Կրակոցներ սահմանամերձ գյուղերում. Ադրբեջանցիները գնդակոծել են Տավուշը

Կրակոցներ սահմանամերձ գյուղերում. Ադրբեջանցիները գնդակոծել են Տավուշը

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը համարժեք պատասխանել է կրակոցներին, ինչից հետո սահմանում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի:

Միաժամանակ ադրբեջանական Haqqin.az կայքը «Ենի Մուսավաթ» թերթին հղումով գրում է, որ իբր հայկական Զինված ուժերն են կեսօրից սկսած մինչև ուշ գիշեր կրակել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ: «Հայկական կողմը 10-15 րոպեն մեկ կրակ է բացում խոշոր տրամաչափի զինատեսակներից: Զոհերի մասին տեղեկատվություն չկա»,- գրում է գործակալությունը:

Հուլիսի սկզբից ադրբեջանական կողմը մշտապես գնդակոծում է Տավուշի մարզի դիրքերն ու սահմանամերձ գյուղերը: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, որպեսզի միջնորդեն և գյուղացիները կարողանան անվտանգ շարունակել բերքահավաքը:

Հուլիսի 26-ին Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր գյուղերի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցներին, ասել է, թե մենք հակառակորդի անկանոն կրակոցներին չենք արձագանքել, իսկ երբ սկսել են կրակել կանոնավոր, հակադարձել ենք:

«Բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, նրանք ունեն վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- նշել է նա:

Լրագրողների դիտարկմանը, թե բերքահավաքի աշխատանքների իրականացնելու հարցում սահմանամերձ գյուղի բնակիչները դիմել են Կարմիր խաչին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է.«Մենք հատկապես այս փուլում միշտ գյուղացիների կողքին ենք»: Նա նաև նշել է, որ հաշվի առնելով բերքահավաքի շրջանը, հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ:Հանդիպմանը հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար:

Ադրբեջանական դիրքերից հուլիսի 21-ին կրկին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի դաշտերի ուղղությամբ ու խանգարել գյուղատնտեսական աշխատանքներին, կրակել են դաշտում աշխատող տեխնիկայի վրա:

Հուլիսի 4-ի առավոտյան Պառավաքար գյուղում ևս կրակոցներ են եղել՝ տուժողներ չկան։ Գյուղում հունիսի 28-ին հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում էր ստացել 16-ամյա Արմեն Բրուտյանը, որն աշխատում էր խաղողի այգում: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը:

Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի նշանառության տակ են,սահմանիցմի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Դպրոցի ու մանկապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նախաձեռնել է պաշտպանիչ պատի կառուցում: Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---