Խմբակային հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա. Քրգործ է հարուցվել (թարմացված)

Խմբակային հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա. Քրգործ է հարուցվել (թարմացված)

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ի երեկոյան` ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնյաների և հավատացյալների վրա։ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը հայտարարություն է տարածել` նշելով, որ այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է:

«Նույն օրը, կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով: Նրան օգնություն են առաջարկել Հայ Եկեղեցու հոգևորականը և թեմի պաշտոնյաները:

Սակայն կինը մերժել և զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով, եկեղեցու բակի մոտ օգնել են դուրս բերել մեքենան՝ միաժամանակ ազգային բնույթի հայհոյանքներ տալով հայ հոգևորականի և Առաջնորդարանի պաշտոնեության հասցեին: Եկեղեցու աշխատակիցներից մի քանիսը մոտեցել են, որ կարգի հրավիրեն նրանց, սակայն վերոնշյալները շարունակել են իրենց խուլիգանական պահվածքը և նույնիսկ հարվածել եկեղեցու պաշտոնյային, ինչն էլ պատճառ է դարձել ծեծկռտուքի: Կարճ ժամանակ անց երկու կողմերն էլ հեռացել են:

Երեկոյան կողմ նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջև կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա և դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգևորականներին և Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգևորականներից մեկի լանջախաչը և վերցրել են իրենց հետ:

Այդ պահին եկեղեցուց դուրս են եկել մկրտության արարողության մասնակիցներ, ովքեր փորձել են կարգի հրավիրել հարձակվող ամբոխին, սակայն եկեղեցու դեմ հարձակվողներն այս անգամ ուժ են կիրառել նաև մկրտության եկած ժողովրդի վրա, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, ովքեր այդ տեսարանից երկյուղած, նորից ետ՝ եկեղեցի են մտել: Այդ դաժան տեսարանները նկարահանվել են «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Մինչև ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ և հանդարտեցրել կռվողներին:

Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել և ընթանում է քննություն: Բավական լուրջ վնասվածքներ է ստացել Լևոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր:

Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է:

Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներքին կայունությունը, այս երկրում բազմադարյա միջազգային և միջկրոնական հարաբերությունները և կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները և հետաքննել դրանք՝ որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով»,- նշվում է հայտարության մեջ:

Իսկ Վրաստանի ՆԳՆ-ում կարծում են, որ միջադեպը էթնկի բնույթ չի կրել:

«Միջադեպն էթնիկ բնույթ չի կրել: Բախումը տեղի է ունեցել բակում` մեքենայի կայանման պատճառով: Հետաքննությունն անցկացվում է 125 հոդվածի հատկանիշներով` մարմնական վնասվածքների պատճառում»,- ասել է նախարարության ներկայացուցիչը, գրում է Новости-Грузия-ն:

Թբիլիսիի հայկական եկեղեցու դեմ կատարվածի առնչությամբ խորը մտահոգությունն է հայտնel Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` դատապարտելով ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ սադրիչ ոտնձգությունը վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների ցավալի հետևանքն է:

«Ծայրահեղական նման դրսևորումներն անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած անձանց և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ:

Հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը` նշելով, որ դատապարտում են օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ, ինչը ոչ միայն անընդունելի է, այլ նաև օրենքով պատժելի:

«Վրաստանում ազգային և կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ և քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների և մասնակիցների ինքնությունը և օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:

Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում և զարգացումներում, հետևողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության և Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»,- նշված է հայտարարության մեջ:

Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցու հիմնադրման մասին հավաստի տեղեկություններ գրեթե չեն պահպանվել, սակայն, համաձայն ժողովրդական ավանդության, այն կառուցվել է 1806-ին էջմիածնեցիների կողմից, ինչի համար էլ ստացել է իր անունը՝ Նոր Էջմիածին: Ամենայն հավանականությամբ, եկեղեցու շինարարության գլխավոր նախաձեռնողը հանրահայտ թիֆլիսահայ մեկենաս Ա. Թայիրյանցն է եղել: Ներկայումս Նոր Էջմիածինը Սուրբ Գևորգ եկեղեցու հետ միասին Թբիլիսիում ՀԱԵ երկու գործող եկեղեցիներից մեկն է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---