«Նաիրիտ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանձնվի «Որոտանին». Որոշման նախագիծը` Կառավարության օրակարգում

«Նաիրիտ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանձնվի «Որոտանին». Որոշման նախագիծը` Կառավարության օրակարգում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ` «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ արժողությամբ«Նաիրիտ գործարան»-ի 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր արժեքով բաժնետոմսերը կարող է օտարվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հուլիսի 24-ի նիստի օրակարգում:

Կառավարության հիմնավորման համաձայն` «Որոտանը» դրա դիմաց մարված է համարելու «Հայգազարդ» ընկերության առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:

Նույն որոշմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության հանդեպ «Հայգազարդ»-ի բյուջետային վարկերը և այլ պարտավորությունները կմարվեն ընկերության մի շարք ակտիվներ` ՊՆ-ի հանդեպ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով, գրում է Panorama.am-ը:

Այսպիսով, «Նաիրիտ 2»-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարն այս որոշմամբ նախատեսվում է հանձնման-ընդունման ակտով հանձնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և որպես ՀՀ սեփականություն գրանցելուց հետո` ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է:

Հայաստանի կառավարությունը, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ 70 մլն դոլար: Կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը պետք է ներկայացվի, քննարկվի և համաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---