ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր հիմնական կայանը` Խոսրովի անտառի հարակից տարածքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր հիմնական կայանը` Խոսրովի անտառի հարակից տարածքում

PanARMENIAN.Net - Շարունակելով Հայաստանի հեռավոր, լեռնադիր և նոսր բնակեցված տարածքներում շարժական հաղորդակցության ծառայություններ ապահովելու ծրագիրը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ին հարակից առաջին մասնավոր կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» կոչվող պահպանվող տարածքում հիմնական կայան է տեղադրել:

Նման ռելիեֆով բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ: Անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը: Արտաքին էլեկտրասնուցման համար տեղադրվել է տրանսֆորմատորային ենթակայան և փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը լեռան գագաթին գտնվող հիմնական կայանը միացնում է ստորոտից որոշակի հեռավորության վրա գտնվող էլեկտրական հոսանքի հիմնական աղբյուրին: Հիմնական կայանը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա:

Նորակառույց կայանը ծառայելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաև կնպաստի անձնակազմի և այցելու-գիտնականների կողմից՝ արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Բարձր լեռնային գոտում բջջային կապից օգտվելու հնարավորությունից բացի՝ նորակառույց կայանը թույլ կտա իրական ժամանակում անհրաժեշտ տվյալներ փոխանցել Ուրցաձորի էկոկրթական կենտրոն՝ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկների միջոցով, որոնք տրամադրել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Օրինակ՝ տեսախցիկը կարող է գրանցել վայրի կենդանու առկայությունը և փոխանցել տվյալը համապատասխան հասցեով: Շարժական հաղորդակցության ծառայությունների հասանելիությունը նաև կօգնի կապ պահպանել տարբեր կառույցների հետ, եթե լրացուցիչ միջամտության կարիք առաջանա:

Գերարագ ինտերնետի շնորհիվ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի այցելուները հնարավորություն կունենան հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ ուղարկելու և ստանալու մեծածավալ փաստաթղթեր, կառավարելու վեբ-կայքեր, հետևելու եղանակի տեսությանը և այլն:

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը գտնվում է ժայռերով շրջապատված մեկուսի վայրում: Ձմռանը, առատ ձյան ժամանակ, ճանապարհները կարող են անանցանելի դառնալ: Հետևաբար՝ շարժական հաղորդակցության հասանելիությունն առաջնային անհրաժեշտություն է: Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի ջեռուցումն ու տաք ջրի մատակարարումն իրականացվում է արևային վահանակների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ տրանսֆորմատորային ենթակայանից առանձին հոսանքագիծ կանցկացվի կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու և հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար:

Երկրի հեռավոր վայրերում հիմնական կայաններ կառուցելու որոշում ընդունելիս՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում միայն ներդրումների վերադարձելիության սկզբունքով: Ի թիվս սոցիալական այլ նախագծերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հովանավորում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի երկարաժամկետ ծրագրերը՝ ուղղված Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի պահպանմանը, ուսումնասիրմանը և բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը:

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» նախագիծը հրաշալի միջոց է Հայաստանյան բնության գանձերի և դրանց վտանգվածության մասին միջազգային իրազեկվածության մակարդակի բարձրացման համար:

Ձայնային և տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաև կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Արարատի մարզում:

«Նորարարությունը ինքնանպատակ կլիներ, եթե չծառայեր մարդկության առաջընթացին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի դերը մեր հասարակությունում չի սահմանափակվում բնակչությանը հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շնորհիվ շահույթի ստացմամբ: Շրջակա միջավայրը վտանգված է: Դեպի ծովը ելք չունեցող մեր երկիրը պատկանում է աշխարհի այն 34 տարածաշրջաններին, որոնք «Conservation International» կազմակերպության կողմից ճանաչվել են որպես Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման կարևորագույն գոտիներ: Հայաստանը այն եզակի երկրներից է, որոնք ունեն էնդեմիկ տեսակների հարուստ կենսաբազմազանություն: Մենք պետք է հոգ տանենք մեր բնական ժառանգության պահպանման մասին, այլապես՝ վաղը կարող է չափազանց ուշ լինել»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---