախաձեռնությունը

«Ոսկե ծիրանի» բացմանը ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը

«Ոսկե ծիրանի» բացմանը ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը

PanARMENIAN.Net - Երևանի Քաղաքապետարանը և «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը հուլիսի 11-ին ներկայացրել են փառատոնի 11-րդ մեկնարկին նախորդող համատեղ մամլո ասուլիս:Փառատոնային օրակարգը կմեկնարկի հուլիսի 13-ին ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի կկայանա Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (սկիզբը՝ ժ.15:00): Արարողությանը կհաջորդի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացումը «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում, որին ներկա կլինեն ինքը` լուսանկարիչը, փառատոնի հյուրերը և մասնակիցները, Փարաջանովի արվեստի սիրահարները: Նույն կինոթատրոնում կկայանա նաև փառատոնի բացման ֆիլմի` Փարաջանովի լեգենդար «Նռան գույնը» ստեղծագործության ցուցադրությունը (Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակը):

Ֆիլմի դիտմանը կհաջորդի փառատոնի բացման պաշտոնական արարողությունը Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կներկայացվեն Փարաջանովի թեմաներով գեղարվեստական ինստալիացիոն ծրագիր` իրականացված իտալացի արվեստագետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիեռոյի գեղարվեստական ղեկավարությամբ: Բացման արարողությունն իր ելույթով կպատվի հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը: Փառատոնը կամփոփվի հուլիսի 19-ին ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» Կաննի մրցանակակիր ֆիլմի ցուցադրությամբ: Փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երեկոն իր կատարմամբ կպատվի աշխարհահռչակ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Բեմում երգչուհու հետ ելույթ կունենա անվանի ջազ երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը:

Արդեն հայտարարված ծրագրերից բացի «Ոսկե ծիրան»-ն ուրախ է տեղեկացնել նաև նոր` «Ծիրանի ծառ» խորագիրը կրող նախաձեռնության մասին. փառատոնի այս խորագիրը մեկնարկում է Փարաջանովին նվիրված ծրագրի համատեքստում. օրակարգը կներառի Փարաջանովի վերաբերյալ կլոր-սեղան քննարկումներ, գիտական զեկույցներ, Փարաջանովին նվիրված ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրն իրականացվում է «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հետ համատեղ և միտում ունի ընդլայնվելու ու վերաճելու ազգագրական արվեստների փառատոնի` որպես «Ոսկե ծիրան»-ի դուստր փառատոն:

Մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրերով «Ոսկե ծիրան»-ը Երևանի հանդիսականի համար կցուցադրի մոտ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրներից: Տեղի կունենան կարևորագույն կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները, Հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն աշխարհահռչակ այնպիսի անուններ ինչպիսիք են Կիմ Կի-Դուկը, Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում կլինեն նաև հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, հայտնի փառատոնոյին գործիչ ը պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, հրապարակախոս և քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, ինչպես նաև դերասանուհի Աննա Մուգլալիսը, օպերատոր Քրիստիան Բերգերը և այլոք: Մեծանուն կինոգործիչները հանդիպումներ կունենան Երևանի հանդիսականի հետ, կներկայացնեն նաև վարպետության բաց դասեր: Կարևոր է նշել, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեծ շուքով պատրաստվում է տոնել աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանը, ինչի առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր, հրավիրվել են հյուրեր, որոնք հանդիսանում են փարաջանովյան կինոյի ավանդույթների շարունակողը:

Փառատոնը լուսաբանելու համար հավատարմագրվեՙլ են հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Ավելին, իրադարձությանը ներկա կլինեն և կլուսաբանեն միջազգային մամուլի շուրջ 20 ներկայացուցիչ, այդ թվում` ռուսական «Մշակույթ» (ВГТРК Культура) հեռուստա- և ռադիոկայանները, ֆրանսիական Positif, Նորվեգիայի հեռարձակողների միությունը (Norwegian broadcasting corporation-NRK P2), գերմանական German weekly Paper, ուկրաինական LB.ua և բազմաթիվ այլ միջազգային պարբերականներ:

Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արամրցութային, ինչպես ավանդական դարձած, այնպես էլ մի քանի անդրանիկ տարաբնույթ ծրագրերով: Մասնավորապես, մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 12-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Արտամրցութային ծրագրերը կներկայացվեն ավանդական Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադություններ, Հարգանքի տուրք, «Հայեր. Հայացք դրսից և ներսից», «Ֆիլմեր առանց սահմանների», ինչպես նաև այս տարի առաջին անգամ իրականացվող «Սոցիալական փոփոխությունների կինո», «Նոր գերմանական կինո» և «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագրերը:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվեն միջազգային մեծ հնչեղութուն ստացած մի շարք ֆիլմեր, Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի համաշխարհային մեծության երեք ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես` կներկայացվեն աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կիմ Կի-դուկի (Հարավային Կորեա), Ցզյա Չժան-կեի (Չինաստան) և Ամոս Գիտայի (Իսրայել) ֆիլմերը: «Ոսկե ծիրան»-ը պատիվ կունենա «Փարաջանովյան թալեր» մրցանակով պարգևատրել ծրագրում ներկայացվող երեք արվեստագետներին, ովքեր փառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ: Օթար Իոսելիանիի ֆիլմերի ցուցադրությունը կիրականացվի որպես Հարգանքի տուրք ծրագիր` ի պատիվ հռչակավոր կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի: Մեծանուն արվեստագետը կհյուրընկալվի Երևանում. Փառատոնը նրան ևս պատիվ կունենա արժանացնելու Փարաջանովյան թալեր մրցանակին: Հարգանքի տուրք խորագրի շրջանականերում կներկայացվեն նաև Սերգեյ Փարաջանովի բոլոր ֆիլմերը` ի պատիվ արվեստագետի 90-ամյա հոբելյանի:

«Ուկրաինական պոետիկ կինո» ծրագիրն այս տարի կիրականացվի առաջին անգամ` որպես Փարաջանովի հոբելյանական ծրագրի մի մաս, քանի որ Փարաջանովն էր, որ 60-ականներին կրկին կյանքի կոչեց ուկրաինական կինոյի այս ժանրը: Կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված 10 ֆիլմեր` Ալեքսանդր Դովժենկոյից մինչև մեր օրերը:

Մեկ այլ նոր ծրագիր` «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով, կիրականացվի լեհական culture.pl մշակութային տեղեկատվական հարթակի հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված բազմազան գործերը միավորում են տարբեր երկրների առանձին քաղաքացիների կամ խմբերի ջանքերը, որ ուղղված են սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխությանն ու բարելվմանը:

«Ֆիլմեր առանց սահմաններրի» արտամրցութային ծրագրում կներկայացվեն Արևելյան գործընկերության երկրների արտադրության 16 ֆիլմեր, որոնք ստեղծված են մշակութային երկխոսության և արվեստի աշխարհում սահմանների հաղթահարման ընդհանուր գաղափարախոսությամբ:

Արդեն երրորդ տարին իրականացվող «Հայեր. Հայացք դրսից և ներսից» տեղեկատվական ծրագիրը կներկայացնի Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների գործեր: Ծրագրում ներառված է 18 ֆիլմ:

Փառատոնի օրակարգում տեղ կգտնի նաև արդեն ավանդական դարձած խիստ կարևոր և պատվաբեր մեկ այլ նախաձեռնություն՝ հայ առաքելական եկեղեցու կողմից հիմնված հատուկ «Եղիցի լույս» մրցանակի շնորհումը մեծանուն մեկ կինոգործչի՝ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Մրցանակը կհանձնի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արարողությունների սրահում: Այս տարի «Եղիցի լույս»-ը կշնորհվի լեհ մեծանուն կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիին: Նախկինում այս մրցանակին են արժանացել Արտավազդ Փելաշյանը և Ալեքսանդր Սոկուրովը:

Ոսկե ծիրան Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկայանան «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադության ֆորումը (հուլիսի 15-17), որտեղ ներկայացված է 14 կինոնախագիծ, և Հայաստան –Թուրքիա կինոպլատֆորմը (հուլիս 14-16), որտեղ կներկայացվեն 10 կինոնախագիծ:

Այս տարի վարպետության դասերով համաձայնել են հանդես գալ ավստրիացի վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը, չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան-կեն, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն, կինագետ Ռիչարդ Պենյան, գրող, վիպասան, սցենարիստ և թարգմանիչ Պետրոս Մարկարիսը և ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը: Վարպետության բոլոր դասերը կանցկացվեն «Նաիրի» կինոթատրոնում: Կկայանան նաև հանդիպում-դասեր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Փառատոնային միջոցառումները տեղի կունենան «Մոսկվա», «Նաիրի», «Սինեմա Սթար» կինոթատրոններում, Մալյանի անվան թատրոնում, Պողոսյան այգիներում, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և «Ժողովրդական արվեստների» հանգույց կենտրոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---