ԶԼՄ-ներ. Ստամբուլի մզկիթներում ԻԼԻՊ գրոհայինները վարժեցնում են ադրբեջանցիներին ու Սիրիա ուղարկում կռվելու

ԶԼՄ-ներ. Ստամբուլի մզկիթներում ԻԼԻՊ գրոհայինները վարժեցնում են ադրբեջանցիներին ու Սիրիա ուղարկում կռվելու

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կազմակերպությունը գործնականում Ստամբուլի բոլոր մզկիթներն օգտագործում է Ադրբեջանի քաղաքացիներին Սիրիայում կռվելու նպատակով նախապատրաստելու համար: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ջաֆարիտների կրոնական շարժման առաջնորդներից մեկը՝ Հասան Քանաալթին:

Ըստ նրա, կազմակերպությունը հսկողության տակ է առել մի շարք մզկիթներ Ֆաթիհում, Աթաշեհիրում, Էսենյուրտում ու Բաղչիլարում: Ադրբեջանցի երիտասարդները վարժեցվում են այդ մզկիթներում, հետո գործուղվում են Սիրիա պատերազմելու:

«Իշխանություններն անգործության են մատնված և մենք պատրաստվում ենք ապահովել մեր համայնքի անդամների անվտանգությունը: Մենք հանդիպել ենք ՆԳ նախարար Աֆղան Ալադանի հետ, սակայն արդեն 10 օրից ավելի է պատասխան չունենք նրանից»,-ասել է Քանաալթին:

Նա նաև նշել է, որ մի քանի օր առաջ գրոհ է եղել Մուհամմադիյա մզկիթի վրա, որտեղ հավաքվում էին ջաֆարիտների համայնքի անդամները, որի ետևում, ենթադրաբար, կանգնած են ԻԼԻՊ անդամները:

«Մեզ ասացին, որ ազան թույլ չեն տա: «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» հաստատվել է նաև Ֆաթիհում: Այնտեղ սալաֆիտները բրոշյուրներ են բաժանում և շիաների դեմ ուղղված քարոզչություն են վարում: Նրանք իրենց ներկայացուցչությունների ցանցն են ստեղծել Աթաշեհիրում, որտեղ Սիրիա մեկնելուց առաջ մի քանի օր հյուրընկալվում են երիտասարդ ջիհադականներն Ադրբեջանից: Պետությունը չի կարող չիմանալ դրա մասին»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Ավելի վաղ գրոհայինները վերջնագիր էին ներկայացրել Իրաքի քրիստոնեական բնակչությանը՝ իսլամ ընդունել կամ կրոնական հարկ վճարել, հակառակ դեպքում նրանց մահ է սպառնում:

Խմբավորման որոշումը, որը հսկողության տակ է առել Իրաքի հյուսիսային շրջանների մի մասը, տարածվել է Մոսուլ քաղաքում: Այնտեղ վերապահվում են այն պայմանները, որոնք պահպանելու դեպքում քրիստոնյաները, կամ այլ ոչ մահմեդականները, կարող են շարունակել ապրել կազմակերպության կողմից վերահսկվող տարածքներում, որոնք գրոհայիններն իրենք խալիֆատ են անվանում: Նրանց, ով կցանկանա իսլամ ընդունել, կպարտադրեն պայմանագիր կնքել, որը հայտնի է շարիաթական իրավունքում որպես «դհիմմա»:

«Դհիմման» պայմանագիր է, որը կանոնակարգում է ոչ մահմեդականների կյանքը իսլամական պետությունում, այն դասվում է իսլամի ակունքների դարաշրջանին, այսինքն 7-րդ դարին: Սակայն 19-րդ դարի կեսերին՝ Օսմանյան կայսրության բարեփոխման շրջանում, այն արդեն մոռացության էր մատնված:

Պաշտպանություն ստանալու համար մահմեդական տարածքներում քրիստոնյաները ստիպված են լինելու հատուկ հարկ վճարել, որը կոչվում է «ջիզյա»: «Եթե նրանք հրաժարվեն, սրի կմատնվեն»: Քրիստոնյաներին, որոնք չեն ցանկանում ենթարկվել, երկու օր տվեցին լքելու համար այսպես կոչված «իսլամական խալիֆատի» սահմանները: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման այս հայտարարությունը տարածվել էր սիրիական Ռաքքա քաղաքում փետրվարին: Ըստ իսլամիստների պահանջների, քրիստոնյաները հարկը պետք է վճարեն ոսկով, կամ հավատարմություն դրսևորեն նոր կրոնին կյանքից չզրկվելու համար:

Դեռ 10 տարի առաջ քրիստոնյաների քանակը Մոսուլում հասնում էր 100 հազարի, սակայն Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ զորքերի Իրաք ներխուժելուց ի վեր բազմաթիվ հարձակումները ստիպեցին նրանց հեռանալ տներից: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ագրեսիայի մեկնարկից ի վեր նրանց թիվը կրճատվել էր մինչև 5 հազարը, այս պահի դրությամբ մնացել է ընդամենը 200:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---