Օբաման կորցնում է հեղինակությունը. Հիմա նրա օգտին կքվեարկեր ամերիկացիների 44%-ը

Օբաման կորցնում է հեղինակությունը. Հիմա նրա օգտին կքվեարկեր ամերիկացիների 44%-ը

PanARMENIAN.Net - CNN հեռուստաալիքը կանխատեսումներ է արել ԱՄՆ-ում 2016-ին կայանալիք նախագահական ընտրություններում հավանական հաղթողների մասին, թեև ոչ դեմոկրատներից, ոչ հանրապետականներից դեռ ոչ ոք չի հայտարարել ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին: Իր հարցման մեջ հեռուստաալիքը ներկայացրել է Սպիտակ տան ապագա ղեկավարի հետևյալ հավանական թեկնածուներին՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին և հանրապետական Միթ Ռոմնիին:

Հարցումը հաստատել է. հանրապետականների ճամբարում այդպես էլ չհայտնվեց այնպիսի քաղաքական գործիչ, որն ունակ կլիներ առավել արժանի թեկնածու հանդիսանալ, քան Ռոմնին: Ըստ հարցման, եթե նախագահական ընտրություններն այսօր տեղի ունենային և Ռոմնիի մրցակիցը լիներ գործող նախագահ Բարաք Օբաման, Ռոմնին կկարողանար ռևանշի հասնել 2012-ի պարտության համար՝ ստանալով ձայների 53 տոկոսը, այն դեպքում, երբ Օբամայի օգտին պատրաստ է քվեարկել ընդամենը 44 տոկոսը:

Թեև Միթ Ռոմնիին վիճակված չէ ռևանշ վերցնել Օբամայից, որը չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում երրորդ անգամ: Ընդ որում Ռոմնին շանս չունի հաղթելու դեմոկրատների ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնին: Ըստ հարցման, եթե Քլինթոն-Ռոմնի մենամարտը նախագահի աթոռի համար այսօր տեղի ունենար, նախկին պետքարտուղարն առաջ կանցներ հանրապետական մրցակցից 13 տոկոսով՝ 55 տոկոս 42-ի դիմաց:

Ընդ որում Քլինթոնին նախապատվություն կտային բնակչության գրեթե բոլոր խմբերը: Ռոմնին մի փոքր գերազանցում է Քլինթոնին միայն տղամարդկանց շրջանում ՝ 49 տոկոս 48-ի դիմաց, և սպիտակամորթ ամերիկացիների շրջանում՝ տարբերությունը կազմում է 6 տոկոս: Փոխարենն աֆրոամերիկացիների շրջանում Քլինթոնն օգտվում է 77 տոկոսի աջակցությունից, իսկ ամերիկուհիների շրջանում գրեթե կրկնակի առավելություն ունի՝ 62 տոկոս 36-ի դիմաց:

Մինչդեռ Հիլարի Քլինթոնը դեռ չի հաստատել, որ պատրաստ է մասնակցել նախագահական ընտրարշավին: Իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, պատասխանելով CNN-ի հարցին, թե արդյոք իր կինը կպայքարի նախագահի պաշտոնի համար, հայտարարել է. «Նրան ժամանակ է պետք մտածելու համար», գրում է Russia Today-ը:

Ըստ CNN-ի մեկ այլ, ավելի վաղ արված հարցման, Օբաման առաջ է անցել Ջորջ Բուշ-կրտսերից նրան իմփիչմենթ հայտարարելու ցանկացողների քանակով: Ըստ հարցման տվյալների, ստացվում է, որ ԱՄՆ բնակիչների 33 տոկոսը գտնում է, որ Բարաք Օբաման պետք է հեռանա պաշտոնից:

Նախորդ նախագահ Ջորջ Բուշի նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նրա հրաժարականն էր ցանկանում միայն 30 տոկոսը:

Բարաք Օբաման իր հեղինակությունը սկսեց արագ կորցնել այս ամռանը և դա կապված է նրա լղոզված դիրքորոշման հետ տարբեր միջազգային հարցերում, այդ թվում Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ: Հանրապետականները խստորեն քննադատում են Օբամայի քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինային չսատարելու համար: Օբամայի հասցեին առավել խիստ քննադատություն է հնչում սենատոր Ջոն Մաքքեյնի, Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլինի կողմից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---