Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի 1-ին այցը ՀՀ․ Ուշադրության կենտրոնում ԼՂՀ հիմնախնդիրն է

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի 1-ին այցը ՀՀ․ Ուշադրության կենտրոնում ԼՂՀ հիմնախնդիրն է

PanARMENIAN.Net - Երևանում է Հայաստանում տարածաշրջանային այցով գտնվող Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, ում երեկ՝ հուլիսի 30-ին, արդեն հասցրել են ընդունել ՀՀ նախագահն ու արտգործնախարարը: Արդեն այսօր՝ հուլիսի 31-ին, նա հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանային գործակցության խթանմանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման և միջազգային հանրության ջանքերը սպառազինությունների վերահսկման խնդիրներին սևեռելու անհրաժեշտության վրա:

Հերբերթ Զալբերն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը միանշանակ ընդունում է ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, սակայն պատրաստակամ է ուժերի ներածին չափով ներդրում անել խաղաղ կարգավորման հասնելու գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը և վստահեցրել, որ մեր երկրում պատրաստ են կառուցողական գործակցության:

Հերբերտ Զալբերն իր հերթին նշել է, որ իր նշանակմամբ Եվրամիությունը ցանկանում է առկա հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու և գործակցության պատրաստ լինելու ազդանշան հղել: Նրա խոսքով, նշանակումից կարճ ժամանակ հետո իր այցը տարածաշրջանի երեք երկրներ միտված է հենց այդ նպատակին:

Հանդիպմանը ՀՀ նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու գործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել, որ Եվրամիությունը տարբեր մակարդակներով իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանը:

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը, ըստ որի Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Նրա խոսքով, նման մոտեցման գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ անցած ավելի քան երկու տասնամյակում այդ խումբը կուտակել է զգալի փորձ և ինստիտուցիոնալ հիշողություն: Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ:

Նախագահը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը չի ընդունում այդ սկզբունքները, թեև հայտարարում է հակառակը, ու այդ իսկ պատճառով այդ սադրանքներ է հրահրում և մեծացնում շփման գծում լարվածությունը, մշտապես մերժում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, Մինսկի խումբն այդ գործընթացում ընդամենը միջնորդ է, որն իր լիազորությունների շրջանակում անում է հնարավորը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հույս է հայտնել, որ Զալբերը կօգտագործի ԵԱՀԿ շրջանակում ձեռք բերված փորձն իր առաքելության իրականացման ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, կարևորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին ԵՄ շարունակական աջակցությունը։

Նախարար Նալբանդյանը նույնպես հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող սադրիչ գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին:

Անդրադարռնալով Հայաստան-ԵՄ գործակցությանը, նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ վերահաստատվել է կողմերի հանձնառությունը` զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ գործակցությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---