Հայ-չիլիական գործակցությունը հեռանկարային է հատկապես գինեգործության բնագավառում. Նախագահը Չիլիում է

Հայ-չիլիական գործակցությունը հեռանկարային է հատկապես գինեգործության բնագավառում. Նախագահը Չիլիում է

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպել է Չիլիի նախագահ Միշել Բաշելեի հետ: Մինչև այդ, նախագահը ծաղկեպսակ է դրել Չիլիի ազգային հերոս գեներալ Բեռնարդո Օ’Հիգինսի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են հայ-չիլիական միջպետական կապերի ամրապնդմանն ու գործակցության զարգացման հեռանկար ունեցող մի շարք ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Ափսոսանքով նշելով, որ Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր ցանկալի տեմպով չեն ընթացել, զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ, հատկապես այն պարագայում, երբ երկու ժողովուրդներն էլ իրենց զարգացման ուղին կառուցում են միևնույն արժեքների հիման վրա: ՀՀ նախագահն ընդգծել է, որ իր այցը միտված է լրացնելու տարիների այս բացը և հարաբերությունների նոր փուլ սկսելու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման նպատակով:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չիլիի միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը, կողմերի համոզմամբ, նոր հնարավորություններ կբացի ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Այս համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է մեկ ամիս առաջ Երևանում կայացած առաջին բիզնես-սեմինարը, որի ժամանակ լատինաամերիկյան տարածաշրջանով հետաքրքրված հայ գործարարներին ներկայացվել են Չիլիի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորությունները:

Հեռանկարային է համարվել մի շարք ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության և հատկապես գինեգործության բնագավառում փոխգործակցությունը: Հայ-չիլիական գործակցության ընդլայնման համատեքստում Հայաստանի և Չիլիի նախագահները ոչ պակաս կարևոր են համարել գիտակրթական, մշակութային, զբոսաշրջության ու սպորտի բնագավառներում փոխգործակցության երկուստեք խրախուսումն ու զարգացումը: Հատկապես այս ոլորտները, ըստ նրանց, կարող են նպաստել նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև ակտիվ շփումներին ու փոխճանաչելիությանը:

ՀՀ նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Չիլիի մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության կարևորագույն հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Սերժ Սարգսյանի, 2007թ. Չիլիի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելն էր` շահելով աշխարհի համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ:

Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում նախագահներն ընդգծել են Չիլիում փոքրաթիվ հայ համայնքի համեստ, բայց միևնույն ժամանակ ուրույն դերակատարումը:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահների ներկայությամբ Հայաստանի և Չիլիի արտաքին գործերի նախարարները ստորագրել են «ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՉՀ արտաքին գործերի նախարարության միջև գործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այնուհետ Չիլիի նախագահ Միշել Բաչելետի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:

Իր բաժակաճառում Միշել Բաշելետը ևս մեկ անգամ ողջունել է ՀՀ նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Չիլիում, ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է և ուրախություն առաջին անգամ Չիլի պաշտոնական այց կատարած ՀՀ նախագահին հյուրընկալելը.

«Ինչպես տեղյակ եք, պարոն նախագահ, դեռևս տասնիններորդ դարից հայերը եկել են Չիլի բնակություն հաստատելու: Ընդհանրապես, Չիլին այն երկիրն է, որը միշտ հանգրվան է տալիս այստեղ եկող մարդկանց: Նրանք լայնորեն ընդգրկվել և կարողացել են լավագույնս ինտեգրվել մեր հասարակությանը, քանի որ Չիլիի հասարակությունն ունի մեծ հանդուրժողականություն և հարգանք: Ծագումով հայ չիլիացիները, ինչպես տեսաք և ես այսօր մեր զրույցի ընթացքում էլ ասացի, մեծապես նպաստել են Չիլիի հասարակության կայացմանն ու զարգացմանը` ինչպես քաղաքական, տնտեսական, գործարար շրջանակներում, այնպես էլ մշակույթի և սպորտի բնագավառներում: Փաստորեն, երբ ես պաշտպանության նախարար էի, այն ժամանակ մենք ունեինք ծովակալ Հեռնան Կույումջյան: Չիլին իր երախտագիտությունն է հայտնում այն աջակցության համար, որ հայազգի ներկայացուցիչները ցուցաբերում են»,- ասել է Չիլիի նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Չիլիի հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք մեծապես կարևորվել է խորհրդարանականների դերը միջպետական կապերի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում, ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոհայի հետ:

Քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցած ընդունելության պաշտոնական արարողությունից հետո Քաղաքապետ Կարոլինա տոայը Հայաստանի նախագահին է հանձնել քաղաքի բանալին և քաղաքի պատվավոր այցելուի պատվոգիրը: Իր խոսքում նա անդրադարձել է հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարևորությանը` ՀՀ նախագահի այցը մեծ խթան համարելով այդ ճանապարհին.

«Հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե խոստովանեմ, որ մենք` չիլիացիներս, շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին: Գտնվելով հետու և պարփակված լինելով մեր աշխարհագրությամբ, մենք հաճախ պատկերացնում ենք, որ շատ փոքր երկրներ ենք: Եվ գտնվելով այս մեկուսացած և բարդ աշխարհագրական տարածքում` հաճախ սխալ ենք գործում և աշխարհը պարփակում ենք այն սահմաններով, որոնք մեզ ավելի մոտ են գտնվում: Այնուհանդերձ սա մի գեղեցիկ մարտահրավեր է մեզ համար, որպեսզի մենք մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջև և մերձենանք հայ ժողովրդի հետ: Հայաստանի Հանրապետությունը, լինելով երիտասարդ պետություն, ունի հնամենի մշակութային հարուստ ժառանգություն: Եվ ինչպես շատ հնագիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, Հայաստանը աշխարհի քաղաքակրթության բնօրրաններից է»,-ասել է Սանտյագոյի քաղաքապետը:

Պատասխան խոսքում Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է գտնվել Լատինական Ամերիկայի իրավամբ լավագույն քաղաքներից մեկում` Սանտյագոյում, և ի դեմս քաղաքպետ Տոայի հանդիպել մշտապես ծաղկող այս քաղաքի հմուտ ղեկավարին.

«Միաժամանակ ուրախ եմ հիասքանչ Սանտյագոյի խորհրդանշական բանալին ստանալու համար: Ես ընդունում եմ այն` ի նշան Հայաստանի և Չիլիի մայրաքաղաքների միջև հարատև բարեկամության և երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման»:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի «Պրեկոլոմբինո» թանգարան, որտեղ դիտել է այդ երկրի պատմության հնագույն ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշները, դրանց միջոցով ծանոթացել տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողություններին:

Նույն օրը նախագահն այցելել է նաև Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Ամերիկա` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---