Ադրբեջանն այլևս ի վիճակի չէ թաքցնել իր դիվերսանտների դիակները. Որքա՞ն էին նրանք իրականում

Ադրբեջանն այլևս ի վիճակի չէ թաքցնել իր դիվերսանտների դիակները. Որքա՞ն էին նրանք իրականում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը շարունակում է կորուստներ կրել իր իսկ դիվերսիաների հետևանքով, որոնք Արցախի ու Հայաստանի ԶՈւ-ն կանխում են:

Վերջին տվյալներով, օգոստոսի լույս 1-ի գիշերն Ադրբեջանը 11-14 սպանված է ունեցել և մոտ 30 վիրավոր:

Ինչպես գրում է Voskanapat.info-ն, Արցախի և Ադրբեջանի շփման գծում ոչնչացվել է հակառակորդի առնվազն 14 դիրվերսանտ: Մարտական բախումներ են եղել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում:

Ինչպես հայտնել է ԼՂՀ ՊԲ այդ ուղղությամբ մարտական ծառայություն իրականացնող զինվորական ստորաբաժանման հրամանատարի տեղակալը, հայ մարտիկները ծուղակ էին սարքել ռազմական հետախուզության տվյալների հիման վրա, որը հայտնել էր միանգամից մի քանի ուղղություններով Մարտակերտի ու Ասկերանի շրջանների ուղղությամբ պատրաստվող դիվերսիայի մասին:

Ուղիղ ժամը 00։00-ին ծուղակի շրջանում են հայտնվել ադրբեջանցի դիվերսանտները:

«Մեր մարտիկներն ամեն ինչ արեցին միանգամայն գրագետ ու քաջարի,- ասել է գնդապետ N-ը: -Ոչնչացվել է առնվազն 14, վիրավորել՝ 25-30 ասկյար»:

«Ադրբեջանական կողմը հայտնել է 8 կորուստի մասին: Նրանք ասում են նաև, թե դիվերսիան, իբր, մեր կողմից է եղել և ՊԲ-ն մեծ կորուստներ է կրել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր կողմից ոչ մի կորուստ չկա: Մեզ հաջողվեց կասեցնել հակառակորդի դիվերսիան, ձեռնարկված միանգամից մի քանի ուղղություններից, և անել դա գրագետ, հաշվի առնելով սեփական մարտիկների անվտանգության ապահովումը: Մի անգամ ևս կրկնում են՝ մենք հաշվեցինք հակառակորդի 14 դիակ: Սա՝ առնվազն: Հակառակորդը շատ վիրավորներ ունի, մինչև երեք տասնյակ, չեմ կարծում, թե նրանք բոլորը կապրեն»:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես հաստատել է, որ այս գիշեր հայկական զինված ուժերը որևէ կորուստ չեն տվել, գրում է Panorama.am-ը։

Վերոնշյալ գնդապետը նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ սահմանին համեմատական անդորր է:

Խախտելով իր իսկ ավանդույթը, երբ Ադրբեջանը թաքցնում է իր զինծառայողների դիակները, որոնք հետո «ի հայտ» են գալիս որպես տարբեր դժբախտ պատահարների զոհեր, այս անգամ Բաքուն ստիպված է խոստովանել, թեկուզ մասնակիորեն, իր մարտական կորուստների մասին:

Այդպես, ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը հայտնել է երկու ադրբեջանական զինծառայողների անունը, որոնք զոհվել են շփման գծում Տերտերի շրջանի Գափանլի գյուղի մոտ՝ Վյուղար Փոլադով և Էլնուր Իբրահիմով: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, զոհվել է Ադրբեջանի ևս 8 զինծառայող:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում նաև ասվում է, որ հուլիսի 31-ին ժամը 20:00-ին հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում զոհվել է 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուն, որը զորակոչված էր Ղազախի շրջանից:

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու կրելով բազմաթիվ կորուստներ` հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ՝ 1994-ին ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:

Մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Անհաջող հարձակման մասին հաղորդագրությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի ադրբեջանական կողմի կորուստների մասին տեղեկատվությունն «անհիմն է»:

Սակայն 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտնել է ադրբեջանական բանակի զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար օղլուի մահվան մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ն, «պատահարն արձանագրվել է Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտ»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---