ԵԱՀԿ ՄԽ հերթական հայտարարությունը. Միջնորդները մտահոգված են խաղաղ բնակիչների «թիրախային սպանություններով»

ԵԱՀԿ ՄԽ հերթական հայտարարությունը. Միջնորդները մտահոգված են խաղաղ բնակիչների «թիրախային սպանություններով»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) Վիեննայում հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի ու բռնության սաստկացման կապակցությամբ, այդ թվում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական անձանց «թիրախային սպանություններով»: Համանախագհները «հորդորում են կողմերին պարտավորվել խուսափել զոհերից և միտումնավոր գործողություններ չձեռնարկել գյուղերի ու քաղաքացիական բնակչության դեմ»: Նրանք նաև կոչ են արել նախարարներին մեղմել լարվածությունն ու պահպանել հրադադարի ռեժիմը:

Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հետ հանդիպմանը Բրյուսելում քննարկել են նախագահների հանդիպման օրակարգի հնարավոր կետերը՝ կարևորելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների անհրաժեշտությունը: Նրանք նաև քննարկել են հանդիպումները, որոնք կարող են տեղի ունենալ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում: «Համանախագահները շարունակում են դիտարկել կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված հնարավոր միջոցները ու շփման ծրագրերը ժողովրդների միջև: Նրանք գտնում են, որ նման ծրագրերը նպաստում են վստահության հաստատմանը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության հաստատման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Վիեննայում համանախագահները իրազեկեցին ՄԽ անդամ երկրների ներկայացուցիչներին խաղաղ բանակցությունների ընթացքի մասին:

Հուլիսի 22-ին աշխատանքային այցով Բրյուսել մեկնած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Հայաստանի ԱԳ նախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության ակտիվացման վրա։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլերով ավելի է սրում իրավիճակը՝ ակնհայտորեն հակառակվելով ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու վերաբերյալ միջնորդ երկրների ղեկավարների բազմաթիվ հորդորներին։

«Չնայած միջազգային հանրության արդեն հասցեական դարձող կոչերին` Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իր ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը` շինծու մեղադրանքներով հետապնդելով և բանտարկելով հաշտեցման ու խաղաղության օգտին արտահայտվող ադրբեջանցիներին, ինչը չի նպաստում բանակցություններում դրական մթնոլորտի ձևավորմանը»,-ընդգծել է նախարար Նալբանդյանը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը ԼՂՀ ԶՈւ հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, գնդակոծում են ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլ նաև սահմանամերձ գյուղերը, ինչը կորուստների պատճառ է դառնում նաև խաղաղ բնակչության շրջանում: Բացի այդ, ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձեր է ձեռնարկում:

Հուլիսի 19-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք:

Հատուկ առաջադրանքով հավաքագրել են տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողություններիփաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են երկրի ներսում կուտակած կոռուպցիոն փորձն ու հմտությունները տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ, սեփական հանրային կարծիքը մոլորության մեջ պահելու նպատակով ջանում են որոշ երկրներից կորզել հայտարարություններ, որոնք, գլխիվայր շուռ տալով բանակցային գործընթացի բովանդակությունը, վնասում են դրանց առաջընթացին:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Մինչև հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` նշելով. « Մենք ձգտում ենք կարգավորման` բանակցությունների միջոցով»: Ուորլիքն ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույթում մտահոգություն է հայտնել շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ.«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանում, ինչպես նաև շփման գծում ցանկացած կորստի համար: Մահվան հանգեցնող միջադեպերը «հետընթաց են» կայուն խաղաղության որոնման մեր ջանքերի համար»,- նշել է նա: Հարցին, թե սահմանին լարվածության նման աճի պայմաններում հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր է արդյոք, Ուորլիքը պատասխանել է.«ԱՄՆ-ն և Մինսկի խումբը պատրաստ են օգնել կողմերին խաղաղ լուծում գտնելու հարցում: Ռազմական լուծում գոյություն չունի: Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել նախարարներ Է. Նալբանդյանի և Է. Մամեդյարովի հետ՝ քննարկելու հետագա քայլերը»:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Փարիզ հրավիրելու հարցին, Ուորլիքը նշել է, թե հույս ունեն, որ նախագահները կընդունեն այդ հրավերը:

Բրյուսելում համանախագահները հանդիպել են նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման սկզբունքները, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի գործընթացի արագացման հնարավոր ուղիները, հաղորդում է Trend գործակալությունը:

Ավելի ուշ Ուորլիքն իրTwitter-ի միկրոբլոգում գրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ուղևորվում է Վիեննա` ԵԱՀԿ ղեկավարության հետ ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկելու: Նրա խոսքով` համանախագահները հանդես են գալու հրադադարի ռեժիմի երջին խախտումների մասին հայտարարությամբ:

Photo from Tigran Balayan's Twitter account
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---