Մալազիական Boeing-ի կործանումը․ Փոխադարձ մեղադրանքներն ու ժամանակավոր զինադադարը (վիդեո)

Մալազիական Boeing-ի կործանումը․ Փոխադարձ մեղադրանքներն ու ժամանակավոր զինադադարը

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ի երեկոյան Ուկրաինայի տարածքում՝ Դոնեցկի շրջանում, Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանումը ևս մեկ անգամ ապացուցում է` պետք է հնարավորինս արագ խաղաղ ճանապարհով լուծել այդ երկրում ստեղծված սուր ճգնաժամը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է օբյեկտիվ ու հանգամանորեն ուսումնասիրել ավիավթարի մանրամասները, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մալազիական ավիաուղիների Boeing 777-ը կատարում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր թռիչքը։ Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, ինքնաթիռը բախվել է հրթիռին։ Ինքնաթիռում գտնվողները զոհվել են։ Malaysia Airlines-ի տվյալներով, դրանում 283 ուղևոր է եղել, որոնցից երեքը՝ երեխա, ու անձնակազմի 15 անդամ։

Նախագահ Պուտինը ցավակցել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտեին ու Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակին։ Նա խնդրել է իր ցավակցությունը փոխանցել զոհերի մտերիմներին ու ամբողջ ժողովրդին։

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի փոխանցնամբ, ավելի ուշ տնտեսական հարցերով քննարկմանը, որը սկսվել է զոհերի հիշատակին մեկ րոպե լռությամբ, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Boeing 777-ի կործանման համար պատասխանատվությունը կրում է Ուկրաինայի ղեկավարությունը։ Նրա խոսքով, այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղություն լիներ։ Ռուսաստանի ղեկավարն իր երկրի կառավարությանը հանձնարարել է անել հնարավորը՝ վթարի օբյեկտիվ պատճառները պարզելու համար։

«Պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ, որ կատարվածի օբյեկտիվ պատկերը կարողանանք ներկայացնել թե մեր, թե ուկրաինական, և թե համաշխարհային հանրությանը»,- գործակալությունը մեջբերում է երկրի ղեկավարի խոսքերը։

ՌԴ նախագահը տեղեկացրել է նաև, որ համապատասխան գերատեսչություններին արդեն կարգադրել է «հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»։ Ըստ «Զրուցակցի», հուլիսի 18-ին տարբեր երկրների ղեկավարները մեկնաբանել են Boeing-ի կործանումը։ Մալազիայի վարչապետը նշել է, որ դեպքի մանրամասների բացահայտման համար մասնագետների խումբ է ուղարկել Ուկրաինա, տեղեկացնում է «Միր 24»-ը։

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալայզիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն։

Նախօրեին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը պահանջել է շուտափույթ հրադադար հայտարարել ինքնաթիռի կործանման վայրում․ «Բոլոր հետաքրքրված կողմերից պահանջում ենք... անհապաղ դադարեցնել կրակը, որպեսզի հանգամանքները բացահայտելու ու համապատասխան անալիզներ անցկացնելու համար ազատ ու անվտանգ մուտք ապահովվի դեպքի վայր»,- նշել է նա։ ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով, Boeing-ը կործանել են «երկիր-երկինք» հրթիռները։ Բացի այդ, Միացյալ Նահանգները նշել են, որ Ուկրաինան հնարավորություն չուներ ՀՕՊ համակարգով կործանել Boeing-777-ն այն տարածքում, որտեղ դա եղել է։

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր կլինի դեպքի համար, եթե պարզվի, որ ինքնաթիռը կործանվել է Դոնեցկի զինյալներին տրամադրված ռուսական հրթիռներով։

Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ցավակցել է զոհվածների մտերիմներին ու հարազատներին։

