Քեսաբի Սբ Աստվածածին հայկական եկեղեցին վերաօծվել է

Քեսաբի Սբ Աստվածածին հայկական եկեղեցին վերաօծվել է

PanARMENIAN.Net - Քեսաբի Գարատուրան շրջանի Սբ Աստվածածին հայկական եկեղեցին հուլիսի 25-ին բազմության ներկայությամբ վերաօծվել է: Օծման կարգը վարել է Բերիո թեմի առաջնորդ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում արված գրառման համաձայն, հուլիսի 27-ին Վարդավառի տոնի առթիվ սրբազան հայրը Քեսաբի ազատագրումից հետո առաջին պատարագն է մատուցել եկեղեցում:

Իր այցի ընթացքում սրբազան հայրը հավատացյալ ժողովրդին է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի օրհնությունն ու անվերապահ զորակցությունը: Հոգևոր առաջնորդը տեղեկացել է տեղափոխված քեսաբահայերի դժվարություններին ու կարիքներին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ է բնակվում, կա 11 հայկական գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին:

Հունիսի 16-ին Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ մեծ թվով ավազակային կազմավորումների անդամների ոչնչացնելով ու նրանց տեխնիկան ու զենքը շարքից հանելով, բանակային ստորաբաժանումները վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը Քեսաբ քաղաքում: Հրամանատարության հայտարարության մեջ կարևորվում է այդ հաջողությունը կապված այդ բնակավայրի առանձնահատուկ աշխարհագրական դիրքի հետ, քանի որ ձախողվեց Թուրքիայի հետ սահմանին դեպի ծով ելքով պլացդարմի ստեղծումն ահաբեկիչների կողմից:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---