Վրաստանը հուլիսի 18-ին կվավերացնի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը

Վրաստանը հուլիսի 18-ին կվավերացնի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը հուլիսի 18-ի արտահերթում կվավերացնի Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը։ Այդ մասին հուլիսի 16-ին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին։

Ըստ նրա, նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին․ ընթացքում համաձայնագրի մասին զեկույցով հանդես կգա արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։ Համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո փաստաթուղթը քվեարկության կդրվի ու կվավերացվի։ Մինչև այդ պատգամավորներին կդիմեն երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Արդեն հայտնի է, որ նիստին ներկա է լինելու նաև եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ու Լատվիայի և Բուլղարիայի արտգործնախարարները, գրում է «Գրուզիա օնլայն»-ը։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նույնպես հրավիրված է, բայց առայժմ երկրի ղեկավարի աշխատակազմը չի պատասխանել՝ ներկա կլինի նա արարողությանը, թե՝ ոչ։

Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 27-ին՝ Բրյուսելում։ Վրաստանի անունից այն ստորագրել է վարչապետը, նախագահը Բրյուսել չէր մեկնել։ Ավելի վաղ երկրի ղեկավարն ու վարչապետը ԶԼՄ-ների միջոցով հայտարարություններ էին փոխանակել, թե ով պետք է ստորագրի համաձայնագիրը։ Նախագահը պնդում էր, որ Սահմանադրությամբ դա իր պարտավորությունն է, իսկ վարչապետը պատասխանել էր, թե Կառավարությունը որոշել է որպես գործադիրի ղեկավար, որը վարել է բանակցությունները, այդ պարտավորությունն իրեն ստանձնել։ Վերջիվերջո նախագահը հայտարարել էր, թե զիջում է փաստաթղթի ստորագրման իրավունքը վարչապետին, քանի որ իր համար առավել կարևոր է, որ այն ստորագրվի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---