31  13.07.14 - 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կարմիր գորգն ու բացումը
11  13.07.14 - Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունն ու Յուրի Գարմաշի ցուցահանդեսի բացումը. 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոն

Մեր պահանջները, դատը և ինքնությունը` կինոմշակույթի միջոցով. «Ոսկե ծիրանը» բացվել է

Մեր պահանջները, դատը և ինքնությունը` կինոմշակույթի միջոցով. «Ոսկե ծիրանը» բացվել է

PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 13-ին կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Արդեն 9-րդ տարին կինոփառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Կինոն անգնահատելի ազգային արժեք է: Մեծ կինոյով մենք՝ հայերս, հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Առանց կինոյի մենք հայտնվում ենք խեղճ ազգականի կարգավիճակում: Երբեմն մեզ թվում է, թե բոլորը գիտեն մեզ և ծանոթ են մեր խնդիրներին: Մինչդեռ`այդպես չէ: Այսօր անչափ կարևոր է ցուցադրել մեր կինոմշակույթը և վերջինիս միջոցով` մեր պահանջները, մեր դատը, մեր ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար փառատոնը կարևոր իրադարձություն է ոչ միայն որպես կինեմատոգրաֆիայի ոլորտի իրադարձություն, այլև` համազգային նշանակության իրադարձություն: Այսօր մենք կարող ենք փաստել, որ փառատոնը, որպես մշակույթ, փոխգործակցության յուրօրինակ կամուրջ է դարձել Հայաստանի և արտաքին աշխարհի միջև: «Ոսկե ծիրան» փառատոնին մաղթում ենք ստեղծագործական մտքի նոր թռիչք, լեցուն կինոսրահներ և հանդիսատեսի գնահատանք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի բացմանը ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության և անձամբ իր անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին «Ոսկե ծիրան»-ի անցկացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն դարձել է սպասված և կարևոր մշակութային իրադարձություն:

«Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը: Այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչ և արվեստագետ՝ աշխարհի ավելի քան 120 երկրից, ինչը փառատոնը վերածել է իսկական տոնի: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է՝ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն ավելի քան ճշգրիտ արտացոլում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ իր խնդիրներով և մարտահրավերներով հայ ժողովրդի պատմությունը: Այն վկայում է, որ իր բազմադարյա զարգացման ճանապարհին Հայաստանը մշտապես հանդես է եկել միջմշակութային երկխոսության, կրոնական հանդուրժողականության և ազգերի խաղաղ գոյատևման օգտին՝ առանցքայինը դիտելով մարդուն, մարդու հոգսերն ու ճակատագիրը: Այս համատեքստում է, որ ցանկանում եմ կարևորել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանակությունն ու դերը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ այս տարվա փառատոնը նվիրված է հայազգի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին՝ մեծ պատիվ է, բայց նաև պարտավորեցնող հանգամանք բոլորիս համար: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայի մեծանուն կինոռեժիսորի հարուստ ժառանգությունը պատշաճ ներկայացնելու համար:

«Մեր երկրին ու ժողովրդին միշտ էլ բնորոշ է եղել հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Համոզված եմ, որ ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի դուք ոչ միայն ծանոթանաք Հայաստանի հարուստ մշակույթին և ազգային ավանդույթներին, այլև ճաշակեք մեր ազգի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը»,- նշել է վարչապետը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մաղթել բարի ընթացք:

Իր հերթին, փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեսժիսոր Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Հայաստանի կառավարության կողմից փառատոնի անցկացմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:

«Ոսկե ծիրան» 11-րդ փառատոնը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին և իրականացվելու է փարաջանովյան ներշնչանքով: Փառատոնի բացման շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է Փարաջանովի լեգենդար «Նռան գույնը» ֆիլմը` (Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակը): Կայացել է նաև Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացումը, որին մասնակցել են Փարաջանովի արվեստի սիրահարները և անձամբ լուսանկարիչը:

«Ոսկե ծիրանն» այս տարի մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրերով Երևանի հանդիսատեսին ցուցադրի մոտ 300 ֆիլմ` աշխարհի 49 երկրից: Կկայանան նաև հեղինակավոր կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն աշխարհահռչակ Կիմ Կի-Դուկը, Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում կլինեն նաև հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, հայտնի փառատոնոյին գործիչ և պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, հրապարակախոս և քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, ինչպես նաև դերասանուհի Աննա Մուգլալիսը, օպերատոր Քրիստիան Բերգերը և այլք: Մեծանուն կինոգործիչները հանդիպումներ կունենան Երևանի հանդիսատեսի հետ, կներկայացնեն վարպետության բաց դասեր:

Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արամրցութային, ինչպես ավանդական դարձած, այնպես էլ տարաբնույթ մի քանի անդրանիկ ծրագրերով: Մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` միջազգային-խաղարկային, միջազգային-վավերագրական, հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Հիշեցնենք, որ մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրվել է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, որից 12-ը միջազգային խաղարկային են, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` հայկական համայնապատկեր (դրանցի 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Հատկանշական է, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեծ շուքով պատրաստվում է տոնել աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանը, ինչի առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր, հրավիրվել են հյուրեր, ովքեր հանդիսանում են փարաջանովյան կինոյի ավանդույթների շարունակողները:

Հանդիսանալով տարածաշրջանի մշակութային ամենամեծ իրադարձությունը` «Ոսկե ծիրանն» ուրախ է տեղեկացնել, որ փառատոնը լուսաբանելու համար հավատարմագրվել են հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Ավելին, իրադարձությանը կմասնակցեն և այն կլուսաբանեն միջազգային մամուլի շուրջ 20 ներկայացուցիչներ: Մասնավորապես, ռուսական «Մշակույթ» (ВГТРК Культура) հեռուստա և ռադիոկայանները, ֆրանսիական Positif, Նորվեգիայի հեռարձակողների միությունը (Norwegian broadcasting corporation-NRK P2), գերմանական German weekly Paper, ուկրաինական LB.ua և միջազգային այլ պարբերականներ:

10  13.07.14 - Ծիրանօրհնեքի արարողություն 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման շրջանակում
«Ոսկե ծիրան»

«Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002 թ. մարտի 4-ից: Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինեմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքնատիպությունը, պրոպագանդել ռուսական եւ արտասահմանյան լավագույն ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---