ԿՀՎ նախկին գործակալ Սնոուդենը խնդրում է երկարացնել իր ժամանակավոր ապաստանը ՌԴ-ում

ԿՀՎ նախկին գործակալ Սնոուդենը խնդրում է երկարացնել իր ժամանակավոր ապաստանը ՌԴ-ում

PanARMENIAN.Net - ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որը հայտնի դարձավ ԱՄՆ հետախուզության աշխատանքի մասին տեղեկատվության բացահայտման արդյունքում, փաստաթղթեր է ներկայացրել ՌԴ-ում ժամանակավոր ապաստանը երկարացնելու վերաբերյալ, հայտնել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:

«Էդվարդը նախկինի պես Ռուսաստանի տարածքում է գտնվում, այժմ մենք նախապատրաստել և ներկայացրել ենք անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,-մեջբերում է Կուչերենային LifeNews հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԿՀՎ նախկին գործակալի ժամանակավոր ապաստանի թույլտվության ժամկետը սպառվում է հուլիսի 31-ին: Սնոուդենի ամերիկացի փաստաբան Ջասելին Ռեդեկը ABC-ին տված հարցազրույցում նշել է, որ նա կամավոր չի ժամանել Մոսկվա: «Նա մտադիր էր Լատինական Ամերիկա թռչել և պետք է անցներ Մոսկվայի օդանավակայանի տարանցիկ գոտիով, սակայն հենց այդ պահին ԱՄՆ-ում չեղարկեցին նրա անձնագիրը»: Այնուամենայնիվ, ինչպես հայտարարել է փաստաբանը, այժմ Սնոուդենը «առավելապես անվտանգ վայրում է գտնվում»:

Ռեդեկն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ երեքշաբթի Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարեց, որ Սնոուդենին հարկավոր է ԱՄՆ վերադարձնել: «Նա ընդամենը մոտ 30 տարեկան է, անշուշտ, նա չի ցանկանում կյանքի մնացած մասն անցկացնել աշխարհով մեկ փախուստի մեջ ամեն անգամ ապաստան խնդրելով»,-հայտարարել է քաղաքական գործիչը: Մինչդեռ, Գերմանիայի կանաչների կուսակցությունից պատգամավոր և Ազգային անվտանգության գործակալության անդամ Կոնստանտին ֆոն Նոտցը մեղադրեց Գերմանիայի կառավարությանը «ցինիկ վարքագծի» մեջ՝ հայտարարելով, որ «արևմտյան ժողովրդավարությունների՝ մասնավորապես, Գերմանիայի ու ԱՄՆ համար խայտառակություն է, որ Սնոուդենը ստիպված է մնալ այնպիսի բռնակալ առաջնորդի հսկողության տակ, ինչպիսին Վլադիմիր Պուտինն է, քանի որ նա չի կարող ապաստան գտնել ԱՄՆ-ում կամ Գերմանիայում», Deutsche Welle-ի վրա հղումով, հայտնում է The Moscow Times-ը:

Ռուս իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինան իր հերթին հայտարարել է, որ հավանաբար Մոսկվան կերկարացնի ՌԴ-ում ԿՀՎ նախկին գործակալի ժամանակավոր ապաստանի թույլտվությունը:

2013-ի հունիսին Սնոուդենը մի շարք գաղտնի նյութեր փոխանցեց Washington Post և Guardian թերթերին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ինտերնետում իրականացվող հետևելու ծրագրերի մասին: Ըստ Ազգային անվտանգության գործակալության, լրագրողների ձեռքում կարող էր հայտնվել մոտ 200 հազար գաղտնի փաստաթուղթ: Նյութերը փոխանցելուց հետո Սնոուդենը մեկնել էր Հոնկոնգ, իսկ 2013-ի հունիսի 23-ից գտնվում էր Մոսկվայի «Շերեմետյևո» օդանավակայանի տարանցիկ գոտում: 2013-ի օգոստոսին նա ժամանակավոր ապաստան ստացավ Ռուսաստնում մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---