Վարորդների հաշիվների սառեցումը, պատգամավորական նախաձեռնություններն ու թեժ գիծը. Նոր օրինագծերը կքննարկվեն աշնանը

Վարորդների հաշիվների սառեցումը, պատգամավորական նախաձեռնություններն ու թեժ գիծը. Նոր օրինագծերը կքննարկվեն աշնանը

PanARMENIAN.Net - Վերջին ամիսներին մի շարք վարորդներ բարձրաձայնեցին, որ երթևեկության կանոնները խախտելու մասին ժամանակին չեն ծանուցվել, սակայն ամիսներ անց տեղեկացել են, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կողմից իրենց բանկային հաշիվները սառեցված են կամ գույքն է կալանքի տակ` վարչական տուգանքը չվճարելու պատճառով:

Բանն այն է, որ 2014-ի սկզբից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն ոստիկանությունը կարող է առանց դատարան դիմելու` ԴԱՀԿ միջոցով սառեցնել իրավախախտ վարորդների բանկային հաշիվները:

Սակայն ամբողջ հարցը նրանում է, որ մարդիկ հաճախ անգամ տեղյակ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամ ոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ կամ հին հասցեին: Այդպիսի հասցեով ուղարկված վարչական տույժերը, որոնց մասին անձը չի էլ իմանում, միևնույն է՝ համարվում են անձին հանձնված և ուժի մեջ մտնում: Անձը ծանուցված է համարվում նաև այն դեպքում, երբ փոստատարը տանում է նամակը, բայց տանը մարդ չի լինում:

Հուլիսի 10-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվեց «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի և Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ նախագծով նախատեսվում է, որ «պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպություն պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ»:

Սա նշանակում է, որ եթե որևէ քաղաքացի ունի, օրինակ՝ 10.000 դրամի պարտավորություն, ապա բանկը կարող է նրա հաշվին արգելանք դնել միայն այդ չափով և ոչ մի դրամ ավելի: Հաշվի վրա եղած գումարների ամբողջական սառեցում չի թույլատրվում: Հակառակ դեպքում բանկը պարտավոր կլինի հատուցել քաղաքացուն պատճառված վնասը և բաց թողնված օգուտը:

Իսկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ հուլիսի 11-ին հայտարարեց, թե ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը:

«Խնդրո առարկան պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով: ՀՀ արդարադատության նախարարությունը, համագործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, ճանապարհներ է փնտրում նշված խնդիրը կարգավորելու համար: Հավաստիացնում եմ, որ հարցը գտնվում է իմ և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ուշադրության կենտրոնում և շատ կարճ ժամկետներում խնդիրը կստանա դրական լուծում՝ մեր քաղաքացիների իրավունքների վերականգնման և հետագա գործընթացներում նման բարդություններից զերծ մնալու տեսանկյունից»,- նշել էր նախարարը:

Բացի այդ ԴԱՀԿ-ն հայտարարություն տարածեց` նշելով, թե « խնդրի կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ»: Պարզաբանումը հիմնավորում են` ԴԱՀԿ-ի մասին օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը:

Համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց` իրենք տեղյակ են «ԴԱՀԿ մասին» օրենքի 43-րդ հոդվածի բովանդակությանը, բայց համաձայն չեն ԴԱՀԿ Իրավաբանական վարչության պնդման հետ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ օրենսդրական նախաձեռնությունները միայն օրենսդրական բացերի կարգավորման նպատակով չէ, որ ներկայացվում են, այլև տարընթերցումներից, կամայական մեկնաբանություններից և կիրառությունից խուսափելու նպատակով: Մենք այս փոփոխությամբ կանոնակարգում ենք ոչ թե ԴԱՀԿ գործունեությունը, այլ բանկերի և վարկային կազմակերպությունների` ասելով, որ եթե բանկը և վարկային կազմակերպությունը կալանք տակ են դնում քաղաքացու կամ իրավաբանական անձի բանկային հաշվի վրա ամբողջությամբ, և ոչ թե այն չափով, որքան նշված է ԴԱՀԿ-ի կատարողական թերթիկում, ապա դա անօրինական է, և բանկը կամ վարկային կազմակերպությունը պետք է պատասխանատվություն կրի հասցված վնասի կամ չստացված եկամտի համար»:

Հուլիսի 25-ին պատգամավորը ներկայացրել է օրենքի ևս մեկ նախագիծ, որի կարգավորման հիմնական առանցքն իրազեկումների առավել հստակ ընթակարգ սահմանելն է: Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է կիրառել դատական ծանուցումների դեպքում գործող մոդելը: Նախագծերը կքննարկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին:

Իսկ մինչև այդ` հուլիսի 17-ին արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ «ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով, մասնավորապես՝ բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին և դիմումներին օպերատիվ կերպով պատասխանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ ծառայության, ոստիկանության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:

Աշխատանքային խումբն օպերատիվ կերպով կարձագանքի քաղաքացիների ահազանգերին, մասնավորապես՝ այն դեպքերում, երբ անբողոքարկելի դարձած վարչական ակտերով քաղաքացիները չեն եղել պատշաճ ծանուցված, բանկային հաշիվների արգելադրումներն իրականացվել են բռնագանձման ենթակա գումարներից առավել մեծ ծավալով և այլ դեպքերում, որտեղ կարող են առկա լինել անձանց իրավունքների խախտումներ»:

Ի դեպ` աշխատանքային ժամերին գործում է նախարարության թեժ գիծը` (010) 31 91 74:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---