Իսրայելի ռազմական գործողությունը Գազայում. Պաղեստինցիներն իրենց հերթին գնդակոծում են Իսրայելը

Իսրայելի ռազմական գործողությունը Գազայում. Պաղեստինցիներն իրենց հերթին գնդակոծում են Իսրայելը

PanARMENIAN.Net - Գազայի տարածքի ուղղությամբ Իսրայելի ՌՕՈւ ավիահարվածների արդյունքում հուլիսի 12-ին 16 պաղեստինցի է զոհվել: Այդ մասին հայտնել են Գազայի բուժծառայությունների ներկայացուցիչները: Ըստ Պաղեստինի իշխանությունների, Գազայում զոհվածների թիվը իսրայելյան բանակի հարվածների հետևանքով արդեն գերազանցել է 120-ը, ևս 900 մարդ վիրավորվել է:

Արդեն հինգերորդ օրն է Իսրայելը «Պաշտպանության սահման» ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գիշերը հրեական պետության ՌՕՈւ ու ՌԾՈւ հարվածներ են հասցրել 60 թիրախների: Ընդհանուր առմամբ հուլիսի 8-ից, երբ սկսվեց ռազմական գործողությունը 1160 թիրախ է խոցվել:

Ուրբաթ երեկոյան Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Բեննի Հանցը հայտարարեց, որ զինվորականներն արդեն պատրաստ են ցամաքային գործողության և միայն երկրի ղեկավարության հրահանգին են սպասում: «Ոչինչ չի կասեցնի մեր շարժը դեպի առաջ, բանակը սպասում է միայն քաղաքական գործիչների հրահանգներին»,-ասել է նա: Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոտի Ալմոզը շաբաթ օրը հայտնել է, որ Իսրայելի ՌՕՈւ պետք է հարվածներ հասցնեն Գազային առնվազն ևս մեկ օր ու գիշեր: Ըստ նրա, Պաղեստինի անկլավի տարածքում «դեռ շատ թիրախներ կան» որոնք պետք է խոցվեն: Նա նշել է, որ Իսրայելի բանակի հրամանատարությունը նախապատրաստվում է գործողության ռազմական փուլի մեկնարկին: Ըստ Ալմոզի, «ՀԱՄԱՍ շարժումը դժգոհ է, որ իսրայելցիների շրջանում զոհեր չկան»:

Պաղեստինցի ծայրահեղականները շարունակում են հրթիռակոծել Իսրայելի տարածքը Գազայից: Ուրբաթ օրը գործողության արդյունքում 10 իսրայելցի է տուժել: Աշդոդ քաղաքում հրթիռը պայթել է բենզալցակայանի տարածքում, տուժել է երեք մարդ, մեկը հոսպիտալացվել է ծանր վիճակում:

«Պաշտպանության սահման» գործողության մեկնարկից ի վեր ծայրահեղականները Գազայի հատվածից 700 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Ուրբաթ օրը 140 հրթիռ է արձակվել: Կեսգիշերից սկսած մի քանի հրթիռ է արձակվել Աշդոդ և Բեեր Շեվա քաղաքների ուղղությամբ: Ուրբաթ երեկոյան թվով յոթերորդ հրթիռակոծությանն է ենթարկվել Թել Ավիվը: Նախկինում երեք անգամ հրթիռները հասել են Երուսաղեմ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարեց, որ չի ենթարկվի միջազգային ճնշմանն ու չի կասեցնի ռազմական գործողությունը Գազայի հատվածում: Ելույթ ունենալով լրագրողների առջև հուլիսի 11-ին՝ Նեթանյահուն ասաց, որ հարվածները պաղեստինցի գրոհայինների օբյեկտներին կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարեցվել Իսրայելի հրթիռակոծությունները:

Ըստ Իսրայելի վարչապետի, երեքշաբթի առավոտից հարվածներ են հասցվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման, «Իսլամական ջիհադ» և այլ խմբավորումների ավելի քան 1000 օբյեկտների:

Նեթանյահուն չի հստակեցրել, թե արդյոք ցամաքային գործողություն ևս նախատեսվում է, նա ասել է, որ դիտարկվում են բոլոր հնարավորությունները:

ՀԱՄԱՍ-ն իր հերթին սպառնում է հրթիռակոծել Թել Ավիվի միջազգային օդանավակայանը: ՄԱԿ մարդու իրավունքների գերատեսչության ղեկավար Նեվի Փիլայը կասկածելի է համարել Իսրայելի գործողությունների իրավաչափությունը Գազայի հատվածում, որն արդեն 7 տարի է վերահսկվում է ՀԱՄԱՍ-ի կողմից: Փիլեյը հորդորել է կողմերին դադարեցնել կրակը:

Իրավիճակը տարածաշրջանում սրվեց 3 իսրայելցի ու 1 պաղեստինցի դեռահասների սպանությունից հետո: Դեռահասներին առևանգելու մեջ Իսրայելը մեղադրեց ՀԱՄԱՍ շարժումը: Իսրայելի Անվտանգության ընդհանուր ծառայությունը հունիսի 26-ին հրապարակեց ՀԱՄԱՍ երկու ակտիվիստների անուններն ու լուսանկարները, որոնց կասկածում են դեռահասներին առևանգելու մեջ:

Ավելի ուշ դեռահասների մարմինները հայտնաբերվեցին Խեվրոն քաղաքի մոտ: ՀԱՄԱՍ-ը հերքեց իր մեղսակցությունը սպանությանը:

Ավելի ուշ Իսրայելը բանակային գործողություն սկսեց: Մի քանի օրում ձերբակալվեց մոտ 400 արաբ, այդ թվում ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներ, ինչպես նաև մոտ 10 պաղեստինցի խորհրդարանականներ: Զինվորները խուզարկեցին 2,8 հազար շենք, ներառյալ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակները: Ձերբակալվեցին 57 պաղեստինցիներ, որոնք ազատ էին արձակվել Իսրայելի բանտերից 2011-ին իսրայելցի զինվորի հետ փոխանակման համար: Հորդանանի արևմտյան ափին գործողության ժամանակ իսրայելցի զինվորականները պաղեստինցի դեռահասի սպանեցին՝ 16-ամյա Յուսեֆ Աբու Զագային, որը փորձել էր խանգարել ուժայիններին ձերբակալելու երեք պաղեստինցիների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---