Բիրյուլովյան մարդասպան Զեյնալովը կնստի 17 տարի. Նա դեռ շարունակում է խոսել իր անմեղության մասին

Բիրյուլովյան մարդասպան Զեյնալովը կնստի 17 տարի. Նա դեռ շարունակում է խոսել իր անմեղության մասին

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին 17 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում Եգոր Շչերբակովի միտումնավոր սպանության համար:

Ավելի վաղ Մոսկվայի քաղդատարանը նրան մեղավոր ճանաչեց սպանության մեջ: Դատավոր Նիկոլայ Տկաչուկը մասնակիորեն բավարարեց տուժածի հոր քաղաքացիական հայցը՝ գանձելով դատապարտյալից 3 մլն ռուբլի որպես հատուցում:

Որոշում կայացնելիս դատավորը խոստովանել է, որ մեղադրյալը կարող է ուղղվել միայն պատիժը կրելով խիստ ռեժիմի գաղութում: Դատավճռի հրապարակումից հետո դատավորը հետաքրքրվել է, թե հասկանլի է արդյոք դատավճիռը մեղադրյալի համար, վերջինս պատասխանել է. «Անհասկանալի է, ես անմեղ եմ»:

Ինչպես ասվում է դատավճռում, ամբաստանյալի մեղքը հաստատել են վկաների ցուցմունքները, բանակցությունների վերծանումը, դիտարկման տեսախցիկի տեսագրությունը, փորձագետների եզրակացությունները: Դատավորը նաև եկել է այն եզրակացության, որ Զեյնալովի գործողությունները միտված էին Շչերբակովի սպանությանը, այլ ոչ թե ինքնապաշտպանական բնույթ էին կրում, ինչպես պնդում էին մեղադրյալն ու նրա պաշտպանությունը: Դատարանը հաշվի է առել, որ Շչերբակովը հանդիպել է Զեյնալովին այն բանից հետո, երբ կինը, որին վերջինս հետապնդում էր, կարողացել է թաքնվել շենքի մուտքում: Միևնույն ժամանակ դատապարտյալի հարազատները բնութագրել են նրան որպես շուտ բռնկվող և բռնության հակում ունեցող անձի: Դա հաստատել է նաև հոգեբանական փորձաքննությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սպանվածի ծնողներն ու պետական մեղադրողը համաձայն են Մոսկովյան դատարանի դատավճռին: «Դատավորները նման որոշում կայացրեցին և մենք համաձայն ենք դրան»,-ասել է Շչերբակովի մայրը: Նա հավելել է, որ չէր ցանկանա, որ Զեյնալովին մահապատժի ենթարկեին: «Ես չեմ կյանք տվել այդ մարդուն և չեմ կարող խնդրել խլել այն»,-ասել է նա: «Այն, որ նա կրելու է այդ պատիժը, ճիշտ է ու արդար»,-ասել է Շչերբակովի հայրը: Պատասխանելով լրագրողների հարցին, նա հայտնել է, որ Բիրյուլովոյում բանջարեղենի ու մրգի բազայի փակումից հետո « իրադրությունը շրջանում շատ ավելի հանգիստ է, մարդիկ իրենց ավելի վստահ ու անվտանգ են զգում»:

«Դատախազությունը կարծում է, որ դատավճիռը համապատասխանում է օրենքի պահանջներին»,-հայտնել է մեղադրողը լրագրողներին: Նա նաև հավելել է, որ բավարար է նաև պատժի սահմանված չափը:

Պաշտպանության ներկայացուցիչները հայտարարել են, որ դատարանում չի ապացուցվել սպանության միտումնավոր բնույթը: Ըստ փաստաբանների, սպանվածի կողմից սադրանք է եղել: Դատապաշտպանները նշել են, որ մտադիր են բողոքարկել դատավճիռը ՌԴ Գերագույն դատարանում, սակայն վերջին խոսքն այս հարցում իրենց պաշտպանյալինն է: Եգոր Շչերբակովի սպանությունը կատարվել է 2013 թ. հոկտեմբերի 10-ին: Ըստ քննության, գիշերը ժամը 2-ին մոտ Եգոր Շչերբակովը տուն էր վերադառնում ընկերուհու հետ: Շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում էր Շչերբակովը, նրան է մոտեցել մի անհայտ տղամարդ, որը վիրավորել է աղջկան: Տղամարդկանց միջև լեզվակռիվ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Շչերբակովը դանակով հարված է ստացել սրտի շրջանում: Հարձակվողը փախուստի է դիմել և հեռացել է հանցագործության վայրից:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ դարձավ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանը, որը, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները շրջանի պարեկում են կազմակերպել: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում:«Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ:

Հոկտեմբերի 16-ին Զեյնալովին բերման ենթարկեցին Մոսկվա ուղղաթիռով մերձմոսկովյան Կոլոմնայից: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: Նրա ձերբակալությանն աջակցելու համար Զեյնալովի վարձակալած բնակարանի տիրոջը 1 մլն ռուբլի էին խոստացել ՆԳՆ-ում:

Օրհան Զեյնալովին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 150 հոդվածի 2-րդ կետով՝ «Սպանություն խուլիգանական դրդումով»: Սկզբում խոստովանական ցուցմունքներ տալոով, հետագայում նա հրաժարվել է դրանցից և ասել, թե հարձակման զոհ է դարձել ու պաշտպանվել է:

Օրհան Զեյնալովը աշխատանքի մշտական վայր Մոսկվայում չուներ և մասնավոր տաքսի էր վարում: Ինչպես ասվում է ՌԴ ՔԿ պաշտոնական հաղորդագրության մեջ, Զեյնալովը «չարաշահում է սպիրտային խմիչքները»: Քննիչները բնութագրել են նրան որպես ագրեսիվ ու բռնկվող:

Ինչպես հայտնի դարձավ քննության ընթացքում, դեռ 2011-ին Զեյնալովը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որի հետևանքով ծանր վնաս է հասցվել մարդու առողջությանը (ՌԴ ՔՕ 264 հոդված):

Ինչպես պարզեց դատարանը, լինելով «Գազել» մակնիշի բեռնատարի ղեկին, Զեյնալովը վրաերթի է ենթարկել մոտոցիկլիստին, որը հաշմանդամ է դարձել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---