Չնայած Ալիևի բարձրագոչ խոսքերին, Պետդեպը հաստատում է. Ադրբեջանում կրոնի ազատության հարցում խնդիրներ կան

Չնայած Ալիևի բարձրագոչ խոսքերին, Պետդեպը հաստատում է. Ադրբեջանում կրոնի ազատության հարցում խնդիրներ կան

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է դավանանքի ազատության հերթական զեկույցը, որտեղ նշվում է, որ միլիոնավոր հավատացյալներ աշխարհում կրոնական հետապնդման են ենթարկվել 2013 թվականին և ստիպված են եղել լքել իրենց տները:

Մասնավորապես, Սիրիայում եռամյա ճգնաժամից հետո գործնականում քրիստոնյաներ չեն մնացել: Փատաթղթում նշվում է, որ մինչ պատերազմը Հոմս քաղաքում ապրում էր մոտ 160 հազար քրիստոնյա: Ներկայումս նրանց քանակը գերազանցում է հազարը:

Զեկույցում մտահոգություն է հայտնվում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում կրոնական բռնության աճի վերաբերյալ, որտեղ բախումներ են տեղի ունենում քրիստոնյաների ու մահմեդականների միջև: 2013-ի դեկտեմբերին հակամարտության արդյունքում առնվազն 700 մարդ է մահացել Բանգի քաղաքում: Բացի այդ, շուրջ 1 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ տներից:

«Ամբողջ աշխարհում մարդիկ դառնում են խտրականության, բռնության ու ագրեսիայի զոհ ուղղակի այլ կրոն դավանելու համար»,-ասվում է զեկույցում, հայտնում է NEWSru.com-ը:

Ըստ Haqqin.az-ի, զեկույցի առանձին բաժին է նվիրված Ադրբեջանին: Այնտեղ նշվում է, որ թեև Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունը, գործնականում «ոչ ավանդական» կրոնների ու շարժումների համար լուրջ սահմանափակումներ կան:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ընդհանուր առմամբ կառավարությունը չի միջամտում կրոնական խմբավորումների գործունեությանը, թեև կրոնական կազմակերպություններից պետական գրանցում է պահանջվում: Ուստի չգրանցված կազմակերպություններն ու դրանց անդամները տուգանքների են ենթարկվում: Զեկույցում ասվում է, որ Կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետկոմիտեն հզոր զենք է կրոնական համայնքների դեմ: Իսլամական համայնքների գրանցման հարցում կարևոր դեր է կատարում նաև Կովկասի մահմեդականների վարչությունը:

Օրենսդրությունն արգելում է օտարերկրացիների կողմից երկրի քաղաքացիների շրջանում կրոնի քարոզումը: Միևնույն ժամանակ ճանաչվում է քաղաքացիների դավանանքի ընտրության իրավունքը: Իրավապահ մարմինները ռեյդեր են կատարել նուրսիստների ու որոշ քրիստոնյա խմբերի դեմ՝ ապօրինի գործունեության պատրվակով:

Չնայած դպրոցներում հիջաբ կրելու արգելքին, կառավարությունն այնքան էլ խիստ չէ այդ հարցում: Սակայն բողոքի մի շարք ակցիաներ այդ արգելքի դեմ վճռականորեն կասեցվել են:

Մզկիթների բացման ու փակման հարցը մնում է կառավարության իրավասության շրջանակում, 2010-ին փակված մզկիթներից ոչ մեկը չի բացվել:

Պետք է նշել, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շնորհավորելով իր ժողովրդին Ռամազանի առիթով, հայտարարել է, որ «պետական-կրոնական հարաբերությունները, դավանանքի ազատությունը մեր երկրում կանոնակարգվում են ըստ միջազգային օրենքների ու նորմերի: Ադրբեջանում, որն այսօր հանդուրժողականության օրինակ է դարձել աշխարհում, առանձին կրոնների ու դավանանքների միջև փոխադարձ հարգանքի ու վստահության, բազմամշակութային արժեքների օրինակ, այդ արժեքների պահպանումն ու զարգացումը պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է»:

Հավանաբար, Պետդեպարտամենտում ադրբեջանցի առաջնորդի պնդումներին այնքան էլ չեն հավատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---