Լևոն Հայրապետյանի կյանքը վտանգված է. ՌԴ հայկական սփյուռքը միջնորդում է նրա ազատ արձակմանը

Լևոն Հայրապետյանի կյանքը վտանգված է. ՌԴ հայկական սփյուռքը միջնորդում է նրա ազատ արձակմանը

PanARMENIAN.Net - Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը Մոսկվայում հայակական սփյուռքի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Լևոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ տարիներ շարոնակ Հայրապետյանը հանդիսանում է ամենախոշոր բարեգործներից մեկը, որը կարևորագույն օգնություն է ցուցաբերում հայկական սփյուռքի, ՀՀ և ԼՂՀ զարգացման ու կայացման հարցում: Նրա շնորհիվ հարյուրավոր մարդիկ աշխատատեղեր ունեն: Նա ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել նաև ՌԴ տնտեսական ներուժի զարգացման հարցում, ներգրավել է արտասահմանյան կապիտալ:

Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ:

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան: Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա:

Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ գտնվելով` Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև` ազդել քրեական գործով ներգրավված մասնակիցների վրա:

«Հայրապետյանի լայնամասշտաբ հասարակական գործունեությունը նպաստել է բազմադարյա հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը: Նա կարևոր դեր է խաղում ՀՀ-ում ու Արցախում ռուսական մշակույթի տարածման հարցում: Բացի այդ, Լևոն Գուրգենիչը Հայաստանի` եվրասիական ինտեգրման ամենաակտիվ կողմնակիցներից է: Նրա ազդեցության շնորհիվ այդ ճանապարհից շատ արգելքներ են հանվել»:

Լևոն Հայրապետյանը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային լոբբինգի ամենահայտնի ներկայացուցիչներից է: Ամբողջ աշխարհում կապեր ունենալով` նա միշտ առաջ է տարել հայ ազգի շահերը, սակայն ոչ երբեք ի վնաս Ռուսաստանի կամ երրորդ երկրի: 2014-ի հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հաշվի չի առել 65-ամյա Լևոն Հայրապետյանի ծանր հիվանդությունն ու արտոնել է նրա կալանքը: Այս կապակցությամբ Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը հույս է հայտնում, որ ՌԴ դատական ու իրավապահ մարմինները հետաքննության ընթացքում հաշվի կառնեն այս վաստակաշատ մարդու օրինապահությունն ու մարդասիրությունը:

Լևոն Գուրգենևիչը լուրջ հիվանդ է: Նա 1-ին կարգի հաշմանդամ է, վերջերս վիրահատվել է Գերմանիայում, նրա կյանքն ու առողջությունը վտահգված են»,- ասվում է Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդի հայտարարության մեջ:

Մինչ այդ արցախյան Լևոն Հայրապետյանի հայրենի Վանք գյուղի բնակիչները նրան են դիմել բաց նամակով: Artsakh Today-ի ներկայացրած նամակը ստորագրել է գյուղի 1005 բնակիչ: Նամակում նշվում է, որ «վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են ոչ միայն Վանք գյուղի բնակիչները, այլև ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին փորձում է հասնել վաղեմի նպատակին, չխնայելով նավթադոլարները, փորձում է կոտրել Ձեզ: Այսօրվա ձեր ձերբակալումը մարտահրավեր է ամբողջ հայությանը»:

Նամակի հեղինակները կոչ են անում աշխարհի հայերին, մասնավորապես ՌԴ տարածքում բնակվողներին, անհատական ու կոլեկտիվ կարգով դիմել ռուսական իշխանություններին` պահանջելով անմիջապես ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս առումով հիմնական դերակատարումը Ռուսաստանի ազդեցիկ հայերը պետք է կատարեն` Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան, Արա Աբրահամյան, Դանիիլ Խաչատուրով և այլն:

Միաժամանակ, Ռուսաստանի հայերի միությունը համոզված է, որ Մոսկվայում օրեր առաջ ձերբակալված, ապա կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանը հանցագործություն չի գործել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Բոլորս տեղյակ ենք առաջին րոպեից: Իհարկե, դա լավ լուր չի, բայց ինքներս զբաղվում ենք, մենք անմիջական կապ ունենք և՛ քննչական օրգանների հետ, և՛ փաստաբանի հետ», - փոխանցել է Աբրահամյանը:

Խնդիրը, ըստ նրա, այն է, որ «ժամանակ է պահանջվում, երկար ժամանակ է պետք, որպեսզի պարզեն եղելությունը»: «Մենք մեր կողմից ասել ենք և ասում ենք, որ այդ մարդը հնարավոր չի, որ մեղավոր լինի, կապված լինի մանավանդ քրեական գործերի հետ: Այդպիսի բան հնարավոր չի, մենք իրեն հավատում ենք, մենք գիտենք, որ դա ժամանակավոր թյուրիմացություն է, դժբախտություն է, որ պետք է մի քիչ համբերություն: Ամեն ինչ կճշտվի, և Լևոն Հայրապետյանին բաց կթողնեն», - ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահը:

«Մենք մեր կողմից ինչ որ հնարավորություն ունենք՝ դա անում ենք: Մենք կարող ենք միջնորդություն գրել, մենք կարող ենք փաստաբանի հետ հանդիպել, մենք կարող ենք լավ խոսքեր ասել այն մարդու մասին, որ իրոք մեծ գործ է արել և՛ Հայաստանի համար, և՛ Սփյուռքի համար», - նշել է Արա Աբրահամյանը:

Հայտնի է, որ Լևոն Հարությունյանը վատառողջ է՝ արդյոք նա բժիշկների վերահսկողության տա՞կ է, այս հարցին Ռուսաստանի հայերի միության ղեկավարը արձագանքել է․ - «Ինքներդ գիտեք, որ երեկ դատարանը երկու ամիս վերցրեց կալանքի տակ: Հիմա մեր հնարավորությունն է, որ մենք կարող ենք օգնել, մենք հիմա բոլոր փաստաթղթերը հավաքում ենք՝ և՛ Ամերիկայից, և՛ բոլոր տեղերից, որպեսզի երկուշաբթի օրը այդ բոլոր փաթեթը, փաստաթղթերը, մեր էդ բողոքը մենք կներկայացնենք, որ էդ մարդը բժշկի կարիք ունի, որ պետք է իրեն թողնեն ժամանակավորապես տանը, որովհետև իրոք դա այդպես է»:

«Եվ այդ փաստաթղթերը հավաքում ենք, բողոքը ներկայացրել ենք, փաստաբանը ասել է, որ արդեն նշանակել են հանձնաժողով քննչական օրգանների, որ էդ խնդիրը նայի: Ինձ թվում է՝ պարզ կլինի, մենք ամեն ինչ անում ենք, որ էդ մարդը գոնե այնտեղ չմնա», - շարունակել է Աբրահամյանը:

«Եվ դրա հետ միասին, և՛ տարբեր մարդիկ, և՛ մեր սրբազանը՝ Եզրասը (Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը), և՛ Հայերի միությունը միջնորդություն ենք գրել, որ իրեն բաց թողնեն», - ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահը:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:

Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, գրում է «Ռոսբալտ» լրատվամիջոցը և ավելացնում, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Իրավապահ մարմիններում Rosbalt-ի աղբյուրները հայտնել են, որ Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 174 հոդված) և փողերի լվացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 160 հոդված) մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունները կատարվել են 2008-ին տեղի ունեցած «Բաշնեֆթ»-ի վաճառքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Իբրև թե Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել է Մակարովի ատրճանակի երկու տուփ փաթեթավորված փամփուշտ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---