ԼՂՀ դատախազություն. 17-ամյա Սմբատ Ցականյանին առևանգել և սպանել են ադրբեջանցի դիվերսանտները

ԼՂՀ դատախազություն. 17-ամյա Սմբատ Ցականյանին առևանգել և սպանել են ադրբեջանցի դիվերսանտները

PanARMENIAN.Net - Նախաքննության տվյալներով Նոր Էրքեջ գյուղի բնակիչ Սմբատ Ցականյանին առևանգել և սպանել են ադրբեջանցի դիվերսանտները: Այս մասին հաղորդում է ԼՂՀ դատախազության կայքը:

ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 04-ից անհայտ կորած` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից:

Ս. Ցականյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը 17.07.2014թ. ուղարկվել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում 09.07.2014թ. հարուցված թիվ 341001.14 քրեական գործին կցելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար:

Հուլիսի 15-ին հայտնաբերվել է դեռևս հուլիսի 4-ից անհետ կորած համարվող Սմբատ Ցականյանի դին: Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանի խոսքով` երիտասարդի դին հայտնաբերել են գյուղից բավական հեռավորության վրա, սարերում: Արա Հովհաննիսյանը նշել է, որ դիակը տեղափոխել են Ստեփանակերտ՝ փորձաքննության, տղայի հարազատներին տեղյակ են պահել այդ մասին:

Քարվաճառի Ջոմարդ գյուղում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի մայրը՝ Կարինե Ցականյանը, համոզմունք էր հայտնել, որ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները:

Գյուղապետի խոսքով, դատելով տղայի դիակի վրա առկա վնասվածքներից, կարող է ասել, որ նրան ադրբեջանական դիվերսանտներն են սպանել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: ԼՂՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արցախում անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով:

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բրիֆինգի ժամանակ նշել էր, թե չի բացառում, որ նախորդ շաբաթ Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խումբը կարող է կապ ունենալ Սմբատ Ցականյանի անհետացման հետ: Ավելի վաղ ԼՂՀ ոստիակության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ 52-ամյան Մեխակ Ցականյանը հուլիսի 7-ին ժամը 21:00-ի շրջանում դիմել է ոստիկանության տարածքային բաժանմունք և հայտնել, որ իր որդին` Սմբատ Ցականյանը(1997 թ.) հուլիսի 4-ին ժամը 21:00-ին տանից դուրս է եկել և չի վերադաձել: Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե երիտասարդը կարող էր գերի ընկնել ադրբեջանցի դիվերսանտներին:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողություններիփաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից, քրգործը հարուցվել է ԼՂՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանք են՝ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի КМС տեսակի TD 2042 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի ПМ տեսակի ВА 0033 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի АКМС տեսակի TF 7373 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի ПМ տեսակի СН 3478 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում ոչնչացվել է:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---