Երևանում կբացվի Կոմիտասի թանգարան. Շենքի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է

Երևանում կբացվի Կոմիտասի թանգարան. Շենքի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը կդառնա մեծանուն երգահանի կյանքի և ստեղծագործական գործունեության ներկայացման բացառիկ կենտրոն, որը կապահովի հայ երաժշտական մշակութային ժառանգության ամբողջապես, մաքուր և անաղարտ պահպանումը, ներկայացումը և սերունդներին փոխանցումը:

Թանգարան-ինստիտուտի հիմնման նպատակն է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Չնայած Կոմիտասի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում: Այս ամենը հաշվի առնելով` 2013թ. մայիսի 30-ին նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Սերժ Սարգսյանը թանգարանի հիմնադրմանն անդրադարձել է նաև մայիսին Երևանում տեղի ունեցածՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ընթացքում ունեցած ելույթում` նշելով. «Այս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից»:

Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որն անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը:

Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Այս նախաձեռնությունը մշակույթի ոլորտի 2014-ի գերակա ուղղություններից է: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և 2014 թվականը հռչակվել է մեծ երգահանի տարի:

Նախագիծը մշակվել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի իրավաբանական ու մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունների կողմից:

Հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և վարդապետ Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։

Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա:

1915-ին, ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը, կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---