Նա վստահեցրել է, որ «Ուկրաինայի կառավարությունը կանի հնարավորը՝ մանրամասներն արդար ու բազմակողմանիորեն բացահայտելու ու մեղավորներին պատժելու համար», գրում է Segodnya.ua-ն։ Դոնեցկի ինանքհռչակ հանրապետության զինյալները կտրականապես հերքում են դեպքի հետ իրենց կապը՝ բացատրելով դա սպառազինությունում նման բարձրությամբ թռչող Boeing-ը կործանելու համար անհրաժեշտ ռազմական միավորների բացակայությամբ։

Ըստ տվյալների, դեպքից առաջ ինքնաթիռը թռչում էր 10․600 մ բարձրությամբ:

Նրանք նաև պատրաստ են ժամանակավոր հրադադար հայտարարել՝ դեպքի մանրամասները քննելու ու համապատասխան մասնագետներին՝ այդ թվում՝ ուկրաինացի, դեպքի վայրը զննելու հնարավորություն տրամադրելու համար։ Այդ մասին հայտարարել է Դոնեցկի առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը, գրում է InterFax-ը։

«Բանակցում ենք 2-4 օրով հումանիտար զինադադարի ուղղությամբ։ Տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին) կոնտակտային խմբի կոնսուլտացիաներն այդ թեմայով շարունակվում են»,- ասել է Պուրգինը։

Նրա խոսքով, փորձագիտական խմբի կազմում, որին կթույլատրեն ինքնաթիռի կործանման վայր մտնել, կարող են լինել Դոնեցկի, պաշտոնական Կիևի, Ռուսաստանի ու ՀԱՊԿ ներկայացուցիչները։ Բացի այդ, Ռուսաստանի ավիաընկերությունները դադարեցնում են Ուկրաինայի տարածքով տարանցիկ չվերթները։

Ներկա պահին ռուսական ավիաընկերությունները որոշում են ընդունում` շարունակել կամ դադրեցնել ուկրաինական քաղաքներ պարբերական չվերթները: Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ը հուլիսի 17-ին չեղյալ է հայտարարել դեպի Օդեսսա ու Կիև երկու չվերթ, իսկ հուլիսի 18-ին` 1 չվերթ դեպի Ուկրաինայի մայրաքաղաք:

«Տարանցիկ թռիչքների վերականգնումն ուկրաինական տարածքով , ռուսական ավիափոխադրողների տեղեկությամբ, կարող է լինել միայն Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների առանց նախապայմանների ու երաշխավորված անվտանգության դեպքում»,- տեղեկացնում է Ռոսավիացիան, փոխանցում է Business FM-ը:

Ավելի ուշ մի շարք երկրներ` այդ թվում` Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Բելառուսը ու Ղազախստանը, որոշում են ընդունել արգելել իրենց ավիաընկերություններին թռիչքներն Ուկրաինայի արևելքում կամ էլ փոփոխել թռիչքուղին:

Հայաստանի ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանից դեպի Ուկրաինա և հակառակ ուղղությամբ իրականացվող չվերթներում որևէ փոփոխություն չկա: Նրա խոսքով, այս պահին դեպի Ուկրաինա ուղևորափոխադրում է իրականացնում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը, գրում է Panorama.am-ը: Ինչպես հայտնում է Life24.com-ը, Boeing-777 աղետի հետևանքով զոհվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարող 100 մասնագետ: Գիտնականներն ու բժիշկները թռչում էին Մելբուրնում հուլիսի 20-ին կայանալիք ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ուկրաինան դեռ չի պատասխանել Ռուսաստանի ԱԻՆ-ի` մալազիական Boeing-ի կործանման հետևանքները վերացնելուն ուղղված օգնության առաջարկին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ փոխնախարար Վլադիմիր Արտամոնովը:

«Օբյեկտիվ պատճառներից ելնելով չենք ցանկանում մեկնաբանել ինքնաթիռի վթարը, քանի որ հետաքննությունն ընթացքի մեջ է»,- ասել է Արտամոնովը:

