Հակառակորդը մարտադաշտում հատուկ նշանակության զինատեսակներ ու տեխնիկա է թողել․ ԼՂՀ ՊՆ-ի լուսանկարները

Հակառակորդը մարտադաշտում հատուկ նշանակության զինատեսակներ ու տեխնիկա է թողել․ ԼՂՀ ՊՆ-ի լուսանկարները

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները հայկական կորուստների մասին անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ինչպես արդեն հաղորդվել է, պաշտպանության բանակը տվել է 1 զոհ, 3 զինծառայող ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և 3 վիրավոր, իսկ արևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր: ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում հակառակորդը, խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ (РГ-7 АТР), 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ (РГ-6), 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ (АКМ, 7.62 мм), 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց (Тадиран ПНР-500), 2 հակատանկային ական (ТМ-57), 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական (МОН-50), 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:

Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել է նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:

Ադրբեջանական APA-ն իր հերթին գրում է, որ «Տերտերի ու Աղդամի շրջանում վիրավորներված զինծառայողներին 2 ուղղաթիռով տեղափոխել են Բաքվի զինհոսպիտալ»։

Մարտակերտի ուղղությամբ դիվերսիային դիմակայության ընթացքում հայկական կողմը կորուստ է տվել՝ զոհվել է ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը: Ավելի ուշ Արցախի նախագահի հրամանով հայ զինվորը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Մինչև այդ, Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---