ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է հրադադարից. Իսրայելյան գործողության արդյունքում առնվազն 700 զոհ կա

ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է հրադադարից. Իսրայելյան գործողության արդյունքում առնվազն 700 զոհ կա

PanARMENIAN.Net - Իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Հալեդ Մաշաալը հայտարարել է Քաթարում կայացած մամուլի ասուլիսում, որ հրադադարն Իսրայելի հետ անհնար է առանց Գազայի հատվածի ապաշրջափակման: «Բոլորն ուզում են, որ մենք սկզբից համաձայնվենք դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն բանակցենք մեր իրավունքների համար: Բայց մենք համաձայն չենք այդ պայմաններին ու հերթական անգամ մերժում ենք դրանք»,-պարզաբանել է Մաշաալը: ՀԱՄԱՍ-ի այլ պահանջների թվում է Ռաֆահ հսկիչ անցակետի բացումն ու բանտերից գրոհային խմբավորումների անդամներին ազատ արձակելը: ՀԱՄԱՍ-ը մտադիր է հետագայում ևս հրաժարվել հրադադարից՝ քանի դեռ այդ պայմանները չեն ընդունվել, զգուշացրել է Մաշաալը:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը սատարել է հումանիտար հրադադարի գաղափարին՝ նշելով, որ նրանց մի քանի ժամ է հարկավոր վիրավորներին տարհանելու ու հումանիտար օգնություն հասցնելու համար: Մինչդեռ, ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Վալերի Ամոսը հայտնել է, որ Գազայի հատվածի բնակիչներն առաջիկայում կարող են հայտնվել սովամահության եզրին: Բացի այդ, ջրի սուր պակաս կա, քանի որ Իսրայելը արգելափակել է Պաղեստինի տարածքի մոտ կեսի կապն աշխարհի հետ: Նախկինում ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը դատապարտել էր Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները: Փիլայը նաև դատապարտել էր ՀԱՄԱՍ-ին Իսրայելի վրա հարձակման համար՝ հայտարարելով, որ խմբավորման գրոհայիններն «անկանոն» հրթիռակոծություն են իրականացնում: ՄԱԿ ներկայացուցիչները վստահ են նաև, որ զոհվածների մոտ 74 տոկոսը Գազայում երեխաներ են: Այդ տվյալները հիմնված են պաղեստինյան կողմի տվյալների վրա, հայտնում է BCC Ռուսական ծառայությունը:

Վերջին 15 օրում ռազմական գործողության հետևանքով առնվազն 700 պաղեստինցի է զոհվել և Իսրայելի շուրջ 30 զինծառայող, ինչպես նաև 3 խաղաղ բնակիչ:

Ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մերի Հարֆի, ԱՄՆ-ն դեմ է հանդես գալիս Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բանաձևին, որը չորեքշաբթի օրը հետաքննող անկախ հանձնաժողով ստեղծեց Գազայի հատվածում իրադարձությունները քննելու համար: Հարֆը նշել է, որ իրենք դեմ են քվեարկել բանաձևին, քանի որ գնահատում են այն որպես միակողմանի ու կանխակալ: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի սատարել Իսրայելին, նույնիսկ եթե ստիպված լինի անել դա միայնակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2014-ի հուլիսին Իսրայելը «Անբեկանելի ժայռ» գործողությունը սկսեց պաղեստինյան անկլավում, որի նպատակը հայտարարվեց պաղեստինյան կողմից հրթիռակոծությունների կասեցման անհրաժեշտությունը: Մինչև հուլիսի 17-ը Իսրայելը սահմանափակվում էր հեռահար հարվածներով օդից ու հատուկ նշանակության ջոկատների գործողություններով: Սակայն այդ օրվա երեկոյից իսրայելյան բանակը սկսեց ցամաքային ներխուժում Գազայի հատված, որոնց հիմնական նպատակն էր պաղեստինցի գրոհայինների փորած թունելների ոչնչացումը:

Գործողության ժամանակ երկու անգամ հրադադար եղավ: Առաջինն իսրայելցիները հայտարարեցին հուլիսի 15-ին, համաձայնվելով ընդունել եգիպտական խաղաղ նախաձեռնությունը: Այն շարունակվեց վեց ժամ և կասեցվեց գրոհայինների՝ հրթիռակոծությունները դադարեցնելու հրաժարվելու պատճառով: Երկրորդը, այսպես կոչված հումանիտար հրադադարը հայտարարվեց հուլիսի 17-ին, այն ևս վաղաժամ ավարտվեց:

2007-ի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ը, հաղթելով տեղական ընտրություններում, ուժով վերցրեց իշխանությունը Գազայում, Իսրայելը Գազայի հատվածը հայտարարեց «թշնամական պետական կազմավորում» և Եգիպտոսի հետ միասին սկսեց նրա մասնակի տնտեսական շրջափակումը: Միևնույն ժամանակ ներքաղաքական իրավիճակը Գազայում ծայրահեղ անկայուն է: Բնակչության շատ բարձր խտության ու աշխարհում ամենամեծ գործազրկության մակարդակն է գրանցվել, ինչն էլ, ըստ որոշ մեկնաբանների, հանգեցրել է այդ տարածքի վերածմանը «անարխիայի ու ահաբեկչության անկլավի»: Զենքի ամենօրյա մաքսանենգության փաստը Եգիպտոսից ստորգետնյա թունելներով էլ ավելի է սրում իրավիճակը: ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան իսլամիստական շարժում է ու քաղաքական կուսակցություն, որն իշխող է Գազայում, ահաբեկչական կազմակերպություն է համարվում Եվրամիության, Իսրայելի, Կանադայի, ԱՄՆ ու Ճապոնիայի կողմից, այն արգելված է Հորդանանում ու Եգիպտոսում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---