Նա նշել է, որ ողբերգության պատճառների հետաքննությանը միացել են միջազգային կազմակերպություններ, այդ իսկ պատճառով Ռուսաստանի ԱԻՆ-ը չի կարող ասել, թե ինչպես է այն կատարվելու, ինչպես նաև տեղեկություններ տրամադրել դիակների ճանաչման ու տեղափոխման կարգի վերաբերյալ:

Malaysia Airlines մարդատար ինքնաթիռի` կործանման պատճառների հետաքննության կոմիտեի կազմում ընդգրկվել են ICAO-ի, Նիդերլանդների, Մալազիայի ու ԱՄՆ ներկայացուցիչներ, հաղորդում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքը:

«Իմ հրամանով Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է աղետի պատճառների հետաքննության պետական կոմիտե»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախագահ Պորոշենկոն նաև ցավակցել է զոհված ուղևորների ընտանիքներին ու մտերիմներին:

Նա նշել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցել է, որ ահաբեկչությունը ոչ թե տեղային, այլ համաշխարհային խնդիր է, իսկ Ուկրաինայի հանդեպ արտաքին ագրեսիան ոչ թե մեկ պետության, այլ համաեվրոպական գլոբալ անվտանգության հարց է, որի հաղթահարումը ընդհանուր ջանքեր է պահանջում:

Ինչպես հաղորդում է RBK-ն, Ուկրաինայի Պետավիածառայությունն ամբողջովին փակել է ուժային գործողությունների` Դոնեցկի, Լուգանսկի շրջանների ու Խարկովի շրջանի մի մասի օդային տարածքը:

Դոնեցկի շրջանում մալազիական Boeing-777-ի աղետը Malaysia Airlines-ի պատմության մեջ 5-րդն է:

Ընկերության ինքնաթիռների մասնակցությամբ առաջին միջադեպը տեղի է ունեցել 1977-ի դեկտեմբերի 4-ին: Այդ օրը կործանվել է Boeing 737-200 ինքնաթիռը, որը Պենանգից Սինգապուր կանոնավոր չվերթ էր իրականացնում, Կուալա Լումպուրում միջանկյալ վայրէջքով: Ահաբեկիչը առևանգել էր օդանավը և վայրէջքի պահին գնդակահարել երկու օդաչուի: Զոհվել էր 100 մարդ:

Վեցը տարի անց` 1983-ի դեկտեմբերի 18-ին, նոր միջադեպ էր եղել` դեպի Սինգապուր թռչող Airbus A300B4 կործանվել էր օդանավակայանի թռիչքուղուց 2 կմ հեռավորությամբ: Զոհեր չէին եղել, օդանավը լուրջ վնասվել էր:

Հաջորդ ողբերգությունը 34 մարդու կյանք էր խլել. ներքին չվերթ իրականացնող Fokker 50 ինքնաթիռի օդաչուն կորցրել էր վերահսկողությունը, և օդանավն ընկել էր օդանավակայանին կից կառույցների վրա: Դեպքը տեղի էր ունեցել 1995-ի սեպտեմբերի 15-ին, գրում է Lenta.ru-ն:

Սակայն ընկերության ինքնաթիռի մասնակցությամբ ամենահայտնի միջադեպը 2014-ի մարտի 8-ին էր: Կուալա Լումպուր-Պեկին թռիչքն իրականացնող Boeing 777-200-ը, Հարավչինական ծովի վրայով անցնելիս, հանկարծ անհետացել էր ռադարներից: Հետագայում հաստատվել էր, որ ինքնաթիռում անջատվել է կապը, իսկ օդանավը շեղվել ուղեգծից և «կորելուց» հետո դեռ 7 ժամ եղել օդում: Օդանավն այդպես էլ չէր գտնվել: Այժմ ենթադրվում է, որ այն կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Օդանավում 239 ուղևոր կար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---