Էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում վարչապետի ամենահավանական թեկնածուն Դավութօղլուն է

Էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում վարչապետի ամենահավանական թեկնածուն Դավութօղլուն է

PanARMENIAN.Net - Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուլիսներում լայնորեն քննարկվում է այն հարցը, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում ով է զբաղեցնելու վարչապետի աթոռը:

Էրդողանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետն ու «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախագահը պետք է միևնույն մարդը լինի: Ըստ Էրդողանի, եթե վարչապետն ու կուսակցության ղեկավարը տարբեր մարդիկ լինեն, ապա արդյունավետ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող:

Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի համաձայն` Էրդողանի այս հայտարարությունը նվազեցրել է Աբդուլլահ Գյուլի` վարչապետ դառնալու շանսերը:

էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի որպես ամենահավանական թեկնածու քննարկվում է ներկայիս արտաքին գերծերի նախարար Ահմեթ Դավութօղլուի անունը: Թուրքական «Հաբեր7» լրատվական կայքի վերլուծաբան Մեհմեթ Աջեթի պնդմամբ` կուսակցության կուլիսներում ամենաքննարկվող անունը Ահմեթ Դավութօղլուն է, գրում է Panorama.am-ը:

Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 10-ին: Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ 51%-ը, օգոստոսի 24-ին տեղի կունենա 2-րդ փուլը: Գործող նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարման 7-ամյա ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին:

Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը նախագահի ընտրություններում առաջադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես առաջադրմանը նվիրված ելույթում հայտարարել է Էրդողանը, օգոստոսյան ընտրությունները պետության կյանքում պետք է «նոր դարաշրջան» բացեն:

Հուլիսի 22-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան կառավարման խորհրդարանական ձևից պետք է անցում կատարի նախագահականի: Նրա խոսքով` նախագահական կառավարումը կարող է օգտակար լինել Թուրքիայի հետագա զարգացմանը:

«Եթե ինձ նախագահ ընտրեք, ես կպաշտպանեմ ազգի շահերը»,- խոստացել է քաղաքական գործիչը: Նա ընտրություններին կմասնակցի «Ազգի կամքն ազգի ուժն է» և «Էրդողանը` ժողովրդի ներկայացուցիչ» կարգախոսներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---