Էրդողանն Իսրայելի քայլերը հիմա էլ համեմատել է հրեաների դեմ նացիստների գործողությունների հետ

Էրդողանն Իսրայելի քայլերը հիմա էլ համեմատել է հրեաների դեմ նացիստների գործողությունների հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի քաղաքականությունն Իսրայելի հարցում ուղղված չէ հրեա ժողովրդի դեմ:

Ըստ նրա, կան որոշակի ուժեր, որոնք ցանկանում են Անկարայի կոշտ քաղաքականությունն Իսրայելի ագրեսիայի հարցում պաղեստինցիների դեմ ներկայացնել որպես հակասեմիտիզմ, ինչն անթույլատրելի է Թուրքիայում: Ըստ Էրդողանի, հրեաները Թուրքիայում պետության պաշտպանության ներքո են, ինչպես և մյուս քաղաքացիները:

Ըստ պաշտոնական վիճակագրության, այժմ Թուրքիայում մոտ 22 հազար հրեա է ապրում: Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թր Անկարան չի լռելու, թեև Արևմուտքի որոշ երկրներ աչք են փակում Իսրայելի գործողությունների վրա՝ դա հիմք է տալիս մտածելու, որ նրանք ևս պաղեստինցիների դեմ ռազմական ագրեսիայի կողմնակիցներ են:

Ավելին, Էրդողանը համեմատել է Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ հրեաների դեմ նացիստների գործողությունների հետ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ավելի վաղ Էրդողանն Իսրայելի գործողությունները Պաղեստինի դեմ անվանել է «պետական ահաբեկչություն» և «ցեղասպանություն»:

«Ներկայումս Իսրայելն ահաբեկչությամբ է զբաղվում, Իսրայելը ցեղասպանություն է գործում,-հայտարարել է Էրդողանը: -Իսրայելը սպառնում է համընդհանուր խաղաղությանը, խաղաղությանը Մերձավոր Արևելքում»: Էրդողանը հավելել է, որ քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի կարող ոչ մի լավ բան ասել Իսրայելի մասին: Բացի այդ, ըստ Էրդողանի, Թել Ավիվը նպատակ ունի «թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹՀ-ը միավորվեն և ցանկանում է բացառել ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը Մերձավոր Արևելքում կարգավորման շուրջ եգիպտական բանակցություններին: Վարչապետը հավելել է, որ «այժմ Իսրայելը կարող է հաղթող թվալ, բայց, ի վերջո, տանուլ է տալու»: Էրդողանը Ստամբուլ է հրավիրել Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին: Կողմերը մտադիր են քննարկել վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում:

Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացն ի պատասխան թուրք առաջնորդին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։ Նախարարը նշել է, որ 1915-ից՝ 1918-ն Օսմանյան կայսրությունում 600 հազարից մինչև 1 մլն հայ է սպանվել, ու թուրք առաջնորդը չէ, որ պետք է ինչ-որ մեկին մեղադրի «ցեղասպանության» մեջ, Facebook-ի իր էջում գրել է Կացը:

Հուլիսի 7-ից Իսրայելը բանակային գործողություն է իրականացնում Գազայում, որի նպատակն է երաշխավորված ու տևական ժամանակով կասեցնել պաղեստինյան հրթիռակոծությունները, խարխլելով անկլավում իշխող իսլամիստական ՀԱՄԱՍ-ի ու գրոհայինների այլ խմբավորումների ներուժը: Չնայած Գազայի հատվածի ռմբակոծություններին, որոնց թիվը գերազանցել է 1,4 հազարը, գրոհայինները շարունակում են գնդակոծել Իսրայելի խոշորագույն հարավային քաղաքներն ու կենտրոնական հատվածը: Վերջին 15 օրում ռազմական գործողության հետևանքով առնվազն 700 պաղեստինցի է զոհվել և Իսրայելի շուրջ 30 զինծառայող, ինչպես նաև 3 խաղաղ բնակիչ:

Բացի այդ, այդ ընթացքում Գազայում 208 երեխա է զոհվել և 101 կին: Վիրավոր երեխաների քանակը գերազանցել է 1779, իսկ վիրավոր կանանց քանակը հասել է 1112:

Ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի բանակը 80 զինծառայող է կորցրել, մոտ 300-ը վիրավորվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---