Մինսկի խումբը «ցավակցում է սահմանին և շփման գծում միջադեպերի հետևանքով տուժողներին»

Մինսկի խումբը «ցավակցում է սահմանին և շփման գծում միջադեպերի հետևանքով տուժողներին»

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հուսով է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:

«ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան կարգավորման գործում: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում հակամարտության կողմերի հետ հետագա քայլերի քննարկման նպատակով: Մենք հուսով ենք, որ ոչ հեռու ապագայում տեղի կունենա նաև հանդիպում նախագահների մակարդակով»,-հայտարարել է Հեֆերնը Երևանում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի հաշվին է այսօր պահպանվում ստատուս քվոն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հաշվի առնելով հաճախակի դարձած դիվերսիոն գործողությունները սահմանին:

Ըստ նրա, համանախագահների վերջին ուղերձը բավականին հստակ էր ու հետևողական: «Հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են»,-հավելել է Հեֆերնը:

Դիվանագետը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն խստիվ դատապարտում է ռազմատենչ հռետորաբանությունը և հրադադարի խախտման դեպքերը, ցավակցություն հայտնելով բոլոր նրանց, ով տուժում է սահմանին և շփման գծում միջադեպերի հետևանքով:

«Պետքարտուղար Ջոն Քերին հաստատեց մեր հավատարմությունը կարգավորման հասնել խաղաղ բանակցությունների միջոցով»,-ամփոփել է Հեֆերնը, հայտնում է Panorama.am-ը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը իր ելույթում, որը նվիրված էր դիվանագիտական առաքելության ավարտին, հայտարարել է նոր փորձերի անհրաժեշտության մասին, ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար:

«Խաղաղությունը տարածաշրջանում անհրաժեշտ օգուտը կտա մարդկանց…»,-ասել է դեսպանը:

«Ողբերգական կորուստներն ու ցանկացած լարվածությունն Ադրբեջանի ու Հայաստանի զորքերի շփման գծում մեծ մտահոգություն է առաջացնում», ասել է Մորնինգսթարը՝ խոսելով ԼՂՀ-ում ադրբեջանցի դիվերսանտների կալանավորման մասին:

«Ես տեղյակ եմ, որ իրադարձությունները շփման գծում շատ են մտահոգում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, և դա մեկ անգամ ևս ապացուցում է այդ սարսափելի հակամարտությունը սեղմ ժամկետում կարգավորելու անհրաժեշտությունը»,-ասել է դեսպանը:

Ըստ նրա, ԱՄՆ-ն կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Հուլիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) Վիեննայում հանդես եկան հայտարարությամբ, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի ու բռնության սաստկացման կապակցությամբ, այդ թվում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական անձանց «թիրախային սպանություններով»: Համանախագհները «հորդորում են կողմերին պարտավորվել խուսափել զոհերից և միտումնավոր գործողություններ չձեռնարկել գյուղերի ու քաղաքացիական բնակչության դեմ»: Նրանք նաև կոչ են արել նախարարներին մեղմել լարվածությունն ու պահպանել հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական ստորաբաժանումները, պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը ԼՂՀ ԶՈւ հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, գնդակոծում են ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլ նաև սահմանամերձ գյուղերը, ինչը կորուստների պատճառ է դառնում նաև խաղաղ բնակչության շրջանում: Բացի այդ, ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձեր է ձեռնարկում:

Հուլիսի 19-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք:

Հատուկ առաջադրանքով հավաքագրել են տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողություններիփաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են»: Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկեց դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնեցին, որ գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Խաչատուր Լևոնի Բադասյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---