Ադրբեջանական դիվերսիոն խումբը Քարվաճառում վնասազերծվել է

Ադրբեջանական դիվերսիոն խումբը Քարվաճառում վնասազերծվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքի այլ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:

Իսկ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից` միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ:

«Տվյալ պարագայում դա անհնարին է, քանի որ Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նաև ասվում է, որ առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ:

«Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության և Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ: Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին»,- նշվում էպաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հուլիսի 10-ին ԼՂՀ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը՝ ձերբակալվել, մյուսները դիմել էին փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չէր ունեցել:

Եղեգնաձորում հուլիսի 12-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտնել է, որ նախորդ օրը Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին: Փոխհրաձգության ժամանակ զոհված հայ սպան 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանն է, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սպանված դիվերսանտը եղել է այն նույն խմբի անդամներից, որոնց հուլիսի 10-ի դիվերսիայի կասեցման ժամանակ հաջողվել էր փախչել: Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում Հովհաննիսյանը գրել է, որ Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը կայուն ծանր է` դրական նախանշաններով: Նա գտնվում է Մուրացանի հոսպիտալում:

Հայստանում ձերբակալված դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի քաղաքացի Ջահբազ Գուլիևի հարցով Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտե:«Իրենք դիմել են, որպեսզի Ադրբեջանի քաղաքացու հետ կապված խնդիրը փորձենք կարգավորել: Սովորաբար Կարմիր Խաչը, երբ ստանում է պաշտոնական հաստատում, մենք սկսում ենք բանակցել, որ կարողանանք այցելել իրեն: Այս պահին միայն կարող եմ ասել, որ Ադրբեջանի իշխանություններից նման խնդրանք եկել է»,- ասել է ԿԽՄԿ հայստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ քաղաքացին գտնվում է Հայաստանի տարածքում, նաև այս կողմից պետք է հաստատում ստանան, որպեսզի շարունակեն գործունեությունը:

Հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ին ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը, որը նախագահ Բակո Սահակյանի հուլիսի 12-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---